ՀԱՊԿ-ում արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը կազմակերպությունը կապում է մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտ չի ստացել Երևանից, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին», – ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։