Մելինե Միլիտոսյանն ավտոբուսում մի երիտասարդի թույլ չի տվել լուսանկարել ավտոբուսի աղջիկներից մեկին։
«Մենք նստած էինք նույն շարքում։ Հանկարծ երիտասարդի հեռախոսի դիրքից հասկացա, որ պատրաստվում էր լուսանկարել՝ zoom էր փորձում անել։ Աղջիկը, որին ուզում էր լուսանկարել, բավական գեղեցիկ կառուցվածք ուներ, հագել էր ջինս և տոպ։ Երևույթը նկատելուն պես երիտասարդին ասացի՝ չհամարձակվես, ինքն անմիջապես հասկացավ ու պահեց հեռախոսը»,- ասում է Միլիտոսյանը։
Աննա Աբաջյանն այնքան հաջողակ չի եղել, ու նրան կանգառում գաղտնի տեսանկարահանել են։ Տեսանյութում Աննան եղել է միջին երկարության զգեստով, ու տեսանյութը բուռն տարածում է գտել տիկտոկյան տարբեր ալիքներում։
«Տեսանյութը նկարահանվել է Մասիվի կանգառներից մեկում գիշերվա ժամը 22.00-ին: Հեղինակն այդ տեսանյութը տեղադրել է Տիկտոկի իր էջում, որտեղ այն հավաքել է մեծ թվով դիտումներ: Ես բլոգեր եմ, ու հետևորդներիցս մեկն ինձ նամակ էր գրել, որ տիկտոկյան ինչ-որ ալիքում այդ տեսանյութն է տեսել ու հագուկապով ինձ է նմանեցնում տեսանյութի աղջկան։ Հագուկապով էր նմանեցրել, որովհետև տեսանյութում դեմքս չէր երևում, ես մեջքով եմ կանգնած եղել։ Տեսանյութը տեսնելուց հետո, ցավոք, պարզ դարձավ, որ ես եմ»,- ասում է Աբաջյանը։
Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում ակտիվացել են խմբեր, որոնք հասարակական վայրերում գաղտնի լուսանկարում և տեսանկարահանում են կանանց ու աղջիկների ոտքերը, կուրծքը, կիսաշրջազգեստի տակ և այլն, ապա տարածում նյութերը Տելեգրամի և Տիկտոկի իրենց ալիքներում։ Լուսանկարներն ու տեսանյութերը տեղադրելուց հետո այդ խմբերի անդամները սկսում են 18+ քննարկումներ ծավալել արված լուսանկարների, տեսանյութերի և դրանց հերոսների մասին։
Իր մասնակցությամբ տեսանյութը տեսնելուց հետո Աբաջյանը գրել է Տիկտոկի «@davjannn0» անունով օգտատիրոջը, ում էջում տեղադրված է եղել տեսանյութը՝ ցանկանալով վերցնել տվյալ անձի հեռախոսահամարը՝ նրա հետ զրուցելու նպատակով։ Սակայն օգտատերը ոչ միայն նրա նամակին չի պատասխանել, այլև անմիջապես ջնջել է տիկտոկյան իր էջը։
«Ոստիկանություն չեմ դիմել, բայց իմ էջում անընդհատ գրառումներ եմ արել այդ թեմայով ու նշել եմ ոստիկանությանը։ Ոստիկանություն չդիմելուս հիմնական պատճառն այն է, որ չեմ պատկերացրել խնդրի լրջությունը և չեմ իմացել, որ երևույթը այդչափ տարածում ունի։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ ինձ ասացին, որ եթե տվյալ օգտատիրոջ էջը չկա, ոստիկանությունը ոչինչ չի կարող անել»,- նշում է Աբաջյանը։
Ըստ ոստիկանության՝ գաղտնի լուսանկարելն ու տեսանկարահանելը, ապա այդ նյութերը տարածելը քաղաքացիաիրավական հարթության խնդիր է։ Քաղաքացին կարող է դիմել դատարան ու պատիվ պահանջել իր անձնական տվյալները տարածելու համար, իսկ եթե այդ նյութերը տարածում են շորթման նպատակով կամ իրականացնում են գործողություններ, որոնք հանցակազմ են պարունակում, այդ դեպքում քաղաքացին կարող է դիմել իրավապահ մարմիններին։
Իրավաբան Արտաշես Խալաթյանը նշում է, որ տեսանյութում տուժողի դեմքի կամ տեսանյութը տարածողի էջի բացակայության պարագայում էլ հնարավոր է բավարար հիմք գտնել քրեական գործ հարուցելու և գործին ընթացք տալու համար։
«Ուրիշ հարց է՝ հետագայում կկարճվի՞ գործը, թե՞ այլ բան կլինի, բայց սկզբնական փուլում հնարավոր է քրեական գործ հարուցել և ընթացք տալ այդ գործին։ Իսկ կարճվել գործը կարող է, օրինակ՝ հանցակազմի բացակայության, հանցադեպի բացակայության կամ գործի վաղեմության ժամկետը լրանալու պատճառով»,- ասում է իրավաբանը։
Խոսելով խնդրի օրենսդրական կարգավորման մասին՝ Խալաթյանը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մասնակիորեն է կարգավորում մարդկանց լուսանկարելն ու տեսանկարահանելը՝ ընդգծելով, որ կան մարդուն լուսանկարելու կամ տեսանկարահանելու մի շարք դրսևորումներ, որոնք թեև իրավաչափ չեն, սակայն հանցագործություն չեն և կարող են որակվել, օրինակ՝ որպես վիրավորանք և վիճարկվել քաղաքացիադատավարական կարգով դատարանում․
«Քրեորեն պատժելի արարք է, օրինակ՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, հանցագործություն՝ շորթում է անձի ինտիմ կյանքի կամ այլ անձնական հանգամանքների վերաբերյալ նյութեր հրապարակելու սպառնալիքով այդ անձից դրամ, գույքի նվիրատվություն պահանջելը կամ այլ գույքային պահանջներ ներկայացնելը։ Բայց անձին գաղտնի կերպով կամ առանց այդ անձի համաձայնության լուսանկարելը կամ տեսանկարահանելը ինքնին հանցագործություն չէ, եթե չկան Քրեական օրենսգրքով առկա որոշակի հանգամանքներ»։
Այս համատեքստում հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցնում է պետությանն ակտիվ կանխարգելիչ և պատժիչ միջոցներ ձեռնարկել մարդու ապօրինի լուսանկարման և տեսանկարահանման դեմ։
Դրանք որակվում են որպես մարդու անձնական կյանքի իրավունքի և անհատականության կարևոր տարր, ուստի ենթակա են պաշտպանության պետության կողմից։ Կարևոր է նաև համաչափության սկզբունքի պահպանումը, որը ենթադրում է անձի ոչ իրավաչափ լուսանկարման կամ տեսանկարահման դրսևորումները համարել հանցավոր։
Իրավաբանը բավական արդյունավետ է որակում, օրինակ՝ վիրավորական բնույթ կրող լուսանկարները կամ տեսանյութերը վիճարկել դատական կարգով, որի դեպքում հնարավոր կլինի իրավախախտից մինչև 1 մլն դրամի չափով գումար և հրապարակային ներողության հնարավորություն ստանալ։
Իրավաբանը լուսանկարման և տեսանկարահանման մասին գործող օրենսդրությունը որակում է բավական արդյունավետ՝ նշելով, որ այլ հարց է իրավակիրառ պրակտիկան, որը կատարելագործման կարիք ունի, ներառյալ՝ քննարկվող բնույթի գործերով իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների վերապատրաստման անհրաժեշտությունը։
Համացանցում տարածված վերոնշյալ լուսանկարներում կանանց և աղջիկներին գաղտնի լուսանկարող անձանցից մի քանիսը քննարկում են «ճիշտ» լուսանկարելու և տեսանկարահանելու ձևերը։ Քննարկումից պարզ է դառնում, որ նրանք օգտագործում են ծրագրեր, որոնք նրանց թույլ են տալիս անջատված էկրանով տեսանկարահանել և լուսանկարել։
Ծրագրավորող Սամվել Հայրապետյանն ասում է, որ նման ծրագրեր շատ կան, որոնք բոլորն էլ աշխատում են նույն ձևով։
«Այդ ծրագրերը միմյանցից տարբերվում են միայն իրենց անվամբ և գործառույթներով։ Կան անվճար և վճարովի տարբերակներ, որոնք բոլորն էլ հասանելի են մարդկանց, և յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել դրանք։ Իսկ ինչ վերաբերում է խնդրի լուծմանը համացանցային հարթակում, ասեմ, որ այս առումով իրատեսական լուծումներ բացարձակապես դեռ չկան, և դա ոչ միայն մեր երկրում։ Խնդիրն առկա է նաև Եվրոպայում, բայց, օրինակ՝ երբ Եվրոպայում նման բան է պատահում, նրանց ուժային կառույցները շատ արագ գտնում ու պատժում են այդ անձանց, իսկ մեզանում՝ ոչ»,- ասում է մասնագետը։
Հայրապետյանը նշում է, որ կարելի է նաև բազմաթիվ սփամների արդյունքում տվյալ սոցկայքը, ալիքը, էջը կամ պրոֆիլը ջնջել, բայց դա երաշխիք չէ, որ նորը չեն բացի և նորից նույնը չեն շարունակի։ Խնդրի լուծման միակ իրատեսական ելքը մասնագետը տեսնում է ուժային կառույցների ճիշտ աշխատանքի մեջ։
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նախընտրեց չմեկնաբանել խնդիրը՝ նշելով, որ չմեկնաբանելու համար կան մի քանի պատճառներ։ Առաջինն այն է, որ երևույթի մասին ավելի շատ խոսելը կնպաստի դրա էլ ավելի տարածմանը։ Երկրորդ՝ բացի անձնական տվյալների պաշտպանության իրավունքից, խախտվում են նաև հարակից այլ իրավունքներ, այդ թվում՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը և այլ իրավունքներ։
Ըստ Հայրապետյանի՝ խնդիրն այդքան էլ լուրջ չէ, որովհետև այդ ալիքները շատ դիպվածային, ոչ շատ օգտատերեր ունեցող, արագ փակվող, հետո նորից բացվող ալիքներ են, որտեղ երբեմն, բացի այդ լուսանկարներից կամ տեսանյութերից, զուգահեռաբար նաև էրոտիկ բնույթի այլ նյութեր են լինում։ Նկարում են ոտքերը, կիսաշրջազգեստի տակ և այլն, իսկ մարդկանց դեմքերը ոչ միշտ են երևում։
«Այնուամենայնիվ, կախված միջամտության պայմաններից (որքանով է նույնականացվում նկարվողը, որտեղ են նրան նկարել, ինչ անելիս և այլն)՝ անձին առանց իր համաձայնության լուսանկարելը, տեսանկարահանելը և հրապարակելը կարող է հանգեցնել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի պարզ խախտումից և վարչական պատասխանատվությունից մինչև անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և քրեական պատասխանատվության»,- ասում է Հայրապետյանը։
Անի Մարտիրոսյան
MediaLab.am