Որևէ բուհի, այդ թվում՝ Կոնսերվատորիայի փակման մասին խոսք չկա. այսօր կլինի պաշտոնական պարզաբանում. ԿԳՄՍՆ

Մինչ կրքերը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ եռում են՝ վեր հանելով հնարավոր զարգացումների մասին տարբեր սցենարներ, պատասխանատու գերատեսչությունը վստահեցնում է, որ որևէ բուհ, այդ թվում՝ Կոնսերվատորիան, չի փակվում։

«Այսօր պարզաբանում կլինի նախարարության կողմից, դրանով զբաղվում է Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեն, բայց փակվելու մասին խոսք չկա, եթե մասնավորապես խոսում եք Կոնսերվատորիայի մասին»,- «Մեդիալաբին» այս մասին ասաց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանը ու վստահեցրեց, որ որևէ բուհի փակման մասին խոսք չկա։ 

Հիշեցնենք, որ մի քանի օր է կրթհաստատության շուրջ կրքերը թեժացել են: Մի կողմից խոսվում է Կոնսերվատորիայի շենքի տեղափոխության, մյուս կողմից բուհը փակելու եւ այլ հաստատության հետ միավորելու մասին:

«ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»,-նշված է ժամեր առաջ հրապարակված Կոնսերվատորիայի ռեկտորատի հայտարարության մեջ:

«Խոսքն այն մասին է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր Ակադեմիական քաղաքի շրջանակում, այնտեղ կա արվեստի կլաստեր, որի ձևավորման առաջարկը նախապատրաստելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ»,-պարզաբանում է ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը:

Այս գործընթացը, ըստ գերատեսչության խոսնակի չի նշանակում, թե մենք ապագայում չենք ունենալու Կոնսերվատորիա, նման բան չի կարող լինել։ 

Դիտարկմանը, որ կոնկրետ Կոնսերվատորիայի աշխատակազմն ասում է, թե իրենք չեն ուզում վերածվել ֆակուլտետի, Մանուկյանն ասում է, որ այսօր այդ հարցի վերաբերյալ լինելու է պարզաբանում։

«Բուհ փակելու մասին խոսք չկա, խոսքն արվեստի կլաստերի մասին աշխատանքային խմբի ձևավորման մասին է, ձևավորվում են աշխատանքային խմբեր, որոնք հարցեր են քննարկում, բայց բուհեր փակելու մասին խոսք չկա։ Այսօր կլինի պաշտոնական պարզաբանում և՛ Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի, և՛ նախարարության կողմից»,- եզրափակեց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Լուսանկարը՝ ԵՊԿ

MediaLab.am