«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– «…Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի հոդվածից, որում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Պարո՛ն Սարգսյան, որո՞նք են այդ նախադրյալները, որ կբերեն խաղաղության, կա՞ն դրանք:
– Նախադրյալների մասին խոսելիս պետք է տեսնել, թե ի՛նչ չափանիշով է առաջնորդվում գործող իշխանությունը: Իմ գնահատմամբ՝ հիմնականն այն է, որ եթե մենք միջազգային հարաբերություններում, կոնկրետ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ պահանջ չունենանք, որը, իրենց ասած, դուրս է գալիս մեր միջազգային ճանաչված իրավունքներից, դա նախադրյալ է, այն, ինչ կոչում են լեգիտիմ: Լինել լեգիտիմ՝ նախադրյալ է: Երկրորդը՝ բարի կամքն է, որ ասում են՝ էսկալացիայի որևէ հիմք չկա, այսինքն՝ նորից գնահատվում է՝ ըստ այդ լեգիտիմության:
Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, իհարկե դժվար է ասել, այստեղ պետք է տեսնել՝ Ադրբեջանն ու իրեն պաշտպանող Թուրքիան ունե՞ն այն մոտեցումները, ինչ մենք, թե՞ ոչ: Մենք դա չենք տեսնում իհարկե, որովհետև Ադրբեջանը ներկայացնում է ավելացվող պահանջներ Հայաստանին, իսկ Թուրքիան էլ պարբերաբար, ամենաբարձր մակարդակով՝ ԱԳՆ-ի կամ նախագահի, ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի այդ մտահոգությունները, իրավունքները, այսինքն՝ ունեն նույն դիրքորոշումները:
Այստեղ արդեն հարցեր են առաջանում՝ ի՞նչ հույսով է ասվում, թե այդ նախադրյալները գոյություն ունեն: Իշխանություններին պաշտպանող տարբեր քաղաքագետներ մի փաստաթուղթ են վկայակոչում՝ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների հիմքում ընկած, որը գնահատվում է շատ կարևոր մի բան, որովհետև դա օրինակ է, թե ինչ ճանապարհով պետք է գնան՝ դեմարկացիան պետք է լինի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, չնայած համատեղ գործունեության կանոնակարգում գրված է, որ այն կարող է փոխվել: Այսինքն՝ Հայաստանն այդ փաստաթղթով ընդունել է, որ կարող է այս սկզբունքը փոխվել, բայց ի՛նչ սկզբունք պետք է լինի, գրված չէ: Ամեն ինչի հիմքում հույսն է դրված, բարի կամքը, բայց միջազգային հարաբերություններում բարի կամքի հիման վրա երբևէ որևէ հարց չի լուծվում, մանավանդ՝ խաղաղության խնդիրը:
Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, դա անցած աշխարհի թեզ է, նման թեզերի մասին այսօր խոսելն անիմաստ է, Թրամփի ընտրվելուց հետո շատ շատերը հասկացան, որ այս աշխարհը շատ ավելի ռադիկալ է փոխվում, քան թվում էր: Տեսնում ենք, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս տարբեր կազմակերպություններից, միջազգային կարևոր ինստիտուտներից, ու երբ Հայաստանում խոսում են լեգիտիմության մասին, հիմնականում, որ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն է, Արցախի հետ կապված թուլությունն այն էր, որ Արցախը ճանաչված չէր, բայց Հայաստանը ճանաչված է, ու ոչ մեկը չի կարող բան անել:
Այս շատ վտանգավոր միամտությունը բերում է նրան, որ հույսը ինչ-որ բանի վրա դնեն, բայց իրականում այդպես չէ, մենք տեսնում ենք՝ մեր հակառակորդն ինչպես է աշխատում, այ հիմա Ռուսաստան-Ադրբեջան, բոլորը հետևում են՝ ինչ է կատարվում, ինչո՛ւ է Ադրբեջանը սրում այդ հարաբերությունները, Ռուսաստան էլ ինչ-որ ջղաձիգ քայլեր է անում:
Բայց պարզ բան է, չէ՞, երբ Ռուսաստանի ռեսուրսը մաքսիմալ օգտագործել են Ռուսաստանի հետ հարաբերություններում, Ռուսաստանի ձեռքով Արցախն են վերցրել և այլն, հիմա շատ հանգիստ Ադրբեջանը մյուս խնդիրներն է դնում: Արդեն իսկ պարզ է, մեծ շանսեր կան ԱՄՆ-ի նոր նախագահի հետ հարաբերություններ ստեղծել՝ հասկանալով, որ նա լրիվ ուրիշ գործելաոճով է աշխատում, ու Ադրբեջանը շատ հանգիստ գնում է այդ քայլերին:
– Իսկ Փաշինյանի հոդվածի ուղերձը ո՞րն էր, ո՞ւմ և ի՞նչ էր ասում:
– Ոչ մի բան, ուղղակի պարզ նորից տալիս է իր պատկերացումները խաղաղության մասին, ուրիշ ոչինչ, որևէ նոր բան չկա:
– Այդ պատկերացումներն այսօրվա աշխարհում ընկալվո՞ւմ են:
– ԱՄՆ-ն դեռ անցյալ տարվանից է ցույց տվել, թե որտե՛ղ է գտնվում Հայաստանն իրենց շահերում, Փաշինյանի վերջին այցելությունն էլ ԱՄՆ նույնը ցույց տվեց՝ դուք այն երկիրը չեք, որը լուրջ շահերի մեջ է, ռազմավարական: Սա է շատ կարևոր, ու ես կարծում եմ, որ գուցե հենց դա էր պատճառը, որ Փաշինյանը մի անգամ էլ է որոշել ցույց տալ, որ ինքը նախադրյալներ է տեսնում: Բայց այս վերջին տարիներն էլ, մեր կորուստներն էլ, կոնկրետ Ադրբեջանի հաջողությունները պարզ ու հստակ ցույց տվեցին, որ նախադրյալները լրիվ ուրիշ տեղ են: Նախադրյալներն այնտեղ են, թե ո՛նց եք դուք իրականությունն ընդհանրապես գնահատում:
– Պարո՛ն Սարգսյան, այսինքն՝ ԱՄՆ նոր վարչակազմից մեծ հույսեր ունենալ պետք չէ՞:
– Խնդիր չկա, միշտ կարող եք հույս ունենալ, բայց դուք պետք է կարողանաք ստանալ ձեր ուզածը, հասկանո՞ւմ եք, աշխարհն այդպես է: Քաղաքականությունը շատ կոնկրետ է՝ ի՛նչ խնդիր եք դրել, դուք հասե՞լ եք դրան, թե՞ չեք հասել: Հայաստանում շատերին թվում է, թե տնտեսական հարաբերություններ ստեղծեն, հարցեր կլուծվեն ու վերջ, կարծես Հայաստանի խնդիրը դա է ու վերջ: Հայաստանի այս մնացորդի խնդիրն է պետք գտնել, շատերին թվում է, թե խնդիր չկա, Փաշինյանն էլ է այդպես ասում՝ որևէ խնդիր չկա, մնում է փաստաթուղթը ստորագրեն ու գնան իրենց գործերով զբաղվեն:
Բայց ես կարծում եմ, որ այդպես չէ, բազմաթիվ երկրների համար այս փոփոխությունների դարաշրջանում գոյություն ունի իրենց լինել-չլինելու խնդիրը: Ձեր գոյատևելու իրավունքը ճանաչվո՞ւմ է այս նոր աշխարհում, թե՞ ոչ: Ֆունդամենտալ խնդիրը սա է, ու Հայաստանի դժվարությունն այն է, որ շատերը դա չեն հասկանում: Ռուսաստանը հազար անգամ ասել է, որ Հայաստանն առանց իրենց ապագա չունի, սահմանները չեն ճանաչում, Ադրբեջանն ընդհանրապես չի ճանաչում նման պետություն ու պետություն սարքելու հայերի իրավունքը: Թուրքիան այս հարցերում Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ է:
Գերխնդիրը սա է, եթե այս հարցում լուծում չեք տեսնում՝ ո՞նց եք խոսում մնացած հարցերի մասին, ի՞նչ տնտեսական, ո՞վ է ձեզ հետ խոսելու: Խնդիրը դա է՝ ճանաչո՞ւմ են այս պետության գոյատևման իրավունքը, եթե այս հարցը դրվի՝ բոլորը մի քիչ ուրիշ ձևով կնայեն՝ պարզ ու հստակ:
– Այդ հարցն օրվա իշխանությո՞ւնը պետք է դնի:
– Թող Հայաստանում որևէ մեկը դնի՝ այս հարցը լուծվա՞ծ է, իհարկե լուծված չէ: Իսկ եթե սա լուծված չէ՝ դուք չեք կարող որևէ այլ խնդիր լուծել: Ասում են՝ խոսենք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, ճանապարհը բացեք Մեղրիով և այլն, բայց ինքը քո հետ չի խոսում, քեզ հետ այդ հարցով չեն խոսում, իրենք խոսում են միմյանց հետ, ուրիշների հետ, գերտերությունների հետ, բայց քեզ հետ այդ հարցով չեն խոսում, դու ո՞վ ես, որ խոսեն:
Ալիևը պարզ ասել է՝ Հայաստանն այն կողմը չէ, որի հետ սա պետք է քննարկենք, Հայաստանն այստեղ ասելու բան չունի: Փաստորեն, մենք պետք է մեր գոյության իրավունքի մասին խնդիրը դնենք ու պարտադրենք, որ այդ իրավունքն ընդունվի: Այո՛, պետք է պարտադրես, որ իրենց բերանով ասեն, որ Հայաստանն այսպիսի պետություն է, նման իրավունք ունի, մենք նրա հետ հարաբերություններ կհաստատենք: Մնացած հարցերը անիմաստ են, քանի քեզ չեն ճանաչել բանակցային կողմ, բայց հիմա մեզ հետ չեն խոսում:
Կարծում եմ, որ Փաշինյանը սա փայլուն գիտի ու ԱՄՆ-ից գալուց հետո ավելի լավ հասկացավ դա, որ որպես պետություն չի հասել այն կետին, որ իր հետ խոսեն: Իրականությունը սա է, ու այն պետք է ճանաչել, հասկանալ: Պետք է պայքարել քո՝ որպես սուվերեն պետության գոյության իրավունքի համար, իսկ դու դա պետք է անես այն պետությունների հետ, որոնք շահագրգռված են այդ հարցում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















