«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը
– Տիկի՛ն Սահակյան, մինչ օրս հայ ռազմագերիների հստակ թիվ չի նշվում, Լավրովն էլ իր հերթին մեղադրում է, թե հայկական կողմը ռազմագերիների ամբողջական ցուցակ չի ներկայացրել: Այս պահին գոնե մոտավոր գիտե՞նք, թե քանի գերի կա Ադրբեջանում: Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս:
– Այո՛, մենք ուսումնասիրում ենք դեպքերը, ընտանիքի անդամները կապ են հաստատում, ներկայացնում են որոշակի ապացույցներ, իրենց կողմից պարզված հանգամանքներ, և կարող ենք վստահորեն ասել, որ 150-ին մոտ հայ գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում:
Ընդ որում, այդ 150 դեպքը չունի վիճելիություն, մենք այստեղ ունենք անհերքելի ապացույցների բազա, և գերեվարումը չի կարող վիճահարույց լինել:
Ինչ վերաբերում է ենթադրյալ գերեվարության դեպքերին, ապա դրանց թիվը կարող է ավելի մեծ լինել: Այո՛, ենթադրյալ գերեվարության դեպքերը ևս գտնվում են մեր ուսումնասիրության ներքո: Այս դեպքում թվաքանակը կարող է մոտ 100-ով ավելանալ:
– Այդ ենթադրյալ գերեվարվածների թվի մեջ նաև անհայտ կորածնե՞րն են:
– Անհայտ կորածները, կարծում եմ՝ առանձին խումբ են: Վերջիններիս պարագայում գերեվարման ավելի մեծ կանխավարկած կա, քան մարտի դաշտում զոհվելը:
Պարզապես դիակ հայտնաբերված չէ, և այն հանգամանքները, որում զինծառայողները անհետացել են, որոշակի ապացույցների համակցությամբ խոսում է գերեվարման ավելի մեծ կանխավարկածի մասին, քան զոհվելու:
– Կին գերիների մասով տեղեկատվության տիրապետո՞ւմ եք, մոտավորապես քանի՞ կին գերու մասին է խոսքը:
– Մենք նախնական նշել ենք, որ շուրջ 10 կին գերեվարված անձի մասին ունենք տեղեկություններ: Ընդ որում՝ մի մասը հայրենադարձվել է, սակայն այս պահին մեր տեղեկություններով, դեռևս շուրջ 5 գերեվարված անձ գտնվում է Ադրբեջանում:
– Լիբանանահայ Մարալ Նաջարյանի մասին նշվում է, որ գտնվում է Բաքվի բանտերից մեկում: Նրա մասին ունե՞ք տեղեկություն: Ընդհանրապես, որտե՞ղ են գտնվում այդ 5 կանայք:
– Թե կոնկրետ որտեղ են գտնվում, այդ մասին տեղեկատվություն չունենք: Դրանք միգուցե օպերատիվ տվյալներով հնարավոր է հավաքել: Իհարկե ցանկալի կլիներ, որ դա հավաքվեր, ուսումնասիրվեր, դրա հիման վրա քայլեր ձեռնարկեին իրավապահ կամ ազգային անվտանգության մարմինները:
Մենք ունենք ապացույցներ գերեվարման հանգամանքների առնչությամբ: Դեպքը գտնվում է ՄԻԵԴ-ում, պաշտոնական տեղեկատվություն գտնվելու վայրի հանգամանքների և պահման պայմանների վերաբերյալ Ադրբեջանի պետությունը չի ներկայացնում:
Այսօր ձևական է Ադրբեջանի համագործակցությունը Եվրոպական դատարանի հետ, իսկ տրված տեղեկությունը որակյալ չէ:
– Օրերս ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նյութ հրապարակեց, որում նշել էր, որ անհայտ կորածն արդեն 20 օր տանն է, բայց պատկան մարմինները նրան շարունակում են համարել անհայտ կորած և որևէ տեղեկատվություն այդ մասին չեն հաղորդում: Սա ինչի՞ մասին է խոսում, այս ոլորտում բարձիթողի վիճա՞կ է:
– Իսկապես ունենք անկազմակերպ, հանցավոր անփութության հասնող վիճակ: Դա միակ դեպքը չէ: Ի սկզբանե պետությունը տեղյակ չէ, թե ովքեր են մարտի դաշտ մեկնել, ովքեր են վերադարձել, որտեղ են գտնվում, անգամ մարտական գործողությունների շրջանակում ինչպիսի համալրում, ինչպիսի վերաբաշխումներ են եղել:
Քաոսային, ինքնակազմակերպվող հասարակության ենք վերածվել, և դա անհետևանք չի մնացել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ հասարակական կյանքի այլ ոլորտներում:
Համանման խնդիրներ ունենք դիակների, աճյունների նույնականացման մասով: Հաճախ ընտանիքներին տրամադրում են, այսպես կոչված, նույնականացված դիակներ, որոնք հետագայում հերքում են օբյեկտիվ տվյալներով:
Որոշ դեպքերում այնքան անփույթ են գտնվում, որ միայն ընտանիքի մեկ անդամի դիակ են հանձնում՝ առանց ԴՆԹ-ներ ապահովելու: Նաև ընտանիքները, գտնվելով ողբերգական իրավիճակում, իրականության որոշ տարրեր խեղում են:
Դա դրսևորվում է նաև լուսանկարների ճանաչման գործընթացում, երբ, ասենք, կա մեկ լուսանկար, բայց հարյուրավոր ընտանիքներ պնդում են, որ գերեվարվածն իրենց զավակն է: Ուղղակի անթույլատրելի է ընտանիքների էմոցիոնալ ընկալումների հիման վրա իրավական կամ այլ գործընթացներ վարելը:
Աճյունի հանձնումն իսկապես պատասխանատու գործընթաց է, այստեղ մի ընտանիքի սխալը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ բազմաթիվ այլ ընտանիքների համար: Կարծում եմ՝ որևէ պլանավորում, կազմակերպում գոյություն չունի, իրավիճակային, առանձին մարդկանց բարեխղճության վրա հիմնված գործընթաց է ընթանում:
– Հունվարի 11-ի հանդիպման արդյունքում ռազմագերիների վերադարձի հարցում չհաջողվեց լուծման հասնել: Լավրովն ասում է՝ գերիների ամբողջական ցուցակ չենք ունեցել՝ մեղադրելով հայկական կողմին: Այս գործընթացը փակուղո՞ւմ է, թե՞ մոտ ապագայում կկարողանանք առաջընթաց արձանագրել: Հնարավո՞ր է, որ այս գործընթացը տարիներով ձգձգվի:
– Առաջընթաց կլինի. բազմագործոն իրավիճակի հետ գործ ունենք: Ցավալի է, որ մեր իշխանության ջանքերով հնարավոր չի լինում հասնել խնդրի լուծման, բայց այստեղ միջազգային գործընկերների, միջնորդ երկրի իրավական գործընթացները և այլ հանգամանքներ կարող են նպաստել առաջընթացին:
Ես չեմ բացառում դրական շարժը, պարզապես շատ սեղմ ժամկետներում դա հնարավոր չէ, որովհետև հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա ինչպես իրավական հարթակում, այնպես էլ բանակցություններում:
Ամենամեծ վտանգը, որն այս պահին իրականություն է դարձել, հարցի քաղաքականացումն է և մարդասիրական խնդիրը քաղաքական օրակարգ տանելը: Այս հարցի լուծումը երբևիցե չէր կարող փոխպայմանավորվածությունների առարկա դառնալ բանակցային սեղանին:
Միջազգային պարտավորությունների կատարումն այն նախապայմանը պետք է լիներ, առանց որի որևէ բանակցային գործընթաց չպետք է իրականանա:
Եթե այստեղ ձախողումներ են արձանագրվել, դրանց ճիշտ լուծման ուղին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է և կոշտ միջազգային գնահատականներ ապահովելը, ոչ թե անբարեխիղճ, թշնամական պետության կոռումպացված իշխանությունների հետ բանակցություններ և երկխոսություն վարելը:
Մանե Հարությունյան
MediaLab.am