Կանանց իրավունքների համատեքստը երբևէ լրջորեն չի գիտակցվել որևէ պետական կառույցի կողմից. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտով ուղևորությունները կանանց համար կլինեն անվճար։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

– Որոշումը դարձյալ գալիս է ամրապնդելու այն կարծրատիպերը, որոնք առկա են Մարտի 8-ի տոնի վերաբերյալ, ոչ թե կանանց իրավունքների մասին խոսելու ու այդ իրավունքների հաստատման համար կանանց խրախուսելու օր, այլ դարձյալ նվերներով ու ծաղիկներով ու ինչ-որ ձևական մոտեցումներով խնդիրն իրավունքից փոխելու, ավելի շատ կանանց հաճոյանալու կամ նրանց լռեցնելու դաշտ։ 

Իրականում Մարտի 8-ը կանանց իրավունքների տոնն է, ու գիտեք, թե կանայք որքան են պայքարել, որպեսզի կարողանան հասնել որոշակի իրավահավասարության, նվաճել իրենց իրավունքները: 

Այսօր էլ այնպես չէ, որ որպես այդպիսին մենք խնդիրներ չունենք կանանց ու տղամարդկանց հավասարության ու իրավունքի տեսանկյունից, ու Մարտի 8-ը այդ օրն է, երբ դարձյալ պետք է խոսել դրա մասին, նշել, թե, օրինակ՝ պետական կառույցներն ի՞նչ են անում, որպեսզի այդ աղաղակող անհավասարությունը վերանա, չլինի ընտանիքներում բռնություն, չլինի տարբերակված մոտեցում աշխատաշուկայում, լինեն մարդկանց հավասար իրավունքներ, կանանց համար որոշակի ապահով ծառայություններ ու ապահով մայրություն: 

Այդ ամենն այն խնդիրներն են, որոնք պետության պարտավորություններն են մարդու իրավունքների նկատմամբ ու չտեսնել այդ պարտավորությունները ու ոչ պատշաճ մոտեցում է այդ մեկ օրը տրանսպորտի ուղեվարձի կամ մշակութային միջոցառումների մասնակցության միջոցով ուղղակի նսեմացնել կամ փոխել համատեքստը։ 

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի այդ մոտեցմանը, ասեմ, որ հիմնականում, քաղաքապետարանի գործունեությունը զուտ դիտարկելով հենց իրավահավասարության համատեքստում, ապա առաջինն աչքի է զարնում այն հանգամանքը, որ քաղաքապետի, քաղաքապետի տեղակալների պաշտոններում բոլորը տղամարդիկ են, ու դա ևս խտրական վերաբերմունք է, որ 53% կին բնակչության պարագայում մենք նույնիսկ մեր ձայնը չունենք որոշումների կայացման  մակարդակում: 

Այդ ֆոնին խոսել նրա մասին, որ մեկ օր անվճար տրանսպորտ են տրամադրում, որն իրականում ոչ մեկին էլ պետք չէ, որովհետև ոչ աշխատանքային օր է, ու պարզ է, որ կանայք տանն են լինելու, հազիվ այդ մեկ օրը ազատ են ու զբաղվելու են իրենց տնային հոգսերով։ 

Ինչ վերաբերում է ընդհանրապես Մարտի 8-ին, ապա կարծում եմ, որ այն մշտապես պետք է լինի կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու օր, խոսվի նրա մասին, թե ինչպես է պետությունը նպաստում, որպեսզի այդ ճեղքվածքը վերանա: Խոսքը, մասնավորապես, կանանց նկատմամբ բռնության, աշխատաշուկայում աղաղակող տարբերությունների մասին է, ինչու ոչ, կանանց նկատմամբ խտրական բառապաշարի, թիրախավորման մասին է խոսքը: Շատ կարևոր է, որ Մարտի 8-ին՝ որպես կանանց իրավունքների նվաճման օր, շոշափվի հենց իրավունքների թեման, ու ոչ թե փուչիկ, օծանելիք կամ տրանսպորտի ուղեվարձ։ 

– Մեզանում պետական կառույցները երբևէ Մարտի 8-ը դիտարկե՞լ են ձեր նշած համատեքստում, թե՞ ոչ։ 

– Ընդհանրապես, կանանց իրավունքների համատեքստը երբևէ լրջորեն չի գիտակցվել որևէ պետական կառույցի կողմից, հիմնականում կանանց իրավապաշտպան կազմակերպությունները կամ ակտիվիստական խմբերն են, որ խոսում են Մարտի 8-ի մասին՝ որպես իրավունքների նվաճման օր ու այդ համատեքստում փորձում են խոսել այն խտրականության և անհավասարության դրսևորումներից, որոնք առկա են։ 

Իրականում պետական որևէ կառույց, մարմին կամ նույնիսկ որևէ անհատ երբևէ չի խոսել դրանց մասին, երբ ասում են՝ Կանանց տոն, բոլորի մոտ տպավորություն է, թե իրենց աշխատակիցներին ծաղիկներ նվիրելն է: Իհարկե, դա էլ է հաճելի, բայց դա պետք է զուգակցվի հստակ գիտակցությամբ, թե ինչ ենք մենք անում անարդարությունը վերացնելու ուղղությամբ: 

Եթե մենք որևէ բան չենք անում ու այդ օրն ուղղակի ծաղիկներ ենք նվիրում, դա նշանակում է, որ մեկ նվերով լռեցնում ենք անարդարության վերաբերյալ բարձրաձայնող ձայները, ու դա ես դիտարկում եմ ավելի շատ նմանատիպ օրվա համատեքստում փորձ՝ լռեցնելու այն փոքրաթիվ ձայները, որոնք կարող են ինչ-որ կերպ դարձյալ արժևորել, վերագնահատել ու բարձրաձայնել կանանց իրավունքների խախտման դեպքերը։ 

– Եթե տոկոսային արտահայտեք, ապա որքանո՞վ են պաշտպանված կանանց իրավունքները Հայաստանում, տիկի՛ն Հովհաննիսյան։

– Պաշտպանվածության տեսանկյունից՝ 50%-ից ցածր, որովհետև մենք խնդիր ունենք ոչ միայն իրավական դաշտում, այլև պրակտիկաների տեսանկյունից ունենք իներցիոն շարունակականություն այն արատավոր պրակտիկաների, որոնք որևէ կերպ չեն փոխում իրենց բնույթը: Եթե մենք խոսում ենք կանանց իրավունքների մասին, ապա նախևառաջ պետք է գիտակցենք, որ դա այն անհավասարության պատկերացումն է, որն առկա է մեր հասարակության մեջ՝ դոմինանտ տղամարդկանց, տղամարդկանց գերադասության ու նրանց խոսքի, նրանց կողմից թելադրանքի ենթակա կանանց համատեքստում, ու շատ կարևոր է, որ հենց այդ պրակտիկաները առաջին հերթին փոխվեն, սակայն դեռևս հստակ քայլեր, որ դրանք փոխվեն, ես որևէ կերպ չեմ տեսնում։ 

– Ինչո՞վ եք բացատրում դրա համար նախադրյալների բացակայությունը։

– Նախ բացատրվում է նրանով, որ մեր ամբողջ պատկերացումային դաշտը հայրիշխանական է, ու դրան զուգակցվում է ամբողջովին քաղաքական համատեքստը: Որոշումներ կայացնող անձինք տղամարդիկ են, ու նրանց շրջանակներում է լուծվում ցանկացած խնդիր, մյուս կողմից՝ նաև շատ կարևոր է հասկանալ, որ մենք դեռևս ունենք շատ ցածր իրավագիտակցություն, նաև կանայք լավ չեն տիրապետում իրենց իրավունքներին ու նույնիսկ հնարավորություն չեն ունենում պայքարելու իրենց իրավունքների հաստատման կամ խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am