«Հավատում եմ, չեմ հավատում». լույս է տեսել մեդիագրագիտության մասին «Ցեց Comics»-ի նոր պատկերագիրքը

Լույս է տեսել «Ցեց Comics»-ի նոր գիրքը՝ մեդիագրագիտության մասին: «Հավատում եմ/Չեմ հավատում. 6 պատմություն մեդիագրագիտության մասին» գիրքը ներառում է վեց պատկերապատում, որոնցում տարբեր իրավիճակներում հայտնված հերոսները առերեսվում են մեդիագրագիտության ժամանակակից խնդիրներին, ինչպիսիք են՝ կեղծ լուրերը, մեդիամանիպուլյացիան, ապատեղեկատվությունը և այլն:

Մասնագետ, որն իր գործը թողած՝ իր վիդեոբլոգում զբաղվում է քաղաքական վերլուծություններ անելով, տատիկ, որը սոդայաջրով ինքնաբուժությամբ է զբաղվում, «առաջնագծից» թեժ պատերազմական լուրեր հաղորդող բլոգեր, պատվաստվելուց սարսափող տիկին, որը հավատում է համացանցի դավադրության տեսություններին. սրանք մեր գրքի հերոսներն են, որոնց կարող եք նաև հանդիպել մեր առօրյայում, քանի որ գրեթե բոլոր պատմությունների հերոսներն իրական են:

Մեդիագրագիտության պակասի կամ բացակայության հետևանքներն ակնհայտ ներկայացված են պատկերագրքի բոլոր պատումներում: Գիրքը երկլեզու է, երկկողմանի հայերեն և անգլերեն: Նախագիծն իրականացվել է ԵՄ աջակցությամբ:

Պատմությունների սցենարի հեղինակները «Մեդիալաբի» համահիմնադիրներ Մարիաննա Գրիգորյանը և Վահե Ներսեսյանն են, պատկերապատումների հեղինակը՝ Վահե Ներսեսյանը:

«Մենք փորձել ենք խոսակցական լեզուն օգտագործելով՝ ավելի հավաստի ու մտերմիկ պատմել պատմությունները, ինչպես կպատմեինք, օրինակ՝ ընկերներով զրուցելիս: Նման անմիջական պատմողական ոճը խայծի դեր կկատարի, որպեսզի հասարակության տարբեր շերտերը, հատկապես նրանք, ովքեր մեդիագրագիտության մասին տեղյակ չեն, չեն սիրում կարդալ և կարիք ունեն իրազեկված լինելու՝ տեղեկատվական դաշտում դիմակայելու ներկա մարտահրավերներին»,- հավելում է Վահե Ներսեսյանը:

MediaLab.am