Միջպետական գանգատներից հրաժարվելը շատ ռիսկային է, Ադրբեջանն առավել շահեկան իրավիճակում կհայտնվի. Արա Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել ու քննարկվում է միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը, ինչը, ըստ նրա, տրամաբանական է, քանի որ եթե կողմերը խաղաղության պայմանագիր կնքեն, ապա իմաստ չի լինի շարունակել «իրավական պատերազմներն իրար դեմ»։ Նա նաև ընդգծեց, որ այս հարցը պետք է լինի երկուստեք, որ երկու կողմն էլ որոշեն գնալ նման լուծման։ Ձեր գնահատականը խնդրեմ։

– Այդ դեպքում բոլոր միջպետական ու նույնիսկ անհատական դիմումներն ու պահանջները պետք է բավարարվեն խաղաղության պայմանագրով, որից հետո, չգիտեմ, մեկ կամ երկու տասնամյակ կտևի, բոլոր ռեստիտուցիան, մասնավորապես, արժանապատիվ ու կայուն, անվտանգ վերադարձի իրավունքը, գույքի փոխհատուցումը՝ այդ ամբողջը պետք է երաշխավորվի։ Կարո՞ղ են երաշխավորել երկու պետությունները, ես շատ կասկածում եմ՝ հատկապես Ադրբեջանի մասով։ 

Առաջին ռիսկն այն է, որ քաղաքացիները կարող են համաձայնել, կամ նրանց համաձայնությունը հարցնող չի էլ լինի, Հայաստանի կառավարությունը միակողմանի հրաժարվի գանգատից, Ադրբեջանը, ենթադրենք, նույնպես հրաժարվեց, բայց պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները չկատարի։ 

Երկրորդ՝ վիճակն ասիմետրիկ է, այսինքն՝ հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից խախտումների քանակը և բնույթը նույնանման չեն, ինչ Հայաստանի քաղաքացիների կողմից ադրբեջանցիների նկատմամբ, տարբերությունը շատ մեծ է։ Եթե մենք միակողմանի հրաժարվենք, Ադրբեջանն առավել շահեկան իրավիճակում կհայտնվի։ 

Երրորդ՝ հարց է առաջանալու, իսկ անհատական գանգատների դեպքում ի՛նչ պետք է արվի, որովհետև Հայաստանն իրավունք ունի հրաժարվելու իր ներկայացրած գանգատներից, բայց ներկայացված են նաև մեծ թվով անհատական գանգատներ: Այստեղ արդեն Եվրոպական դատարանը պետք է որոշի, որը նույնպես կարող է կամայականորեն՝ առանց իսկ պատճառաբանելու կամ հիմնվելով այն չափանիշի վրա, որ նրանք դադարել են զոհի կարգավիճակում լինել, որովհետև նրանց խախտված իրավունքները կվերականգնվեն, այս հիմքով Եվրադատարանը նույնպես կարող է անհատական գանգատներն անընդունելի համարել։ 

Բոլոր դեպքերում դա շատ ռիսկային է, մինչև հիմա Ադրբեջանը պարիտետային քաղաքականություն չի վարել, թե ինչո՛ւ պետք է պայմանագիրը ստորագրելուց հետո վարի, բայց ես կարող եմ ասել, որ վերջին մի քանի ամսվա բոլոր անհատական գանգատներում, որ ես ուղարկել եմ Եվրոպական դատարան, միջնորդել եմ, որ Եվրադատարանը այդ գանգատները հանկարծ չմիացնի միջպետական գանգատի։ 

Եթե մենք ունենայինք միջազգային ներկայություն Արցախում, ես կհամաձայնեի, որ այդ խաղաղության պայմանագրով հարցեր լուծվեին, ինչպես Բոսնիայում՝ Դեյթնի պայմանագրով, միջազգային ներկայության պարագայում, բայց չէ՞ որ Արցախում միջազգային ներկայություն չկա, իսկ Ռուսաստանը, պարզվեց, պրոադրբեջանական ներկայություն էր, այն էլ դա ներկայություն չես կոչի, որովհետև ներկայություն ասելով՝ նկատի ունեմ կառուցակարգեր, իսկ Բոսնիայի օրինակը լավ օրինակ է։ Միջազգային ներկայության բացակայության պայմաններում դժվար թե խաղաղության պայմանագրով հավասարապես հարցը լուծվի։ 

Այդ բոլոր գանգատները վերաբերում են Արցախի՞ն։

– Չէ՛, միայն Արցախին չէ։ Բոլորը վերաբերում են հայերին կամ ՀՀ քաղաքացիներին, բայց Արցախի մասով միայն գույքային իրավունքներն են, օրինակ՝ 2016, 2020 և 2023 թվականների դեպքերի վերաբերյալ, բայց բազմաթիվ այլ խախտումներ կան՝ հայ բնակչության նկատմամ դաժանությունները, մինչև հիմա Ադրբեջանի բանտերում պահվող ռազմագերիները։ 

– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ Ադրբեջանը կարող է իր համաձայնությունը տալ, ստորագրել այդ պայմանագիրը, բայց հետո չկատարել պարտավորությունները։

– Իհարկե, խաղաղության պայմանագիրը ևս խախտվում է, չխախտվելու համար անհրաժեշտ է միջազգային ներկայություն, Ադրբեջանն ունի միջազգային ներկայություն՝ Թուրքիան է, բայց Հայաստանը չունի այնտեղ, Ռուսաստանն է, բայց դե տեսնում ենք, որ նա չի պաշտպանում հայերի շահերը, Արցախում հայ չի մնացել։ 

– Որպես այդպիսին՝ դա կարո՞ղ է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը, որ Հայաստանի ղեկավարությունը որոշել է գնալ նման քայլի, պարո՛ն Ղազարյան։

– Դե երևի Ադրբեջանը դա այդպես է ներկայացրել, բայց օբյեկտիվորեն՝ ո՛չ, նույնիսկ իրավական գործընթացներով հետո տրվող լուծումները իրենց հայացքն ուղղում են խաղաղության պայմանագրի վրա։ Այնպես որ, այս իրավական գործընթացները օբյեկտիվորեն չեն խանգարում խաղաղության պայմանագրի կնքմանը, ուղղակի Ադրբեջանը արհեստական հիմքեր է շարունակ փնտրում, իսկ սա լավ հիմքերից մեկն է, որ կարելի է շարունակաբար շահարկել։ 

Կրկնեմ՝ Ադրբեջանին ավելի շահեկան է գանգատներից հրաժարվելը, ու խոսքն այստեղ Եվրոպական դատարանի մասին չէ, այլ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, որովհետև այդ դատարանում այնպիսի ձևակերպումներ են տվել, որ Ադրբեջանի հեղինակության վրա կտրուկ ազդել են՝ «բլոկադա», « էթնիկ զտում», «ցեղասպանության սկիզբ», այնպես որ, Ադրբեջանն ավելի շահեկան դիրքում կհայտնվի, քան Հայաստանը։

– Հիմա, եթե Հայաստանը հրաժարվի այդ գանգատներից, ստացվելու է, որ արդարացնո՞ւմ է Ադրբեջանի արածները։

– Չէ՛, պայմանագիրը պետք է որ հավելվածներ ունենա, խոսքն արդարացնելու մասին չէ, հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հետո չկատարի իր պարտավորությունները պայմանագրի ներքո, իրավական գործընթացները այլևս չես վերականգնի, դրանց համար ժամկետներն արդեն բաց թողնված կլինեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am