«Էս  իրականությունից  շեղող  միակ  լուսավոր  կետը  էն ա՝  վեր  պիտի  խոխա ինի  մեզ». Արցախից՝ Հայաստան՝ ցավը սրտում

Արցախյան  առաջին   պատերազմի  ժամանակ  Անուշ Ալեքսանյանը կորցրել է հորը՝ Շահիսին, 2020  թվականին՝ ավագ  որդուն՝ Էրիկին։  Ամիսներ առաջ 41-ամյա կինն իր մեջ ուժ է գտել ընտանիքին հայտնելու երեխայի սպասելու ավետիսը։ 

Որդու  լուսանկարով    կախազարդը  ամուր  բռնած՝ Անուշը մտքերի մեջ է ընկնում՝ գուցե չպիտի որդու մահից հետո նորից երեխա ունենալու մասին մտածեր․․․ Այնպես չէ, որ  փոքրիկի  ծնունդը մոռացության  կմատնի Էրիկին։ Անուշն ասում է՝ նրա  ներկայությունն  զգում  է  ամեն  օր։   

Ամուսինները Ստեփանակերտից ձեռնունայն են հեռացել։ Արցախում տուն, խանութ,  հողատարածք  ունեին,  սակայն նյութական կորուստների մասին Անուշը չի էլ մտածում, նրա համար  ամենաթանկը որդու  և  հոր  գերեզմանն   է, որ  թողել  է  այնտեղ։ 

«Միակ   բանը, որ  բերել  եմ  Արցախից,   Էրիկիս   հետ    կապված  իրերն  են»,– հուզմունքը   կոկորդում խեղդելով ասում է Անուշը,-  Արցախից հեռանալու վերջին օրերին ես  ու  ամուսինս   անընդհատ որդուս գերեզման  էինք գնում, զրուցում էինք նրա հետ ու  ժամերով  լռում՝  արդարանալու, ասելու  ոչինչ չունեինք»:  

Ստեփանակերտից դուրս գալիս ծնողները փորձել են որդու աճյունը երկրորդ անգամ տեղափոխել և իրենց հետ Հայաստան բերել, բայց չեն թողել․ «Ասել  են՝ պետական  մակարդակով  մի    որոշում   կկայացնեն, սակայն  մինչ  օրս  նորություն չկա»։ 

Էրիկը զոհվել է  2020 թվականի  հոկտեմբերի  2-ին։ Նրան հուղարկավորել են Մարտունու շրջանի Թաղավարդի գերեզմանատանը։

Մտածում էին՝ ինչ էլ լինի, հայրենի գյուղը չի հայտնվի թշնամու   վերահսկողության  տակ։ Սակայն, ավաղ, եղավ հակառակը․ հենց նույն տարում Թաղավարդի վերին  հատվածը, որտեղ գերեզմանատունն  էր, անցավ  ադրբեջանցիներին։ 

Ցավին նոր ցավ  ավելացավ․ ծնողները չէին կարողանում որդու գերեզման  այցի գնալ։ Անճարակությունը խելագարության էր հասցնում։   Էրիկի  հայրը՝ Վիլեն Հովսեփյանը, ինքն իրեն խոստացավ, որ որդուն անպայման կվերահուղարկավորի Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։ 

Դիմեց ռուս խաղաղապահների հրամանատարին, որի   միջնորդությամբ  էլ  կազմակերպվեց տեղափոխությունը։ Կարմիր Շուկայի մոտ Վիլենին  միացան թուրք   գեներալը,   փրկարար  ծառայության  աշխատակիցները  և  ԿԽՄԿ ներկայացուցիչներ։ 

Նախապես  զգուշացրել  էին, որ  որևէ  հարց  չտա խմբի անդամներին, որևէ բանի մասին չխոսի,  ճանապարհից   չշեղվի։  Նրան մեկուկես ժամ էին տվել Թաղավարդի գերեզմանատնից  որդու մարմինը հանելու համար։ 

Անուշն ասում է,  որ  այդ օրը ամուսինը միանգամից ծերացավ, ճերմակեց. «Մի Վիլեն գնաց, մեկ ուրիշը հետ եկավ»։ 

Անուշը երկու  երեխաների ու ամուսնու հետ հիմա Երևանում է ապրում։  Ասում է՝ խեղդվում, շնչահեղձ է լինում չորս պատերի մեջ․ 

«Էս  իրականությունից  շեղող  միակ  լուսավոր  կետը  մեր  ընտանիքի համար  էն ա՝  վեր  պիտի  խոխա  ինի  մեզ»:

Վեհանուշ Հովսեփյան

Վեհանուշ Հովսեփյանը լրագրող է, աշխատել է Արցախի Հանրային ռադիոյում