Գոյության տարածք. Արմինեն

Իր տեսախցիկը տեղահանությունից առաջ Արմինե Վանյանն Արցախից ուղարկել էր Երևան՝ վերանորոգման։ Հոբբի-մասնագիտության մնացած «գործիքները» վերցրել է արդեն իր հետ տեղահանության ժամանակ։

Արմինեն մասնագիտությամբ տնտեսագետ է, սովորել է Արցախի պետական համալսարանում, բայց բազմաթիվ հոբբիներից մեկը արդեն մի քանի տարի դարձրել է մասնագիտություն։

Մինչև ակադեմիական կրթություն ստանալն ու տնտեսագետ դառնալը Արմինեն վաստակում էր լուսանկարչությամբ։ Դեռահաս էր, երբ ձեռքն առավ տեսախցիկը ու փոքրիկ-գողտրիկ Ստեփանակերտում սկսեց նկարել մարդկանց՝ սկզբում ծանոթներին, հետո բոլոր նրանց, որոնց աչքերը, ինչպես ասում է, «խոսում» էին իր հետ։

«Այդ ժամանակ աշխատում էի «Նարեկացի» արվեստի միությունում՝ երեխաներին ֆոտո էի դասավանդում ու նկարում։ Էնտեղ իրենց կամերայով էի աշխատում, իմը չունեի։ Հետո արդեն աշխատածովս գնեցի իմ «աշխատանքային պարագաները»։

Արմինեն լուսանկարչությունը տնտեսագիտության պես համալսարանում կամ որևէ կրթական հաստատությունում չի սովորել, ասում է՝ դասընթացներ է անցել վավերագրող լուսանկարիչ Արեգ Բալայանի մոտ։ Բայց այդ դասերը ֆորմալ-ընկերական էին, ոչ ակադեմիական։

«Էս տիպի աշխատանքները բարձր վարձատրվող են, բայց ստաբիլ չեն, դրա համար մի պահից հասկացա, որ պիտի մասնագիտությամբ էլ ստաբիլ գործ անեմ։ Արձակուրդներիս ժամանակ, երբ լուսանկարում էի, լինում էր՝ ավելի շատ էի վաստակում, քան մի քանի ամսվա իմ աշխատավարձն էր, բայց, դե, դա հիմնական չէր»,- պատմում է Արմինեն: Շատ խոսել չի սիրում, որովհետև իր պատմելու լեզուն պատկերն է։

Վերջին տասը տարիներին Արցախում պրոֆեսիոնալ և հոբբի մասնագիտությունները Արմինեն համատեղում էր, աշխատում էր նաև Արցախի ֆինանսների նախարարությանը կից Գնումների աջակցման կենտրոնում։ Իրարից տարբեր այս գործերը, ասում է, չէին խանգարում, հակառակը՝ օգնում էին։

Ստեփանակերտը

«Ստեփանակերտում ու Արցախում, ընդհանրապես, հեշտ էր որևէ բան համատեղելն կամ անելը։ Բոլորը բոլորին գիտեին։ Շատ լավն էին աշխատակազմը, մթնոլորտը։ Ազատ ժամանակ կարողանում էի ֆոտոներս մշակել, ինձ համար շատ հարմար էր»,- պատմում է Արմինեն:

Տեղահանությունից հետո եկել է Երևան, ու քանի որ իր հիմնական աշխատանքին վերադառնալ չէր կարող, միանգամից իր Ինստագրամի էջով հայտարարություն է տարածել, որ վերսկսում է լուսանկարել։ 

Ասում է՝ հիմա կարողանում է վաստակել իր համար անհրաժեշտ նվազագույնը։ 

Այստեղ՝ Երևանում, ամեն բան այլ է, ասում է, պատկերները, ծառերը, փողոցները, եղանակները, որոնք, թվում է, թե ամեն տեղ պիտի նույնը լինեին, նույնը չեն։ Տեղահանությունից հետո իր համար պատկերներ են կորել, քիչ է նկարում, բայց առանց իր հոբբի-մասնագիտության  կյանքը չի պատկերացնում։

«Դե մոտավոր ես էստեղ ծանոթ էի լուսանկարիչների հետ, շուկան ուսումնասիրել էի։ Եթե պետք է լինում, տարածք եմ վարձում, դա մեծ խնդիր չէ»,- ասում է Արմինեն ու շարունակում պատմել լուսանկարչական օբյեկտիվի մյուս կողմում հայտնվողների մասին։ 

Հավատարիմ մարդիկ կան, որոնք ամեն տարի գալիս էին ու նկարվում։ Նրանց չի կորցրել, Երևանում էլ են գալիս իր մոտ։ Սիրելի աշխատանքը, Արմինեի դեպքում՝ լուսանկարչությունը, ինչ-որ առումով թերապիայի նման մի բան է։

«Իրականում շատ կարևոր ա գիտակցել, որ ֆիզիկապես դու կաս ու, կարելի ա ասել, երկրորդ կյանքդ ես ապրում, քանի որ շատ շատերն ինձ պես չէին էլ կարող պատկերացնել, որ տեղահանությունից ու էդ ամեն ինչից կարող են ողջ մնալ, որովհետև էնքան կրիտիկական էր էդ օրերին ամեն ինչ, որ պատրաստ էիր անգամ մերկ դուրս գալ Ղարաբաղից»։

Հիմա ուզում է նոր մասնագիտություն սովորել, եղածներին ավելացնել ևս մեկը։ Ասում է՝ շատ հետաքրքրված է գույներով, ու քանի որ ինտերիեր դիզայնի մեջ շատ գույն կա, ուզում է կրթություն ստանալ ու մասնագիտանալ այս ոլորտում։

«Չէի ուզի Հայաստանում 4-5 տարի ակադեմիական կրթություն ստանալ, ուզում եմ գնալ Հայաստանից, սովորել ամենաշատը երկու տարի ու վերադառնալ»,- իր ապագա ու ներկա ծրագրերի մասին պատմում է Արմինեն ու մի պահ կանգ առնում…

Խոստովանում է՝ հիմա «վարակված» է մի գաղափարով, որն իրեն հանգիստ չի տալիս։ Ասում է՝ չի ուզում շատ փակագծեր բացել, բայց մտածում է մեծ ցուցադրության մասին։

«2023 թվականի Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի զոհերի մասին պատմությունները մի տեսակ անտեսված են։ Չգիտեն՝ ովքեր են այդ մարդիկ, չգիտեն՝ ինչ պատմություն կա ամեն մեկի հետևում, ամեն մեկն ինչպես է հենց այդ պահին, այդ ողբերգական տեղում հայտնվել։ Ես նրանց չեմ նկարել, որովհետև ֆիզիկապես նկարել չէի կարող, բայց ուզում եմ պոստֆակտում նկարել այդ մարդկանց ընտանիքների անդամներին ու իմ ցուցահանդեսում լրացնել նրանց բացակայությունն իրենց ընտանիքներում»։

Պատկերները Արմինեի գլխում են, ասում է՝ տեսնում է այդ ցուցադրությունը, ու նաև հենց այդ գաղափարն է օգնում, որ հաղթահարի իրեն տրված երկրորդ կյանքի «տարբեր հետաքրքիր դժվարությունները»։

Անի Մինասյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am