Գոյության տարածք. Վարդիկը և Արցախի բնության ծաղիկ-զարդերը

Ցույց տալ աշխարհին, որ արցախցին շարունակում է ապրել ու ստեղծել․ 21 տարեկան Վարդիկ Սարգսյանի մտքում այսպիսի մտքեր էին պտտվում, երբ 44-օրյա պատերազմից հետո հայրենի Ճարտար այցելեց։ Կենսաբանի մասնագիտությունն ընտրած երիտասարդ Վարդիկը հենց այդ օրը որոշեց անմահացնել Արցախի ծաղիկները զարդերի տեսքով։ Իրենց բակից ծաղիկներ հավաքեց ու մանուշակով առաջին զարդը պատրաստեց:

«Մի քիչ պրպտեցի համացանցը, նայեցի` ոնց է պատրաստվում, ու պատրաստեցի առաջին զարդը։ Շատ լավ էր ստացվել, ես կասեի՝ անթերի։ Ու այդպես սկսեցի իմ զարդերի բիզնեսը»,- հիշում է Վարդիկը։

Առաջին գնորդն էլ միանգամից հայտնվեց` հայրն էր, գնեց զարդը 5000 դրամով, բայց հետո այդ զարդը 3000-ով էր վաճառում, ծիծաղելով պատմում է Վարդիկը։

Առաջին հաջողված գործից ոգևորված՝ Վարդիկը շարունակեց սկսած գործը։ Ավելի շատ ուսումնասիրեց էպoքսիդային խեժով զարդեր պատրաստելու արվեստն ու սկսեց համացանցով գովազդել իր զարդերը։ «Վարդենի Արցախը» սկսեց ընդունել իր առաջին պատվերները։ Արձագանքները գոտեպնդող էին, գնորդներն էլ քիչ չէին։

«Ես ամեն անգամ գալիս էի ու Երևանից էի գնում անհրաժեշտ պարագաները։ Երևանի խանութում, որ գիտեին Արցախից եմ, ինձ շատ լավ էին վերաբերվում, ու ինչքան հարցեր ունեի տալիս էի իրենց, իրենք էլ սիրով բացատրում էին»,- ասում է նա։

Երբ դեռ նոր էր սկսել զարդեր պատրաստել, հիշում է՝ դասախոսներից մեկը, որը թեյերի արտադրության համար Դիզափայտից անմոռուկ էր հավաքել, նվիրեց Վարդիկին, որ դրանք անմահանան, քանի որ Դիզափայտի վերջին անմոռուկներն էին։

«Ու իմ բիզնեսի փայլուն սկիզբը սկսվեց հենց այդ անմոռուկներով»,- ասում է Վարդիկը։ 

Տիրապետելով ծաղիկների հավաքման ու չորացման ճիշտ տեխնիկային՝ Վարդիկը հավաքում ու չորացնում էր Արցախի բազում ծաղկատեսակներ։ Աշխատելու համար արդեն հարուստ պաշար ուներ, բայց կյանքի այդ փուլում իրադարձություններն այլ կերպ զարգացան։

Վարդիկն ընդունվեց Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի օրդինատուրան՝ կլինիկական լաբորատոր ախտորոշում բաժինը ու մարտին պետք է մեկներ Երևան ուսումը շարունակելու, սակայն ադրբեջանցիների կողմից Արցախը բլոկադայի ենթարկելու հետևանքով ճանապարհներն արդեն փակ էին։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը, իսկ հունիսի 15-ից լիովին արգելվեց նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը Արցախ։ 120 000 քաղաքացիներ շուրջ 9 ամիս գոյատևեցին ներքին ռեսուրսների հաշվին։ 

Վարդիկն ասում է՝ մտածում էր՝ մինչև սեպտեմբեր ճանապարհները կբացվեն, ու կկարողանա Երևան հասնել, բայց ճանապարհներն այդպես էլ չբացվեցին։ Մի խումբ ուսանողների հետ ինքն էլ է դիմում կրթության ու գիտության նախարարություն և հայտնվում Երևան տեղափոխվող ուսանողների վերջին խմբի մեջ։

«Ես ինձ հետ շատ բան չէի կարող վերցնել, բայց վերցրի իմ հավաքած ծաղիկների մի փոքր մասը, երկու քար՝ մեկը Դրմբոնի հանքի քարն էր, ոսկու նման փայլփլուն, երկու ձեռքի չափ կլիներ, մեկ էլ մեր բակից էի քարեր հավաքել, որ այդ քարերով ու ծաղիկներով Երևանում շարունակեի զարդեր պատրաստել, որովհետև պատվերներ ունեի։ Սահմանին ադրբեջանցիները թույլ չտվեցին այդ քարերն անցկացնել, ուղղակի հանեցին ու շպրտեցին: Սիրտս շատ ցավեց, բայց չէի ուզում կոնֆլիկտի մեջ մտնել, առանց այդ էլ լարված իրավիճակ էր»,- հիշում է Վարդիկը։ 

Ասում է՝ այդ օրն ամենածանր օրերից մեկն էր: 

Վարդիկի հետ մի խումբ ուսանողներ էին այդ օրը հատում սահմանը, նրանց մեջ էին նաև այն երեք երիտասարդ ուսանողները, որոնց ադրբեջանցիները հենց անցակետից գերեվարեցին։ Արդեն իրավիճակը լարված էր, մյուս ուսանողները միայն մտածում էին սահմանն արագ հատելու մասին։

«Այդ տղաներին խփելով ու քաշքշելով տանում էին, աղջիկները լացում ու գոռում էին։ Խուճապ էր տարածվել։ Ամեն դեպքում ուժը հաղթում է, մենք ոչինչ չէինք կարող անել, ուստի ես էլ լուռ փորձեցի հատել ու ոչինչ չասեցի քարերի համար։ Լավ էր, որ գոնե Աստղաշենի քարերից կար գրպանս լցրած, դրանց համար բան չասեցին»,- պատմում է Վարդիկը։ Այսպիսով նա կարողացավ միայն փոքր թվով մանր քարերն ու ծաղիկներն անցկացնել։ 

Արդեն Երևան տեղափոխված ուսանողուհին բնակվում էր հորաքրոջ որդու տանը։ Զարդեր այդ ընթացքում չի կարողացել պատրաստել, ասում է՝ հոգեպես պատրաստ չէր, դեռ պետք է կարողանար ծանր ապրումները հաղթահարել։ Ու շատ չանցած սկսվեցին նաև պատերազմն ու Արցախի հայաթափումը։ Վարդիկի հարազատները Երևան եկան, և որոշ ժամանակ անց միայն նա հասկացավ, որ պետք է շարունակի սկսած գործը։ Դրա համար հիմնավոր պատճառներ կային՝ և՛ ֆինանսական խնդիրները, և՛ Արցախն իր զարդերում ապրեցնելու ցանկությունը։

«Ես մինչև հիմա դեռ աշխատում եմ Արցախից բերած իմ ծաղիկներով։ Ճիշտ է, ծաղիկների մի մասը տեղափոխելու ընթացքում վնասվել էր, և երբեմն 3 օր տանջվում եմ, որ կտոր-կտոր այդ ծաղիկները հավաքեմ։ Իսկ երբ ծնողներս էին գալիս, այն հոգեվիճակում չէինք ոչ մեկս, որ խնդրեի չորացրած ծաղիկներիցս մի քիչ էլ բերեին»,- պատմում է Վարդիկը։ 

Երևանում առաջին վաճառված գործը Աստղաշենի քարով պատրաստված վզնոցն էր։ Ասում է՝ այդ գործը շատ է սիրվել, պատվերներ շատ են եղել։ Դա բնական քար է՝ աստղի տեսքով։ 

Երևանում գործը սկսելուց հետո պատվերների պակաս չի եղել։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ արցախցիներն իրենց հետ բերած հողը կամ քարն են ցանկացել պահպանել ու խնդրել են Վարդիկին դրանցով զարդեր պատրաստել։ Հիշում է, երբ նման պատվերներ ստացավ, սկզբում փորձել է համոզել, որ հրաժարվեն այդ մտքից, քանի որ մտածել է, որ հասարակությունը սխալ կընկալի։

«Մտածում էի՝ կասեն հողի ու քարի վրա է գումար աշխատում, բայց քանի որ պատվիրատուները պնդեցին, ես պատրաստեցի՝ պայմանով, որ չենք հրապարակելու»,- ասում է Վարդիկը։

Շատերն էլ իրենց հետ բերած ծաղիկներից են խնդրել զարդեր պատրաստել։ Ասում է՝ աշխատում է պատվերներն այնպես անել, որ մեկը մյուսին չկրկնեն։ Եղել են դեպքեր, երբ նույն զարդից են ցանկացել, բայց չի պատրաստել, որ անհատական գործերը չկրկնվեն։ 

«Ես նույնիսկ պատվերներ եմ ունեցել Ռուսաստանից, Ամերիկայից, Հոլանդիայից։ Հիմա աշխատում եմ Լոնդոնից ստացած պատվերի վրա։ Պատվիրատուները արցախցիներ չեն, պարզապես հայ են, որ ցանկանում են Արցախից մի մասնիկ կրել»,- ասում է Վարդիկը։ 

Պատվերների աճին զուգահեռ Վարդիկը նաև արծաթյա զարդերի պատվերներ է սկսել ընդունել։ Արցախում մի քանի ամիս սովորել է արծաթագործություն, սակայն գործիքներ չունի և պատվերները արծաթագործների հետ համագործակցությամբ է պատրաստում։

Անհատական պատվեր է ունեցել Գանձասարի մոդելով, հիմա աշխատում է Ամարասի վանքի տեսքով վզնոցի վրա, նաև մետաղադրամի տեսքով տարբերակներ կլինեն առաջիկայում։

Հիմա Վարդիկը և՛ սովորում է, և՛ աշխատում։ Ասում է՝ երկու գործն էլ սիրով է անում։ 

«Ավարտելուց հետո անպայման որպես բժիշկ եմ աշխատելու, բայց զարդերի գործն էլ երբեք չեմ թողնի, քանի որ դրանք ապրեցնում են Արցախն ու ինձ համար դժվար իրավիճակում դարձան մեջքն ուղղելու միջոց»,- եզրափակում է Վարդիկը։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am