Ի՞նչ է կատարվում դելֆինարիումում. բնապահպանները պնդում են, որ «շրջագայության» պատրվակի ներքո արդեն հիվանդ դելֆիններին փորձում են լիկվիդացնել

Ի՞նչ է կատարվում դելֆինարիումում. բնապահպանները պնդում են, որ «շրջագայության» պատրվակի ներքո արդեն հիվանդ դելֆիններին փորձում են լիկվիդացնել
Ի՞նչ է կատարվում դելֆինարիումում. բնապահպանները պնդում են, որ «շրջագայության» պատրվակի ներքո արդեն հիվանդ դելֆիններին փորձում են լիկվիդացնել

Երևանյան «Նեմո» դելֆինարիումի կենդանիները, բնապահպանների հավաստմամբ, այժմ լուրջ առողջական խնդիրներ ունեն, որի համար էլ դելֆինարիումի աշխատակիցները «շրջագայության» պատրվակի տակ ուզում են կենդանիներին դուրս բերել երկրի սահմաններից:
Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստատեսությամբ գովազդային հոլովակի միջոցով մարդկանց տեղեկացնում են, որ շտապեն, քանի որ դելֆինարիումի ներկայացումները կշարունակվեն մինչև ապրիլի 22-ը: Այն մասին, որ կենդանիները վատառողջ են, բարձրաձայնում են միայն բնապահպանները:
Հիշեցնենք, որ չնայած բնապահպանների բարձրացրած դժգոհության աղմուկին` դելֆինարիումը կառուցվեց 2 ամսում և 2010-ի դեկտեմբերի 24-ին հանձնվեց շահագործման:
Երևանյան դելֆինարիումը պատկանում է ուկրաինական «Ներում» կազմակերպությանը: Կառուցելու ընթացքում պարզ դարձավ, որ կազմակերպությանը արգելել էին Ուկրաինայում գործել:
Այս փաստին Երևանի քաղաքապետարանը կարևորություն չտվեց, և կառուցվեց 16 մ երկարություն և 5 մ բարձրություն ունեցող լողավազան, որն անթույլատրելի է համարվում, բնապահպանների համոզմամբ, օրական 100 կմ լողացող, առնվազն 2,5 մ երկարություն ունեցող դելֆինների ապրելու համար: Դելֆիններից բացի, դելֆինարիում բերվեցին նաև մեկ ծովառյուծ ու երկու ծովային կատու:

Բնապահպանները հավաստում էին նաև, որ քլորացված ջրից դելֆինները անգամ կարող են կուրանալ ու հիվանդանալ: Այժմ էլ ասում են, որ այն, ինչի մասին բարձրաձայնում էին, փաստորեն իրականություն դարձավ:

«Կենդանիները շատ լավ վիճակում են, ուղղակի մենք որոշել ենք մինչև հոկտեմբեր շրջագայության մեկնել Ռուսաստանի Դաշնություն»,- «Մեդիալաբին» ասում է դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Նա հավատացնում է, որ նույն կենդանիները նորից բերվելու են Հայաստան, ու նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում:

«Մեդիալաբին» այլ բան հաղորդեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, ով զրուցել է դելֆինարիումի ներկայացուցիչներից մեկի հետ ու պարզել, որ կենդանիները հիվանդ են: Բացի այդ, շրջագայության միտքը պատրվակ համարեց, քանի որ այդ կազմակերպությունն ամբողջ Ռուսաստանի Դաշնության տարածքում դելֆինարիումներ ունի ու շրջագայության կարիք չունի:

«Պատճառն իրականում այն է, որ կենդանիներն այդ պայմաններին չեն դիմանում ու չեն կարող գոյատևել: Հիմա պարզապես նրանց գրպանին է խփում այդ խնդիրը, քանի որ նրանք չեն կարող հոգալ այդ կենդանիների առողջական ծախսերը, իսկ կենդանիները, փաստ է, որ արդեն հիվանդ են»,- համոզված է Ադամյանը:

Թեև դելֆինարիումը գործում է արդեն մեկ տարուց ավելի, բայց մինչև հիմա կազմակերպությունը չունի ոչ մի հատուկ բժիշկ, որը կզբաղվի կենդանիների խնդիրներով:

«Ամբողջ խնդիրն այն է, որ դելֆինարիումը փակ կառույց է բոլորիս համար, ու մենք չենք կարողանում վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, իսկ քաղաքապետարանն էլ ամեն ինչ անում է, որ այդ հարցին աջակցի»,- «Մեդիալաբին» հաղորդում է մեկ այլ բնապահպան` Հրայր Սավզյանը, ով ի սկզբանե պայքարել է դելֆինարիումի կառուցման դեմ:

Կենդանիները, նրա համոզմամբ, ևս մեկ անգամ սթրես են ապրելու ինքնաթիռով տեղափոխելու ժամանակ, ու հայտնի չէ, թե նրանց հետ ի´նչ կլինի հետագայում:

«Դելֆինարիումները վաղուց արդեն հանգստի հրաշալի գոտիներ են աշխարհի առաջատար շատ քաղաքներում: Նման հաճելի հանգստի գոտի պետք է ունենա նաև Երևանը»,- ժամանակին այսպես էր հաղորդում Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ բացառելով կենդանիների հիվանդանալը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Մեդիալաբին» հայտնեցին, որ իրենք այժմ էլ կարևորում են դելֆինարիումի գոյությունը, իսկ կենդանիների առողջության մասին չեն կարող մեկնաբանություններ տալ, քանի որ դա մասնագիտական հարց է, որին կարող են պատասխանել միայն դելֆինարիումի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ դեռ 2010-ին ձևավորվել էր 50 հասարակական կազմակերպություններից կազմված Էկոդաշինք, որը պայքարում էր կենդանիների իրավունքների համար: Նրանք դիմել էին վարչական դատարան, որ ստիպեն ՀՀ բնապահպանության նախարարությանը դելֆինարիումում փորձաքննություն անցկացնել: Այսօր` ժամը 17:30-ին, Երևանի վարչական դատարանը կհրապարակի իր վճիռը:

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «Մեդիալաբին» ասել էր, որ ծովային կենդանիները սովոր են ծովի ջրին, մինչդեռ դելֆինարիումում ծովի ջուր ստանալն անհնար է, իսկ դելֆիններին պահում են քլորացված ջրում, ինչը չափազանց վտանգավոր է:

«Քլորացված ջուրն ամիսների ընթացքում դելֆինների մոտ կարող է կուրացման պատճառ դառնալ, չհաշված սուլիչների ձայնն ու խիստ սահմանափակ տարածքը, ինչը տանում է սթրեսների,- ասել էր Խաչատրյանը: – Այս դեպքում նրանք երկար չեն ապրի, իսկ մենք չենք էլ իմանա` արդյոք նրանց փոխարինե՞լ են, ի՞նչ բերեցին, ո՞ւր տարան, քանի որ ոչ մի գրանցում չկա»:

Կարինե Իոնեսյան

© Medialab.am