Զարմանք ու զայրույթ․ սրանք էին առաջին զգացողությունները, որ Արևիկ Մկրտչյանն ապրեց, երբ հունիսի 24-ին իմացավ, որ եղբոր՝ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի սթրիթ արտ-դիմանկարը ջնջել են տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող գետնանցումի պատից։
«Երևանի քաղաքապետարանն իր այս արարքն արդարացնում է՝ ասելով, թե մաքրման աշխատանքներ են իրականացնում։ Բայց չէ՞ որ գետնանցումների մյուս պատերին արված նկարներն ու գրություններն առաջնային մաքրման կարիք ունեին, մինչդեռ նրանք, չգիտես ինչու, առաջինը մաքրում են հերոսների նկարները։ Ինչպե՞ս այստեղ միտում չտեսնել»,– «Մեդիալաբին» ասում է Հայկազի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։
Արևիկն իր սոցիալական էջում հրապարակել է նաև դիմացի պատի լուսանկարը, որտեղ գունավոր ներկերով խզբզանքներ են, հին հայտարարություններ և պատառոտված թղթեր՝ տելեգրամյան գովազդներով։

«Երևի սա ավելի գեղեցիկ և ավելի արժեքավոր է… Անմիջապես Հայկի նկարի դիմացի պատն է»,– լուսանկարին կից գրել է նա։
Հայկազ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարին, եղել է կրտսեր սերժանտ։ Մասնակցել է թե՛ 2020-ի տավուշյան մարտերին, թե՛ 44-օրյա պատերազմին։ 2020-ի հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020-ի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում և մահացել նոյեմբերի 9-ին։ Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ համայնքներում շենքերի պատերին նկարազարդվեցին պատերազմում զոհված երիտասարդների դիմանկարները՝ որպես հիշատակի և հարգանքի նշան։ Սակայն վերջին շրջանում ահազանգեր են հնչում այդ դիմանկարները հեռացնելու մասին։
Երևանի քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ իրականացվում են բարենորոգման աշխատանքներ, որոնց շրջանակում մաքրվում են նաև պատերը։ Բարենորոգման անվան տակ իրականացվող «մաքրման» աշխատանքների հետևանքով մի շարք դիմանկարներ, այդ թվում` գետնանցումներում արված նկարներ, հեռացվել են։ Դրանցից մեկն էլ «Բաղրամյան» մետրոյի գետնանցումում արված Ռոբերտ Աբաջյանի դիմանկարն էր։
Ռոբերտ Աբաջյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ամենաերիտասարդ «Արցախի հերոսն» է։ Նա 19 տարեկան էր, կրտսեր սերժանտ, ծառայում էր Մարտակերտում։
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտերի ժամանակ, Աբաջյանը մարտ է վարել մինչև վերջին փամփուշտը՝ չհանձնվելով և չնահանջելով։ Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նրան հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։
Սակայն Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց, որ, ի տարբերություն Հայկազ Մկրտչյանի հարազատների, տեղի ունեցածի հետ կապված անհամաձայնություն չունի։
«Նախ այդ նկարն արվել էր առանց մեր իմացության ու թույլտվության, և երկրորդ՝ ես ինձ վատ եմ զգում, երբ ամեն անգամ փողոցի պատերին տեսնում եմ տղայիս նկարը։ Տղայիս նկարը հիմա նաև «Հաղթանակ» զբոսայգում կա, բայց ես դա էլ եմ ասելու, որ հանեն, որովհետև արդեն բավական է ինչքան մնաց»,– «Մեդիալաբին» ասում է Ալեքսանդր Աբաջյանը։
Ի տարբերություն Ալեքսանդր Աբաջյանի դիրքորոշման՝ հանրային արձագանքը բավական բուռն է։ Շատերը դիմանկարների հեռացումը դիտարկում են ոչ թե պարզապես բարենորոգման կամ մաքրման աշխատանքների, այլ իշխանությունների որդեգրած քաղաքականության համատեքստում։
«Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել»,– ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս քննադատել է սթրիթ արտ-դիմանկարների հեռացումը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները ջնջում են հերոսների պատկերները՝ կարծես փորձելով պատերից նրանց հեռացնելով ջնջել նաև սեփական պատասխանատվությունը։
«Գուցե այդ հայացքներից են վախենում։ Գուցե հերթական անգամ փորձում են հաճոյանալ նրանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր ինքնության դեմ։ Հերոսների նկարները կարելի է հեռացնել պատերից, բայց նրանց հիշատակը հնարավոր չէ հեռացնել մեր սրտերից, մեր մտքից։ Փա՛ռք մեր քաջորդիներին։ Նրանք մեր սրտերում են, մեր հիշողության մեջ և մեր խղճի առաջ՝ որպես հավերժ պարտք»,– գրել է նա։
Այդ հիշողության մի մասն էլ Արևիկ Մկրտչյանի համար եղբոր սթրիթ արտ-դիմանկարն էր, որը տարիներ շարունակ գետնանցումի պատին ոչ միայն Հայկազի ներկայությունն էր պահում, այլև նրա չապրած ուսանողական կյանքի խորհրդանիշն էր։
Եղբոր նկարը պատին արվել է 2021 թվականի գարնանը՝ ընտանիքի նախաձեռնությամբ։ Արևիկի խոսքով՝ այդ շրջանում շատ էին նման նկարներ արվում պատերին, և որևէ թույլտվության կամ արգելքի մասին խոսք չի եղել։ Հինգ տարվա ընթացքում ընտանիքը մեկ անգամ էլ թարմացրել է նկարը, որպեսզի գույները չխամրեն։
Տեղն էլ պատահական չէր ընտրված․ Հայկազը 2018-ին ընդունվել էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, սակայն չէր հասցրել սովորել ու վայելել ուսանողական կյանքը։ Այդպես, ասում է քույրը, Հայկազը կարծես մոտ կլիներ երիտասարդներին և ուսանողական կյանքին։
«Նկարը գեղեցիկ էր ստացվել, ժպտուն դեմքով, և մենք միայն դրական արձագանքներ էինք ստանում»,– «Մեդիալաբին» ասում է Արևիկ Մկրտչյանը։
Հինգ տարի անց սթրիթ արտ-դիմանկարները հեռացնելու որոշումը քաղաքապետարանը պայմանավորում է Կենտրոն վարչական շրջանի գետնանցումներում իրականացվող մաքրման աշխատանքներով, որոնք, ըստ քաղաքապետարանի, վերջին հինգ տարիներին չեն իրականացվել։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը «Մեդիալաբին» ասում է, որ աշխատանքներն առայժմ իրականացվում են միայն Կենտրոն վարչական շրջանում և միայն գետնանցումներում։
«Ոչ մի ուրիշ միտում չկա»,– նշում է նա։
Ի պատասխան հարցի, թե այդ դեպքում ինչու չեն մաքրվում հարակից պատերի խզբզանքները, Կարապետյանն ասում է, որ դրանք նույնպես մաքրվելու են, պարզապես որոշ դեպքերում, երբ ջրով մաքրել հնարավոր չէ, պատերը պետք է ներկվեն։
Կարապետյանը նշում է, որ նման դեպքերից խուսափելու համար պետք է գործել օրենքով սահմանված կարգով։
Երևանում գրաֆիտիների և որմնանկարների անվտանգությունը երաշխավորված է միայն այն դեպքում, երբ դրանց էսքիզներն ու նպատակը նախապես գրավոր համաձայնեցվել են քաղաքապետարանի կամ վարչական շրջանի հետ։
Հակառակ դեպքում՝ առանց թույլտվության արված պատկերները կարող են հեռացվել։ Եթե հեղինակն առարկում է մաքրման պահանջին, հարցը կարող է լուծվել դատական կարգով․ դատարանը կարող է սահմանել ինչպես վնասի փոխհատուցում, այնպես էլ պատկերը սեփական ուժերով հեռացնելու պարտավորություն։
«Կան որմնանկարներ, որոնց թույլտվություն է տրվել, և, բնականաբար, դրանք չեն հեռացվի, բայց դրանց շարքերում չկան հերոսների նկարներ։ Այդ նկարների համար էլ կարող են սահմանված կարգով դիմել, ստանալ թույլտվություն և նոր միայն նկարել»,– ասում է Կարապետյանը։
Ըստ քաղաքապետարանի՝ պահանջը վերաբերում է տարբեր փողոցներում, շենքերի պատերին և այլ վայրերում արված նկարներին՝ առանց բացառության։ Եթե քաղաքային իշխանությունը որոշի մաքրել նաև այդ տարածքները, ոչ մի պատկեր չի «խնայվի»։
Մինչ քաղաքային իշխանությունները հարցը դիտարկում են իրավական հարթության մեջ և նշում, որ առանց թույլտվության արված պատկերները կարող են հեռացվել, պատերազմի զոհերի սթրիթ արտ-դիմանկարների հեռացումը շարունակում է հանրային քննարկումների ու քննադատության տեղիք տալ։ Զոհված զինծառայողների հարազատների համար դրանք սոսկ պատին արված նկարներ կամ գրաֆիտիներ չէին․ դրանք երիտասարդների վերադարձն էին մի քաղաք, որտեղ նրանք այդպես էլ չհասցրին ապրել։
Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, տեղի ունեցածի մեջ նաև վտանգավոր միտում է տեսնում։
«Կարծում եմ, որ այս ամենի հետևում նաև նպատակ կա առաջ տանելու այն լոզունգը, որ հայրենիքի համար չպետք է կյանքը տալ, որովհետև միևնույն է՝ չի գնահատվելու։ Ես այդպես եմ մեկնաբանում։ Այս կերպ ուղղակի ուզում են մոռացության մատնել մեր հերոսներին, բայց չեն կարող։ Վաղը կառավարությունն էլ կփոխվի, պաշտոնյաներն էլ կփոխվեն, բայց մեր հերոսների մասին մենք կշարունակենք բարձրաձայնել, չեն մոռացվի։ Հայկազի մասին գիրք ենք հրատարակել ու շարունակելու ենք նրա անունը վառ պահել, որ սերունդները ճանաչեն»,– ասում է նա։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am
















