Արցախահայությանը բնակարանով ապահովելու՝ իշխանության այս տարբերակի տակ կան որոշակի ականներ. Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ նախկին անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը, որի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Մենք նրանց կաջակցենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշակի ֆիքսված մեծությամբ ֆինանսական միջոց հասանելի լինի տուն կամ բնակարան կառուցելու կամ գնելու համար: 10 տարի այդ բնակարանում ապրելու պարագայում դրա նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի ընտանիքին»,- նշել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ Կառավարությունը նախընտրելի բնակավայրերի ցանկ կհրապարակի, որոնք լինելու են առավելապես գյուղական բնակավայրեր։

– Այս հարցին կարելի է մոտենալ երկու տեսանկյունից․ Հայաստանի իշխանությունները 2020 թվականին տեղահանվածներին սերտիֆիկատ տրամադրելու փորձ ունեին, բայց դա լրիվ այլ քաղաքական ենթատեքստ ուներ, քանի որ Հայաստանը որոշակի պարտականություններ ուներ կատարելու այն քաղաքացիները նկատմամբ, որոնք վերաբնակվել էին Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններում, իսկ հիմա տրամագծորեն այլ իրավիճակ է ստեղծվել։ 

Էթնիկ զտման հետևանքով ողջ արցախահայությունը զրկվել է իր պատմական բնօրրանից, իր ունեցվածքից ու հիմա նոր կյանք պետք է սկսի։ Արդյոք Հայաստանի տնտեսությունն ի վիճակի՞ է այս ծանրության տակ մտնել՝ ես չեմ կարող ասել, որովհետև բավարար տեղեկություն չունեմ, բայց այն գումարի չափը, ու այն հետազոտությունները, որ կատարել են ու դրանց մասին բարձրաձայնել՝ երրորդական շուկայից տուն ձեռք բերելու ու մայրաքաղաքից հեռու գտնվող բնակավայրերում բնակարաններ ձեռք բերելու, իմ պատկերացմամբ, լուծման լավագույն տարբերակը չէ։ 

Միգուցե Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է ավելի համակողմանի ուսումնասիրել բնակարանային խնդիրը ու որոշում կայացնել, արցախահայությանը գոնե մեկ կամ երկու բնակավայրում կենտրոնացնել, որպեսզի մարդիկ իրենց ավանդույթները չկորցնեն, այսինքն՝ կոմպակտ ձևով ապրեն, մեկը մյուսին կարողանան օգնել, միմյանց ապավինել։ Այսկերպ կորցնելու ենք այն կորիզը, որը հետագայում հնարավորություն է տալու այդ մարդկանց, աշխարհաքաղաքական ինչ-ինչ վերադասավորումների արդյունքում, վերադարձնելու պատմական հայրենիք։ Իմ պատկերացմամբ՝ իշխանության առաջարկած այս տարբերակը լիարժեք ուսումնասիրված չէ, ու այս ծրագրի տակ կան որոշակի ականներ։ 

– Եթե ձեր առաջարկած տարբերակը լիներ, արցախահայությունը կհամաձայնե՞ր բնակվել կոնկրետ առանձնացված վայրերում։

– Ինձ թվում է՝ այո, որովհետև այս հինգ ամիսների ընթացքում մարդկանց մեջ առաջացել է խոր հիասթափություն, հակակրանք՝ կոնկրետ իրենց հանդեպ իշխանության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ։ Մեծ մասամբ հուզականություն կա այդ հակակրանքի տակ, քանի որ մարդիկ մնացել են մենակ, ոչ մեկը չի աշխատում նրանց հետ, չի բացատրում, հոգեբանական աջակցություն չի տալիս, չի խոսում: Արցախցին իրեն զգում է լքված, բացարձակապես մեն-մենակ իր խնդիրների հետ։ 

Այն սոցիալական «աջակցությունը», որ հիմա տրամադրվում է՝ 40+10 ու 50 հազարները միանվագ, որ այլևս չեն տալու, ու ապրիլ ամսվանից բնակարանային այդ ծրագիրը, ուղղակի բավարար չեն ու չեն կարող հոգալ մարդկանց հոգսերը։ Մարդիկ մինչև հիմա ապրել են իրենց կուտակած կոպեկի հաշվին, ու այդ աջակցությունը, որ մինչև հիմա թմբկահարվում է, մեծ հաշվով որևէ խնդիր չի լուծել: 

Մարդիկ էլ, որոնք կուտակած գումարներ չեն ունեցել, փորձել են աշխատանքային տարբեր շուկաներում աշխատանք գտնել, անգամ ցածր վարձատրվող, որպեսզի կարողանան իրենց օրվա ցամաք հացի գումարը վաստակել։ Մարդկանց առաջարկել միայն բնակարան, կարծում եմ՝ դա բերելու է մի վիճակի, երբ մարդիկ հազարներով հեռանալու են երկրից, ինչը լրացուցիչ անգամ հարվածելու է պետության անվտանգության համակարգին։ 

– Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է Հայաստանի քաղաքացիություն ստանան, պարո՛ն Հովհաննիսյան։ Արցախահայության մեծ մասը ցանկություն ունի՞ դառնալ Հայաստանի քաղաքացի։

– Եթե դուք հարցում անեք Անձնագրային ու միգրացիայի վարչություն, կտեսնեք, թե ինչքան քիչ տոկոս է կազմում Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների դիմումները, որովհետև ի սկզբանե ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցուն դու անհասկանալի վիճակի մեջ ես դնում, տարանջատում ես։ Այդ մարդիկ երբեք դիմում չեն գրել հրաժարվելու Հայաստանի քաղաքացիությունից ու երբեք դիմում չեն գրել ընդունելու Հայաստանի քաղաքացիություն, այդ մարդիկ իրենց համարել են Հայաստանի մի մասնիկ։ Այս քաղաքականությունը, որը հիմա վարում է Հայաստանի իշխանությունը, երևի պայմանավորված է խաղաղության դարաշրջան բացելու հանգամանքով, դրա համար են ստիպում արցախցիներին գնալ անհասկանալի քայլի, որի վերջնարդյունքը չգիտեմ թե ինչ է տալու հայ ժողովրդի մեծ մասին, պետությանը։ 

– Նկատի ունեք, որ այս քաղաքականության նպատակը հետագայում արցախահայության՝ Արցախ վերադառնալու թեման փակե՞լն է։ 

– Իհարկե, սա ուղղակի հուշում է, որ հստակ պայման է դրվում՝ կա՛մ դու դառնում ես Հայաստանի Հանրապետության, կա՛մ Ադրբեջանի քաղաքացի։ Արցախ վերադառնալու պայմանը Ադրբեջանը թելադրել է, ու դրա դեմ ներկայիս իշխանությունները որևէ հակափաստարկ չեն առաջարկել, ինչը տրամաբանորեն հուշում է, որ ներկայիս իշխանությունների համար անկախ Արցախի գոյության հարցը մեկընդմիշտ փակված է։

– Խաղաղ ապրելու հեռանկարին հավատո՞ւմ եք աշխարհաքաղաքական այս պայմաններում։

– Ճիշտն ասած, ես երազում եմ, որ բոլոր ազգերը խաղաղ ապրեն, պատերազմով անցած մարդու համար ամենամեծ արժեքը խաղաղությունն է, բայց մեր տարածաշրջանում, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական տարբեր շահեր, խաղաղության հասնելու համար միայն հայ ժողովրդի ցանկությունը բավարար չէ։ Իմ պատկերացմամբ՝ մեր առջև հստակ դրված է՝ կա՛մ ստրկություն, կա՛մ պայքար և արժանապատվության վերականգնում։ 

– Իշխանությունը ո՞ր տարբերակն է ընտրել՝ դատելով նրանց գործելաոճից։

– Միգուցե նրանք բավականաչափ իմաստուն են ու դրանից դրդված խորամանկ քայլեր են անում, բայց եթե իրենց նպատակներում ազնիվ են ու գնում են ռեալ խաղաղության, թող ասեն՝ ի՞նչ ձևով են հասնելու դրան, որովհետև ինձ համար այդ ճանապարհը տեսանելի չէ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am