Ոսկեպարցիներն՝ առանց բացառության, չեն պատրաստվում մեկ քայլ անգամ հետ կանգնել ընդվզման գործընթացից. Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, քանի որ օրեր առաջ տեղափոխվել եք Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, կխնդրեմ նախ ասեք, թե ի՞նչ տրամադրություններ են այսօր այդտեղ, ի՞նչ են մտածում բնակիչները ստեղծված իրավիճակի մասին։

– Իրավիճակը բավականին կայուն է այն տեսանկյունից, որ գյուղացիները՝ առանց բացառության, չեն պատրաստվում մեկ քայլ անգամ հետ կանգնել այս ընդվզման գործընթացից։ Այս գործընթացի իրականացման միակ տարբերակը փոխադարձության սկզբունքն է, բայց այն, ինչ այսօր առաջարկվում է, ուղղակի բացառված տարբերակ է։ 

Իշխանությունը մոտ երկու շաբաթ առաջ էր այստեղ, երբ ասաց, որ պետք է հողերը հանձնվեն, դրանից հետո ասել էր, թե մեկ շաբաթ կամ առավելագույնը տասը օր հետո կայցելի ու իր պատասխանը կասի, քանի որ լսել է նրանց դիրքորոշումը։ Իշխանությունը մինչ օրս չի եկել, որովհետև իրականում, մեղմ ասած, վախենում կամ սարսափում է այն ընդունելությունից, որը կարող է լինել։ Տասը օրից ավելի է անցել, բայց իշխանությունից որևէ լուր չկա։

– Ձեր կարծիքով՝ իշխանությունը հետ կկանգնի՞ իր որոշումից, որովհետև նրանց կողմից շարունակվող հայտարարությունները, խոսույթը ցույց են տալիս, որ նրանք շարունակում են մնալ այն համոզմանը, ինչ Նիկոլ Փաշինյանն ասաց Տավուշում։

– Ինքնակամ, բնականաբար, այդ մտքից հետ չի կանգնի, բայց պարտադրել, որ հետ կանգնի, անպայման հնարավոր կլինի։ Նույնիսկ միայն ոսկեպարցիների ջանքերով իշխանության բոլոր խաղաքարտերը խառնվել են իրար, նրանք անգամ չէին պատկերացնում, որ կարժանանան գյուղացիների նման վերաբերմունքին: Դա նրանց համար մեծ զարմանք էր, ու ես վստահ եմ, որ մինչև այսօր չեն կարողանում ընկալել, թե ի՛նչ կատարվեց այս համայնքներում: Նրանք շատ լավ զգում են, որ այստեղից կարող է դրվել իրենց վերջի սկիզբը, շատ լավ են զգում։ 

Այստեղ կան բոլոր հնարավորությունները, որ ամեն ինչի վերջը հիմնահատակ դրվի։ Սա այլևս համազգային ճգնաժամ է, ուրեմն այստեղ ազգի բոլոր շերտերը պետք է ասելիք ունենան, այլ կերպ սա չի լինելու, պետք չէ սա վերածել միայն նեղ քաղաքական գործընթացի, սա համազգային ճգնաժամ է։ Դուք պատկերացնո՞ւմ եք հյուսիսային դարպասները հանձնելն ինչ է նշանակում մեզ համար, ի՞նչ է սպասում մեզ դրանից հետո։ 

– Նույն այս իրավիճակում, երբ որ Արցախն էր, դուք գնացիք Աղավնո, բայց եղավ այն, ինչ եղավ, հիմա ի՞նչ երաշխիքներ կամ հույսեր ունեք, որ նույն Արցախի սցենարը չի կրկնվի այս պարագայում, պարո՛ն Պետրոսյան։

– Այդ մարդկանց ես ընդամենը ասում եմ, որ իմ հասանելիք քայլը ես արել եմ, իսկ դուք որտե՞ղ էիք այդ ժամանակ։ Նույն իրավիճակը, իրականությունը այստեղ է, եթե որևէ մեկը քայլ չանի, սա միայն ժողովրդին չի վերաբերում, սա առաջին հերթին վերաբերում է իրեն էլիտա անվանող այդ փոքրամասնությանը, որը կարծում է, թե իրենք մտավորական են, էլիտա են։ Կա ճգնաժամ, կա խնդիր, ազգային խնդիր, ունե՞ք ազգային խնդրի վերաբերյալ դիրքորոշում, թե՞ ոչ, եթե ունեք՝ ինչպե՞ս է արտահայտվում։ Տանն ուղղակի հուզվում, խոսում եք, ու անցնում գնո՞ւմ է։ Հիմա պետք է ձևավորվի այդ դիրքորոշումը, ու դրա դրսևորման կիզակետն էլ այսօր այստեղ է, որովհետև այս ամեն ինչի դեմ պայքարը սկսել են ոսկեպարցիները, մենք եկել ենք այստեղ առաջին հերթին կանգնելու ոսկեպարցիների կողքին։ 

Երկրորդը՝ մեր հնարավորության չափով այս խնդիրը պետք է դարձնենք համազգային, որ բոլոր շերտերը ներգրավվեն, այդ թվում և՝ սփյուռքը, ու այստեղից կսկսվի այդ փոփոխությունը։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Երևանում է լուծվելու խնդիրը, բայց որտեղի՞ց է սկսվում այդ գործընթացը՝ ամենակարևորը սա է։ Գործընթացը սկսվում է այստեղից, ինչքան ճգնաժամը խորքային է լինում, այնքան մոտեցումները պետք է խորքային լինեն, ինչքան ոչ օրինաչափ է իրավիճակը, այնքան քայլերը ևս պետք է ոչ օրինաչափ լինեն։ 

Բոլորս էլ հասկանում ենք, որ խնդիրը Երևանում է լուծվելու, բայց գործընթացի սկիզբը փաստացի դրել են այս մարդիկ այստեղ, դուք գալի՞ս եք այստեղ, կանգնում նրանց կողքին, գործընթացը զարգացնում, դրան տալիս թափ, բովանդակություն ու վերջում տանում, հասցնում Երևան, թե՞ ոչ։ Եթե մինչև հիմա այս գործընթացը կասեցրել են, դա արել են այս մարդիկ։ 

– Այսինքն՝ հիմա Տավուշում սպասում են, որ իշխանությունը գա ու իր դիրքորոշո՞ւմն ասի, ինչպես խոստացել է։

– Անկեղծ ասած, այդ դիրքորոշմանը չեն էլ սպասում, որովհետև ոսկեպարցիների համար այդ դիրքորոշումն ընդհանրապես էական չէ։ Ասում են՝ կա՛մ լինում է փոխադարձության սկզբունքով, կա՛մ չի լինում, միակողմանի ոչ մի սանտիմետր չենք զիջելու, կանգնելու ենք մինչև վերջ, եթե պատերազմ է լինելու՝ մեզ դրանով մի՛ վախեցրեք։ Մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ իշխանության դերը սահմանափակվում է միայն Ադրբեջանի սուրհանդակի գործառույթով, ուրիշ ոչնչով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am