Ռուսները փորձում են եռակողմ ձեւաչափի կենսունակություն ցույց տալ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կրեմլը պաշտոնապես հայտնում է նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին: Փաստորեն, Բրյուսելի հանդիպումից առաջ կլինի հանդիպում Սոչիում՝ հնարավոր է եռակողմ նոր հայտարարության ստորագրությամբ:

Հետաքրքիր է, ինչ արձագանք է լինելու հայաստանյան այն շրջանակներից, որոնք Բրյուսելի հանդիպումը դիտարկում էին իբրեւ Ռուսաստանին մերժելու ու Եվրոպային ընդունելու ակտ: Ըստ երեւույթին հիմա կսկսի խոսակցություն «ստրկանալու» մասին: Քաղաքականության վերաբերյալ հայաստանյան «դիսկուրսում» դա ցավոք սրտի վերածվել է իրողությունների գնահատման օրինաչափ տրամաբանության:

Իսկ բուն իրականությունը իհարկե շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, ու ինչպես առիթ ունեցա ասելու, Բրյուսելը դիտարկել որպես Մոսկվայի հակադիր գործընթաց, թերեւս ռացիոնալ չէ: Հատուկ նշեմ, որ այս մասին խոսակցությունները չեն նշանակում կոնսենսուսային մոտեցումներ, բայց ակնառու է որոշակի համադրված աշխատանքը, որովհետեւ բոլոր կողմերն էլ հասկանում են՝ առնվազն ի վիճակի են իրար շատ խանգարել:

Այս պարագայում հարց է առաջանում, եթե Սոչիում հանդիպում են, ի՞նչ իմաստ է ունենալու Բրյուսելի հանդիպումը: Իմ գնահատմամբ՝ այստեղ հենց իրար «չխանգարելու» իմաստն է: Ռուսները փորձում են եռակողմ ձեւաչափի կենսունակություն ցույց տալ, միաժամանակ փորձելով դա փոխշահավետ տրամաբանության ծիրում կապիտալիզացնել համանախագահության ձեւաչափում:

Եթե իմ դիտարկումը մոտ է իրականությանը, այդ միջավայրը Հայաստանի համար եթե ամենալավն էլ չէ, ապա գոնե համեմատական դրականներից է, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ աշխատանքային համեմատաբար լավ հնարավորություն ընձեռնողներից է, որ կարող էին լինել հետպատերազմյան փուլում: Կարծում եմ այդ ֆոնին պատահական չէ, որ Բաքուն ու Անկարան շտապում են ինչ որ բան համոզել Թեհրանին:

Իհարկե առանձին հարց է, թե որքան ամուր կարող է լինել միջավայրային այդ հնարավոր տրամաբանության զարգացման հեռանկարը: Սա արդեն կախված է շատ գործոններից»: