«Եթե Արցախում իսկապես խնդիրը ներիշխանական ինտրիգներն են, ապա դա անշուշտ, վտանգավոր իրողություն է». Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Արցախում «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ», ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հաշվի առնելով իրավիճակը, որում այսօր Արցախը գտնվում է, ինչպե՞ս եք գնահատում նախագահի այս որոշումը։

– Ստույգ գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տեղեկատվության տիրապետելով է, որ Արցախի նախագահը գնում է նման նախաձեռնության, և այլ ինչպիսի հանգամանքներ ու գործոններ կան, որոնք հանրությանը հայտնի չեն, բայց հայտնի են Արցախի քաղաքական վերնախավին ու մղել են այսպիսի նախաձեռնության։ Սա որքանո՛վ է պայմանավորված ներիշխանական ինտրիգների հանգամանքով ու որքանո՛վ է պայմանավորված արտաքին միջավայրում առկա մարտահրավերներով, որոնք առաջացնում են նաև այդպիսի սցենարներ դիտարկելու ու նաև դրանց պատրաստ լինելու անհրաժեշտություն, այսինքն՝ այս երկու հանգամանքն է, որոնց վերաբերյալ մանրամասները թույլ կտան հստակ գնահատել, թե ինչ նախաձեռնության հետ գործ ունենք։

Մենք մի կողմից տեսնում ենք, որ Արցախի շուրջ շատ բարդ իրավիճակ է, ինչն էլ իր հերթին պահանջում է Արցախից որոշակի կոնսոլիդացիա ու կարծես թե առաջացնում է հետևյալ տրամադրությունները, որ պետք է մի կողմ թողնել տարբեր հարցերը ու կոնսոլիդացվել՝ այս ամենին դիմագրավելու համար, մյուս կողմից սակայն այդ բազմաշերտ ու բարդ իրավիճակը նաև պահանջում է ունենալ հնարավոր զարգացումների վերաբերյալ սցենարներ ու արցախյան հասարակական-քաղաքական պետական օրգանիզմը պատրաստ դարձնել նման սցենարների։ Հիմա ո՛ր տարբերակի հետ գործ ունենք, կրկնեմ, շատ բարդ է ասել։

– Խոսակցություններ են արդեն շրջանառվում, որ սա արվում է Արցախում անցնցում իշխանափոխություն ապահովելու նպատակով, որ իշխանությունը հանձնվի Ռուբեն Վարդանյանին։ Հավանական համարո՞ւմ եք այս սցենարը։

– Միանգամայն հնարավոր է, որ կա նաև այդպիսի մոտիվ, ու սրա համար է, որ շատ կարևոր է հասկանալ, թե այս ամենի հիմքում որքան են ներքին ինտրիգները, գուցե նաև պայմանավորված արտաքին գործոններով, ու որքան է արտաքին միջավայրի հանդեպ ավելի ճկուն ու դիմադրունակ լինելու մոտիվը, այսինքն՝ ավելի էֆեկտիվ կառավարման համակարգ ձևավորելու մղումը։

Շաբաթներ առաջ, օրինակ՝ տեսանք, որ բավական ինտրիգային բռնկում տեղի ունեցավ՝ կապված Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ, որին հաջորդեց նրա հերքող հայտարարությունը, ու նույնիսկ նշեց, որ սխալ է համարում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ու համարում է, որ պետք է կոնսոլիդացվել ու դիմակայել առկա մարտահրավերներին։

Դժվար է ասել՝ հիմա ընթանո՞ւմ են ներքին խմորումներ, բայց, կրկնեմ, եթե իսկապես խնդիրը ներիշխանական ինտրիգներն են, ապա սա, անշուշտ, ցանկացած դեպքում վտանգավոր իրողություն է՝ անկախ նրանից, թե ինչպես դա կարտահայտվի։ Բայց եթե հարցի հիմքում ընկած է նշածս մյուս հանգամանքը, արդեն բոլորովին այլ տրամաբանության հետ գործ ունենք։ Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ Արցախը՝ չճանաչված պետություն լինելով հանդերձ, որպես հասարակական-քաղաքական օրգանիզմ, բնականաբար, պետք է ունենա բավական ճկուն ֆունկցիոնալություն։

– Պարո՛ն Բադալյան, իսկ այդ գործընթացն ի՞նչ ազդեցություն է ունենալու միջազգային կոնսոլիդացիայի վրա՝ Լաչինի միջանցքի բացման համատեքստում, եթե պարզվի, որ Արցախում իսկապես ներիշխանական խմորումների պատճառով է արվում Սահմանադրության փոփոխություն, այլ ոչ թե ձեր ասած՝ ավելի էֆեկտիվ ու ճկուն համակարգ ունենալու։

– Չեմ կարծում, թե աշխարհում նստած նայում են՝ Արցախում ինչ նախաձեռնություններ են արվում, ու այս տեսանկյունից չարժի գերագնահատել այս իրողությունների միջազգային ընկալումը։

Միջազգային դերակատարները բոլորովին այլ չափումներ ունեն արցախյան խնդրի, հայ-ադրբեջանական հակամարտության մասով, ու այս տեսանկյունից շատ կարևոր է, որ Արցախն ինչպիսի հասարակական-քաղաքական գործընթաց էլ ծավալի, դա անի բովանդակային ու որակական համարժեքության շրջանակում, որովհետև, այո՛, եթե աշխարհում տեսնեն, որ այնտեղ ընդամենը իշխանության համար կռվի հարցեր են լուծում, սա որևէ կերպ չի նպաստի Արցախի սուբյեկտայնությանը:

Բայց եթե տեսնեն, որ Արցախում հասարակական-քաղաքական օրգանիզմը ի վիճակի է քաղաքական արդիականացման, կառավարման համակարգի վերափոխումների հասուն պրոցեսներ տանել առաջ, միմիայն կարող է բարձրանալ Արցախի սուբյեկտային ներուժի ընկալման աստիճանը, ու այս տեսանկյունից է, որ Արցախը պետք է կարողանա ապրել ու ցույց տալ, որ ի վիճակի է ապրել արդիական մրցակցության կանոնների համաձայն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am