«Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ՌԴ խելագարության ժանրից է, դժվար է պատկերացնել, որ Պուտինը կընդունի նրան». վերլուծաբաններ

«Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ՌԴ խելագարության ժանրից է, դժվար է պատկերացնել, որ Պուտինը կընդունի նրան». վերլուծաբաններ
«Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ՌԴ խելագարության ժանրից է, դժվար է պատկերացնել, որ Պուտինը կընդունի նրան». վերլուծաբաններ

Այսօր հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճատև այցով մեկնել է Մոսկվա: Ենթադրվում է, որ նա վաղը պետք է վերադառնա Հայաստան, քանի որ ապրիլի 12-ի երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք է նախատեսված: Մոսկվա կատարելիք այցի մասին Հովհաննիսյանը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում՝ հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը: «Պարո՛ն Պուտին, դուք դարձի եք գալու, գալու եք այս հրապարակ և ողջունեք այս ժողովրդին»,- Ազատության հրապարակում ասել էր Հովհաննիսյանը:

Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները հումորով են վերաբերվում Հովհաննիսյանի այս և վերջին շրջանում կատարած քայլերին:

«Ես չգիտեմ, թե ո՛ւր է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք առաջին շրջանում բավականին լուրջ դրսևորումներ ունեինք և բավականին լուրջ գնահատականներ էինք տալիս նրան՝ մտածելով, որ իրոք կձևավորվի կառուցողական ընդդիմություն: Իսկ հիմա արդեն գործունեությունն անհեթեթ է, դրա համար գնահատականներ տալը դժվար է»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա իրատեսական չի համարում, որ Վլադիմիր Պուտինը կգա Ազատության հրապարակ: «Գիտեք, չէի ցանկանա ավելի կոշտ գնահատականներ տալ, քանի որ ամեն անձ իր չափերի մեջ շատ կշռադատված է: Նրանք, ովքեր իրենց չափից ավելի զորություններ են պահանջում և մտածում են, որ այդ շրջանակում պետք է գործեն, գնալով թուլանում, դառնում են ծիծաղելի և անհեթեթ»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ու դրույթները երբեք իրատեսական չի համարել: «Ես չեմ տեսնում առարկա, որը կարելի է քննարկել ու մեկնաբանել: Նրանք ուղղակի փակուղու մեջ են, գիտակցության փակուղի գոյություն ունի»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Շաքարյանցը: Նա ֆանտազիա անվանեց Րաֆֆի Հովհաննիսյանի «այցը» Պուտինին: Քաղաքագետն ասում է, որ ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանն իրավունք չունեն խոսելու ժողովրդի անունից:

«Ժողովրդի մեծ մասը մնացել է տներում՝ չիմանալով, թե ինչպե՛ս լուծի իր սոցիալ-տնտեսական առօրյան: Նրանք չեն ներկայացնում ողջ հայ ժողովրդին, թող այդ խիզախությունը գնան արտասահմաններում տարածեն, ոչ թե Հայաստանում: Ես չեմ տեսնում իրատեսական քայլեր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ոչ էլ նրա նախընտրական ծրագիրն էր իրատեսական»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նույնպես մեծ դժվարությամբ է հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը: «Ինձ համար աննախադեպ է, և ես չեմ կարող ասել, թե դա ի՛նչ է նշանակում»,- «Մեդիալաբին» հարցադրմանն այսպես պատասխանեց Բոզոյանը: Նա նշեց, որի Հովհաննիսյանի հայտարարությունն ու այցը ՌԴ խելագարության ժանրից է, քանի որ դժվար է պատկերացնել, որ Պուտինը նրան կընդունի: «Մենք մեղք ենք, որ նման քայլեր պետք է մեկնաբանենք, ամոթ էլ է»,- ասաց քաղաքագետը:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր նույնպես Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հովհաննիսյանի այցին Ռուսաստան: «Փաստորեն через Մոսկվա Վաշինգտոն, ի՞նչ եք ուզում, բայց լավ է, որ վերադառնալու է: Չեմ կարծում, թե դա one way ticket է»,- ասել է Շարմազանովը:

© Medialab.am