Թուրք դրամատուրգը Դինքի մահվան տարելիցին հուզիչ նամակ է գրել

Թուրք դրամատուրգը Դինքի մահվան տարելիցին հուզիչ նամակ է գրել
Թուրք դրամատուրգը Դինքի մահվան տարելիցին հուզիչ նամակ է գրել

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին հայտնի թուրք գրող և դրամատուրգ Ադալեթ Աղաօղլուն հուզիչ նամակ է հղել Դինքի ընտանիքին ու նրա հիմնադրած «Ակոս» պարբերականին: «Արմենպրես»-ը հրատարակել է «Ակոս»-ում հրապարակված նամակը, որն աամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Շատ-շատ սիրելի Հրանտ Դինքի ընտանիք, «Ակոս» պարբերական…

Հրանտ Դինք, եղբայրս, քեզ մի պահ անգամ չեմ մոռանում: Ես քեզ հիշում եմ կենդանության օրոք՝ խաղաղությանը նվիրված ժողովներին, մեր կողքին կանգնած: Կարևոր էր, որ նման թեմաների վերաբերյալ խոսեր քեզ նման բաց հայացքով, բռնությանը դեմ և խաղաղությանը կողմ կեցվածք ունեցող մեկը:

Ոչ մի րոպե մտքիցս դուրս չի գալիս: Այնքան գեղեցիկ էիր խոսում, որ հավատա՝ քեզ ամեն անգամ ոգևորվածությամբ ուզում էի գրկել: Ափսոս, շատ ափսոս: Քեզ մեզնից բռնությունը հեռացրեց: Միշտ բռնությանը դեմ էի, իսկ այն բանից հետո, ինչ բռնության պատճառով քեզ կորցրինք, շատ ավելի վստահ դարձա այդ համոզմունքիս մեջ:

Սիրելի Հրանտ, երբ մի օր լսեցի, որ քեզ ուզում են դատեն, անմիջապես կանգնեցի «Ակոս»-ի առաջ, քո կողքին: Բղավում էի. «Քեզ ոչ ոքի չեմ տա»: Միասին փորձում էինք թույլ չտալ քո բանտարկումը: Ինչ ափսոս, որ բռնությանը զոհ գնացիր: Քեզ շատ եմ կարոտում, Հրանտ Դինք:

Ա՜խ, իմ Հրանտ Դինք: Ես և ամուսինս խոնարհվում էինք քո հիշատակի ու մեծության առջև: Հուլիսին կորցրեցի քո հանդեպ մեծ հարգանքով լցված ամուսնուս: Այդպիսով, աստիճանաբար ավելի փոքրացա, սակայն դիմանում եմ: Ձեր երկուսի հիշատակին լավագույնը, որ կարող եմ անել, դա սեփական մտքերիցս չհրաժարվելն ու իմ ճանաչած ճանապարհով առաջ ընթանալն է»: