Լռությունը նույնպես խոսք է. Արամ Աբրահամյան

Լռությունը նույնպես խոսք է. Արամ Աբրահամյան
Լռությունը նույնպես խոսք է. Արամ Աբրահամյան

Այն, որ Վանո Սիրադեղյանի թեման ժամանակ առ ժամանակ սկսում է հուզել մեր հասարակությանը, միանգամայն տրամաբանական է՝ այս գործիչը մեր պետության հիմքը դնողներից մեկն է: Ով ցանկանում է այդ պետության մեջ միայն վատը տեսնել, բնականաբար, այս առիթով մի երկու թունոտ ռեպլիկ կանի: Բայց ես փորձում եմ նկատել թե դրականը, թե բացասականը՝ ինչպես պետության, այնպես էլ նրա հիմնադիրների մեջ, իսկ քանի որ Վանոն բացակայում է, այս պահին կուզենայի միանալ նրանց, ովքեր շեշտում են նրա արժանիքները՝ հասկանալով, սակայն, որ անցումային ամենադժվար շրջանում ներքին գործերի նախարար աշխատած անձնավորությունը չէր կարող բոլոր տեսանկյուններից իրեն դրսեւորել որպես կատարյալ հրեշտակ:

Ես ոչ պաշտոնապես սկսեցի Վանոյի հետ շփվել 94-ի աշնանից եւ կարող եմ փաստել, որ նա տեսնում էր այն թերությունները, որոնք սաղմնային ձեւով կային արդեն այն ժամանակ, իսկ այսօր հարյուրապատկվել ու հազարապատկվել են: Եվ, օրինակ, նրա «Շամիրամ» նախընտրական նախագիծը, որի հասցեին հնչել եւ հնչում են բազմաթիվ հայհոյանքներ, իմ կարծիքով, փորձ էր՝ հակադրվելու նախեւառաջ իշխանության այդ դրսեւորումներին. այդ կանա՞յք էին ավելի շատ սազում խորհրդարանին, թե՞ Կարամելները, Կոմբիկերները եւ Նվեր Չախոյանը: Դուք կասեք, իհարկե՝ խորհրդարանը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե արհեստական խմբակցություններ ստեղծվեն ՆԳ նախարարի կողմից. տեսականորեն դա ճիշտ է, իսկ գործնականում՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Թող նրանք, ովքեր 95-ին Կարամելներին եւ Կոմբիկերներին առաջին անգամ խորհրդարան մտցրին, չձեւացնեն, թե իրենք միշտ արդար ընտրությունների կողմնակից են եղել:

Ընդհանրապես, բազմիցս հնարավորություններ ունեի համոզվելու, որ Վանոն հեռուն է տեսնում եւ այսօրվա արատներից շատերն է կանխատեսել՝ դեռ այն ժամանակ, երբ իշխանափոխություն տեղի չէր ունեցել, եւ նա հանդես չէր եկել իր հրապարակախոսական հոդվածներով: Մի անգամ Վազգեն Սարգսյանն ինձ ասել էր՝ «շատերը գովում են Վանոյի ինտուիցիան՝ նրանք չեն հասկանում, որ կարեւոր խնդիրների շուրջ պարզապես շատ է մտածում»: Հիմա էլ, վստահ եմ, շարունակում է մտածել: Իսկ որ չի խոսում՝ երբեմն լռությունն ավելի շատ բան է ասում:

Միանում եմ նրանց, ովքեր ուզում են, որ նա վերադառնա: Բայց՝ վերադառնա Հայաստան, ոչ թե քաղաքականություն: Նրա, ինչպես նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի նրա բոլոր «գործընկերների» աստեղային ժամը 88-90 թվականներն էին՝ քաղաքական պայքարի մասին նրանց պատկերացումները, ուզեն թե չուզեն, կապված են այդ ժամանակաշրջանի հետ: Իսկ այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ Հայաստանում եւ այլ աշխարհում: Կարծում եմ՝ կարիք չկա դա երկար ապացուցելու, եւ խորապես գնահատելով այդ մարդկանց վաստակը՝ կարծում եմ, որ նրանց մոտեցումները հնացել են:

Բարոյական տեսանկյունից Վանոյի վերադարձն, անշուշտ, դրական դեր կխաղա: Էլ չեմ ասում, թե որքանով է դրանից շահելու գրականությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ»