Դատավորների «մագնիտսկու ցուցակ» ենք պատրաստում, սկսում ենք ժողովրդական վեթինգ. Մարինա Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը

– Տիկի՛ն Պողոսյան, դուք այսօր առավոտյան ձեր Ֆեյսբուքի էջում գրել էիք՝ սկսում եք դատավորների ժողովրդական վեթինգ։ Ի՞նչ է դա նշանակում։

– Սա նշանակում է, որ իշխանությունները, կառավարությունը և հատկապես արդարադատության նախարարությունը չեն կատարել իրենց խոստումները։

Այն խոստումները, որոնց միջոցով ժողովրդին բերեցին հրապարակ, փաստացի չեն կատարվել, բայց չէ՞ որ ժողովուրդ եկել էր հրապարակ ոչ միայն Սերժին մերժելու, այլ նաև անցումային արդարադատություն իրականացնելու, դատական համակարգ բարեփոխելու, հին դատավորներից ազատվելու համար։

Մենք խոստում ստացանք, որ դատավորների վեթինգ կլինի, կլինի անցումային արդարադատություն և այլն։ Բայց հիմա եկել ենք մի իրավիճակի, երբ դատական համակարգում դատավորներ են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նշանակած անձինք։

Դատավորի բարեվարքությունը շատ կարևոր է։ Հիմա արդարադատության նախարարն առաջարկում է՝ եկեք մենք նրանց շատ բարձր աշխատավարձ վճարենք, թող իրենք շարունակեն դատել ու իրենց մահով մահանան։

Սա նշանակում է, որ մենք պետք է համակերպվենք արդարադատության այն համակարգի հետ, որը նախկինում եղել է։

Այսինքն՝ արդարադատության նախարարը ոչ պրոֆեսիոնալ է վարվում, իսկ քայլերը՝ բարեփոխումները վիժեցնելու փորձ։ Ի՞նչ դժվար է ուսումնասիրել շուրջ 230 դատավորի բարեվարքությունը, ուսումնասիրել նրանց գույքը, գիտելիքները։ Չէ՞ որ մենք ունենք հստակ տվյալներ, թե ինչ կաշառակեր դատավորներ կան։

Ես բազմիցս ասել եմ, որ դատարաններում կան դատավորներ, որոնք թմրամիջոցներից կախվածություն ունեն, հատկապես Վերաքննիչ դատարանում նրանց թիվը բավականին շատ է։

Հիմա եթե իրենք չեն անում վեթինգ, ուրեմն մենք «մագնիտսկու ցուցակի» նման մի բան ենք կազմելու ու կհրապարակենք անուն առ անուն։

Այո՛, ժողովուրդը պետք է ճանաչի այն դատավորներին, որոնք դատավոր լինելու իրավունք չունեն։ Հրապարակելուց հետո դիմելու ենք Բարձրագույն դատական խորհուրդ, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողով։

Դե, արդարադատության նախարարություն դիմելն անիմաստ է, որովհետև երբ ասում ես՝ այս դատավորը կաշառակեր է, ասում են՝ ոչինչ, արի մենք նրան բարձր աշխատավարձ տանք, թող ինքն աշխատի։

– Ձեր «մագնիտսկու ցուցակում» դատավորների անունները հրապարակելիս առաջնորդվելու եք փաստերո՞վ։

– Բնականաբար։ Դա այնքան նուրբ դաշտ է, և դատավորի մասին կարծիքները կարող են սուբյեկտիվ լինել, քանի որ դատավորից երբեք երկու կողմը գոհ չի մնում, միշտ մի կողմը սուբյեկտիվ է լինում, և մենք չպետք է տրվենք սուբյեկտիվիզմի, քեն քշելու և վրեժ լուծելու հոգեբանությանը։

Օրինակ՝ դատավոր Սուսաննա Գզողյանը մեր առաջին ծիծեռնակն է, որն ակնհայտ ապօրինի որոշումներ է կայացնում, օրինակ՝ տուն ունի Վանաձորում վարձով, բայց այնտեղ չի ապրում։

Իսկ այդ վարձի գումարը վճարվում է պետական բյուջեից։ Դա կոչվում է պետական միջոցների մսխում։ Ցանկացած դատավորի անուն մինչև այդ ցուցակում գրելը պետք է ունենանք հիմնավոր փաստեր։

Կա դատավոր, որը քառահարկ ճոխ առանձնատուն ունի, լողավազաններով, 100-150 հազար դոլարանոց մեքենաներ։ Իսկ այդ ունեցվածքը չի համապատասխանում դատավորի ստացած աշխատավարձին։

Ես ուզում եմ, որ թյուր կարծիք չլինի, թե իբր մենք գնացինք դատարան, այս դատավորի դատական ակտը չբավարարեց, ու մենք դիմում ենք այս քայլին։ Ո՛չ, նման բան չի կարող լինել։ 

– Հնարավո՞ր է կառավարությունը դրա կարիքն ունի՝ այդ ցուցակի հրապարակման։

– Ո՞ւմ օգնեմ, արդարադատության նախարարին, որը հայտարարում է կաշառակերների աշխատավարձը բարձրացնելու մասին։ Մենք այդ շարժումը կսկսենք, և թող մարդիկ միանան մեզ, որովհետև չենք կարող այս դատական համակարգով գնալ առաջ։ 

– Տիկի՛ն Պողոսյան, իշխանությունները հակադարձում են, որ վեթինգի գաղափարից չեն նահանջել, և հայտարարագրման միջոցով բարեվարքության ստուգումը հենց վեթինգի ձև է։

– Հարգելի՛ս, դու որ հայտարարագրես ունեցվածքդ, կասե՞ս, որ կոկաին ես օգտագործում ու այդ վիճակում գնում ես դատական նիստի։ Այսինքն՝ այն մարդը, որը կոկաին է օգտագործում, կհայտարարագրի՞։

Կաշառքը կհայտարարագրի՞։ Իսկ եթե ակնհայտ ապօրինի ակտ է կայացվում, ապա դա արվում է երկու պատճառով՝ կա՛մ մարդը անգրագետ է, որը ևս կոռուպցիոն ռիսկ է, կա՛մ կաշառք է վերցրել, կա՛մ մարդուն զանգել են։

– Մոտավորապես հայտնի՞ է այդ ցուցակը, ովքե՞ր կարող են հայտնվել դրանում։

– Ցուցակն իհարկե կա, կազմվել է տարիներով, դա մեծ աշխատանքի արդյունք է։ Ժամանակը ցույց կտա, մաս-մաս կհրապարակենք։ Մարդկային կյանքեր են այդ մարդիկ որոշում, այդ կյանքը մի անգամ է տրվում։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ կառավարությունը չգնաց ձեր մատնանշած կոշտ մեթոդներով ու դիմեց փափուկ եղանակների օգնությանը։ 

– Ես չէի ցանկանա նրանց փոխարեն պատասխանել։ Ակնհայտ է, որ իշխանությունները հների հետ լեզու են գտել, և այդ դատավորները կոմֆորտի զոնա են մտել։

Դատական ակտեր կան, որոնք մարդկանց մղում են ինքնադատաստանի. մարդը գալիս է դատարան, չի ստանում արդարացի լուծում, դիմում է ինքնադատաստանի։ Մենք պետք է լինենք ժողովրդավար երկիր։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am