Սա վարչապետականացման ու ամբողջ երկիրը օրվա իշխանության տակ դասավորելու ամենադասական օրինակն է. Տաթևիկ Սողոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը 

– Տիկի՛ն Սողոյան, ՀՀ նոր Սահմանադրության նախագծով դատական համակարգում առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ, որոնք վերաբերում են գործող դատավորների կարգավիճակին և վերագնահատմանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորմանը, դատավորների տարիքային և փորձառության պահանջներին: Իշխանությունը պնդում է, որ այս փոփոխությունները միտված են արդարադատության ոլորտի լավարկմանը: Ձեր գնահատականը կխնդրեմ:

– Առաջարկվող այս փոփոխությունները բացարձակ չեն նպաստում դատական համակարգի անկախությանը, ու, ցավոք սրտի, կանխատեսումներս իրականացան նաև դատական իշխանության հետ կապված իրենց առաջարկներում: Եթե փորձեմ գաղափարապես գնահատական տալ, ապա՝ վտանգավոր պոպուլիզմ են մտցնում արդարադատության համակարգ, իրենք պոպուլիզմը բերում են այն ինստիտուտներ, որոնք ի բնե չպետք է պոպուլիստական լինեն: 

Սկսեմ իրենց առաջարկած ամենավտանգավոր դրույթից՝ երդվյալ ատենակալների ներդրման ինստիտուտի հնարավորությունից, մինչև այս այնքան աղաղակող էին հակաժողովրդավարական դրույթները, որ այս դրույթը մի կողմ դրվեց: Հիմա, Սահմանադրությունն ասում է, որ օրենքով նախատեսված դեպքերով ու կարգով իրականացնել երդվյալ ատենակալների մասնակցությամբ, սրա մասին նախկինում էլ էին շատ խոսում թե՛ վարչապետը, թե՛ արդարադատության նախարարը ու դրա համար բերում էին աբսուրդ փաստարկ առ այն, որ ժողովուրդը չի տեսնում արդարադատություն: 

Սրբուհի Գալյանն ասում է, որ այս փոփոխությամբ իրենք ժողովրդին մասնակից են դարձնում գործընթացին, ու այստեղ ոչ մի բովանդակային, ռացիոնալ պատասխան չի տալիս երդվյալ ատենակալների ինստիտուտի դեմ գործող հիմնական փաստարկներին: Ինչպե՞ս կարելի է Հայաստանի պես փոքր պետության մեջ, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, ու այդ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մշակութային մակարդակում ամրապնդված է՝ մեկ, ու մարդիկ կարող են որոշումները կայացնել սիմպատիայից ելնելով՝ ոչ ռացիոնալ կատեգորիաներով, այդպիսով իսկ կայացնել սխալ դատական ակտեր, դա բերել ու մտցնել արդարադատության համակարգ: Սա պոպուլիզմի ներմուծումն է մեր արդարադատության համակարգ: 

Երկրորդ ու ամենակարևոր կոմպոնենտն այն է, որ, ըստ էության, ԲԴԽ-ի բոլոր անդամներն այսուհետ պետք է անցնեն քաղաքական մեծամասնության որոշմամբ. նախագծի 58-րդ հոդվածով ԲԴԽ-ի բոլոր 10 անդամներին (5 դատավոր և 5 դատավոր չհանդիսացող անդամ) ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով։ Դատավորների ընդհանուր ժողովին մնալու է միայն դատավոր անդամների թեկնածուներ առաջադրելու լիազորությունը: 

Այս ամեն ինչի մեջ շատ ծիծաղելի է դառնում նախարար Գալյանի բերած հակափաստարկները, երբ ասում է, թե այս ամենի հակակշիռն այն է, որ երբ այդ անդամները գան ԱԺ, ապա ընդդիմադիր պատգամավորները կարող են նրանց հարցեր ուղղել: Անկեղծ, նախարար Գալյանի հիմնավորումների ժամանակ անհնար էր ծիծաղս զսպել: Ինչո՞վ է զուտ հարց տալը կաշկանդելու այն ապագա դատավորին, որն այդ աթոռին հասնելու է բացառապես գործող իշխանության կամքով: 

– Ստացվում է, որ առաջարկվող փոփոխությունները ոչ միայն չեն մեղմելու այն վիճակը, որ կա համակարգում, մի բան էլ ավելի՞ են ծանրացնելու:

– Արդարադատության համակարգը դառնալու է օրվա իշխանության կամակատարը, որևէ դրական փոփոխություն չի արվում: Սա վարչապետականացման ու ամբողջ երկիրը օրվա իշխանության տակ դասավորելու ամենադասական օրինակն է: Այս Սահմանադրության մեջ ես չեմ գտնում մեկ դրույթ, որ մեզ կտանի դեպի ժողովրդավարություն: 

Ծիծաղելի է այն հակափաստարկը, թե մենք տարբեր տեղեր քվոտաներ ենք տվել ընդդիմությանը, կներեք, բայց ի՞նչ համամասնության մեջ եք տվել այդ քվոտան, ու արդյոք այդ մեկ քվոտան ձեր ներկայացրած որևէ կոլեգիալ մարմնում կարո՞ղ է վճռորոշ դեր ունենալ: Չկա նման մարմին, որ այդ մեկ ձայնը վճռորոշ դեր ունենա:

– Տիկի՛ն Սողոյան, ի տարբերություն գործող Սահմանադրության 47-րդ հոդվածի (որն արգելում է ՀՀ քաղաքացիությունից զրկելը), նոր նախագծով դատարաններին տրվում է մարդուն քաղաքացիությունից զրկելու իրավունք՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար: Այս փոփոխությունն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Կրկնում եմ, որ սա աբսուրդ է, Հայաստանն իր անկախ ժողովրդավար պատմության մեջ երբեք չի ունեցել նման դրույթ: Իրենք էլ հաստատեցին, որ այդ ձևակերպումը հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ապաքաղաքացիության նվազեցման կոնվենցիային, որն ասում է, որ այն դեպքերում, երբ անձին քաղաքացիությունից զրկելով անձը դառնալու է որևէ երկրի քաղաքացիություն չունեցող, անթույլատրելի իրավիճակ է: Այս պարագայում իրենց առաջարկը չունի որևէ ողջամիտ բացատրություն, թե մարդուն ինչո՞ւ պետք է զրկել քաղաքացիությունից ու այդքան անհարմարություն պատճառել: 

Բայց ես այստեղ ավելի վատ նպատակ եմ տեսնում՝ հաշվի առնելով նախորդող ժամանակահատվածում մեր այս քաղաքական հետապնդումների խայտառակ պրակտիկան: Բագրատ սրբազանն ու 17 արդարները մեղադրվում են ահաբեկչության ու իշխանությունը զավթելու ուղղակի աբսուրդային մեղադրանքով, Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու, բռնության կոչ անելու մեջ, Արեգնազ Մանուկյանը՝ ենթադրությունների վրա պետական գաղտնիք արտահոսելու մեջ, Անդրանիկ Թևանյանը՝ պետական դավաճանության մեջ: Այս շինծու գործերն արդեն հիմք են պատրաստում հենց այն փաստարկների համար, ինչը և դրված է քաղաքացիությունից զրկելու հիմքում: 

Սա ուղիղ ամրագրումն է այս մարդկանց քաղաքական պրոցեսներից չեզոքացնելու՝ առանց հետդարձի իրավունքի: Այս աբսուրդը ենթադրում է ոչ միայն քաղաքացիությունից զրկվել, այլ նաև՝ տվյալ անձը զրկվելու է մյուս բոլոր իրավունքներից, որն ունի Հայաստանի քաղաքացի համարվող յուրաքանչյուր անձ: Ու սա միայն այն բանի համար, որ իշխող կուսակցությունը չի ուզում այլևս մրցակիցներ ունենալ: 

– Այլակարծությո՞ւնն են այսպիսով լռեցնում երկրում:

– Այո՛, այո՛, ժողովրդավար երկրները, եթե իրենց քաղաքացին սխալ է թույլ տվել, չեն զրկում քաղաքացիությունից, ասում են՝ էլի մեր քաղաքացին ես, գնա քո պատիժը կրի: Քաղաքացիությունից զրկելը կամայականությունների դուռ է բացում, չնայած այն վաղուց է բացվել ու ավելի սաստիկ միջամտությունների պանդորայի արկղն է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am