«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը
– Պարո՛ն Խալաթյան, Սահմանադրության նոր նախագծի դրույթները, որոնք վերաբերում են երկրում կառավարման մոդելին, Ազգային ժողովի լիազորություններին, ինչպե՞ս եք գնահատում:
– Սահմանադրության գաղափարական ուղղվածությունն ինձ համար ընդունելի է, ընդունելի չէ դրա ձևավորման ու ամրագրման կերպը, որովհետև կան բազմաթիվ ձևական, իրավաբանական-տեխնիկական սխալներ, կարճ ասած՝ հում նախագիծ է: Մեղմ ասած, սա աշխատանքային փաստաթուղթ է, որն ունի վերամշակման ու լավարկման կարիք:
Դառնալով բուն հարցին՝ ասեմ, որ կան ինչպես խնդրահարույց կողմեր, այնպես էլ բավականին առաջադեմ: Որպես առաջադեմ կողմ կարող եմ մատնանշել այն, որ վարչապետը կարող է լինել Ազգային ժողովի պատգամավոր, դա այն է, ինչ ես ժամանակին նշել եմ: Նոր կարգավորմամբ և՛ նախարարները, և՛ վարչապետը պետք է լինեն Ազգային ժողովի պատգամավոր, այսինքն՝ մարդիկ ընտրելով այս կամ այն ընտրացուցակը, բավարար չափով տեղեկացված կլինեն, թե ո՛վ ունի վարչապետ լինելու պոտենցիալ, ո՛վ կարող է նրան փոխարինել, ո՛վ կարող է լինել նախարար և այլն:
Այս փոփոխությունը մեծացնում է ժողովրդի մասնակցության ու վերահսկողության աստիճանը իշխանության ձևավորման գործընթացում: Նպաստում է նաև քաղաքական ուժերի կարգապահության բարձրացմանը, այդ թվում՝ կադրային հարցում:
Հաջորդ փոփոխությունը, որն էլի դրական կարող եմ համարել, խորհրդարանում ընդդիմության դերի մեծացումն է, այդ թվում՝ ընդդիմադիր թեկնածուների նշանակումն անկախ մարմիններում, մի շարք կոլեգիալ սահմանադրական մարմիններում:
Բացասական եմ համարում այն հանգամանքը, որ Ազգային ժողովը պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի բոլոր դատավորներին, սա ուղիղ հարվածում է դատական իշխանության անկախությանը, ԲԴԽ-ի ներքին հավասարակշռությանը և փոխզսպմանը: Այսպիսով՝ ԲԴԽ-ի քաղաքականացվածության աստիճանը շեշտակիորեն բարձրանում է, ընդ որում՝ իրավիճակը չի մեղմվում այն հանգամանքով, որ ԲԴԽ անդամներից մեկը կարող է լինել ընդդիմության ներկայացուցիչ:
Մյուս բացասական դրույթն այն է, որ եթե ընտրությունների արդյունքում միանձնյա կամ կոալիցիայի միջոցով կառավարություն չի ձևավորվում, ապա ԱԺ-ն լուծարվում է, ու նոր ընտրություններ են նշանակվում, իսկ եթե այդ ժամանակ էլ հնարավոր չէ կառավարություն ձևավորել, ապա գործում է կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքը:
Երկվություն է նկատվում. մի կողմից՝ փորձ է արվում հրաժեշտ տալ այդ չարաբաստիկ բոնուսային համակարգին, բայց մյուս կողմից՝ երկրորդ փուլով, եթե համապետական ընտրություններում կառավարություն չի ձևավորվում, նախատեսվում է բոնուսային համակարգը գործարկել: Պետք է քաղաքական կամք ունենալ ու մեկընդմիշտ վերացնել այդ արատավոր համակարգը, երբ ժողովրդի կամքի շրջանցմամբ լրացուցիչ մանդատներ են տրամադրվում որևէ քաղաքական ուժի:
Երկրորդը՝ ես անընդունելի եմ համարում ժողովրդի անմիջական մասնակցության չափից դուրս կիրառումը, պետք է նոր մեխանիզմներ մտածել, որ թույլ կտան կառավարություն ձևավորել: Պետք է ամեն ինչ անել, որ ժողովրդի քվեարկության արդյունքները հաշվի առնվեն կառավարությունը ձևավորելիս, այլ ոչ թե գնալ կրկնաքվեարկության:
– Ճի՞շտ եք համարում, որ այս նախագծից դուրս է թողնվել Անվտանգության խորհրդի սահմանադրական դերակատարությունը:
– Ես այդ փոփոխությունը ճիշտ եմ համարում, ընդհանրապես, Հայաստանի նման փոքր երկրներում պետական համակարգը պետք է հնարավորինս զերծ լինի մակաբույծ կառույցներից: Դա Հանրային խորհուրդն է, Անվտանգության խորհուրդն է, դրանք մարզպետարաններն են, որոնք վերացվում են այս նախագծով: Այսինքն՝ լիազորությունների կրկնորդումը, միևնույն հարցի շուրջ տարբեր մրցակցող գերատեսչությունների գոյությունը միայն բարդացնում են կառավարչական գործընթացները: Սահմանադրական մակարդակում նման ինստիտուտ պահելն իհարկե նպատակահարմար չէ, նույնը վերաբերում է Հանրային խորհրդին, որը ևս չկա առաջարկվող նախագծում, այսինքն՝ այդ առումով գնում է պետական համակարգի օպտիմալացում, ու ես դա ճիշտ եմ համարում:
– Պարո՛ն Խալաթյան, կարծիքներ են հնչում, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է իր հագով Սահմանադրություն կարում, ինչպես ժամանակին արել է Սերժ Սարգսյանը: Համակարծի՞ք եք:
– Ո՛չ, այս նախագիծը, ասացի, ունի շատ խնդիրներ, բայց դրանք կապ չունեն քաղաքական կոնյունկտուրայի հետ: Թերևս առաջին անգամ է, որ Սահմանադրության որևէ ինստիտուտ որ նայում ես, դրա հետևում կոնկրետ մարդ չես տեսնում: Նախկինում որևէ կառուցակարգ սահմանելիս մենք կարող էինք կոնկրետ անուն-ազգանուն տեսնել, թե ում համար է այդ ինստիտուտը սահմանվում, ում համար է այդ լիազորությունը սահմանվում և այլն: Բայց, միևնույն ժամանակ, այս նախագիծը նման տեսքով չի կարող դառնալ մեր Մայր օրենքը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















