Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ուղղված ԱՆ աշխատակիցների կարողությունների զարգացմանը

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում: Երկօրյա քննարկումը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

 Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության փոխնախարարներ Քրիստիննե Գրիգորյանը և Վահե Դանիելյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք:

Ռուստամ Բադասյանը ողջունել է բոլոր մասնակիցներին, բարձր գնահատել Հիմնադրամի իրավաստեղծ գործունեությունը՝ հատկանշական համարելով COVID-19 համավարակի ընթացքում կատարած իրավաստեղծ աշխատանքը և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հիմանդրամի ստեղծման օրվանից Նախարարության կողքին լինելու և մի շարք կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար:

Այդ համատեքստում նախարար Բադասյանը Նախարարության շնորհակալագրով է պարգևատրել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանին՝ իրականացվող ծրագրերի հարցում անձնական ներդրման ու արդյունավետ համագործակցության համար:

Դիմելով Նախարարության աշխատակիցներին՝ Ռուստամ Բադասյանը կոչ է արել լինել նախաձեռնող, աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրները լուծելու համար հանդես գալ նորարական առաջարկներով, ներկայացնել նոր գաղափարներ և վստահեցրել, որ դրանք իրականացնելու համար կարվի առավելագույնը:

 Դեյվիդ Հոֆմանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը, կարևորել օրենսդրության մշակման հարցում Հիմնադրամի փորձագիտական ներուժը և անդրադարձել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին:

 Տիգրան Դադունցը կարևորել է երկխոսության ու փորձի փոխանակման միջոցով աշխատանքի որակը բարձրացնելուն ուղղված նման հնարավորությունը և հանդիպման մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

 Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առցանց ռեսուրսներից օգտվելու հմտություններին և դրանց կիրառման հնարավորություններին, ներկայացվել են հետազոտական և վերլուծական աշխատանքների իրականացման առանցքային մոտեցումները, մասնավորապես՝ միջազգային փորձի, այլ երկրների օրենսդրության, հղումների, վիճակագրության հետազոտման մեթոդները, ինչպես նաև քննարկվել է իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց հիմնավորումները կազմելու հմտությունները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կիրարկման օրենսդրական տեխնիկան, դատական ներկայացուցչության իրականացման հիմնական խնդիրները և այլն:

Նշված հարցերին անդրադարձել են Տիգրան Դադունցը, Հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը և ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը:

 Աշխատանքային հանդիպման ընթացքում իրավիճակային խնդիրներ են առաջադրվել Նախարարության աշխատակիցներին, ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների արդյունքում առաջարկվել են դրանց իրավական լուծումները:     Կարողությունների զարգացմանն ուղղված նման ձևաչափով քննարկումները կշարունակվեն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։