Այս տարի կփոխարինվի 467 վերելակ. ծրագրի ծավալը 2023-ին կավելանա

Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են: Երևանի քաղաքապետարանն այս տարի ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Շուրջ 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ-ի համապատասխան փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է:

«Քաղաքապետի հանձնարարությամբ, բացի 426 վերելակից, այս տարվա բյուջեում ավելացրել ենք ծրագրի ծավալը մոտ 10 տոկոսով՝ 41 նոր վերելակ: Այդպիսով, այս տարի քաղաքում կունենանք ընդհանուր 467 փոխված վերելակ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Ամեն վերելակի տեղադրում մոտ 1 ամիս ժամանակ է խլում մասնագետներից. գործը պետք է արվի հատուկ ճշգրտությամբ: Նոր վերելակները հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար է: 

Նոր վերելակները նաև մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:
Վերելակը տեղադրելուց հետո կապալառու կազմակերպությունը 1 տարի պարտավոր է տեխնիկական սպասարկում իրականացնել, սակայն ընթացիկ սպասարկումը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացվում է համատիրությունների վերելակային ծառայությունների միջոցով: 

Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Համայնքը նախատեսում է ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի՝ ավելի մեծ ծավալներով, թեև, ըստ օրենքի, վերելակների շահագործումը, նաև փոխարինումը բնակչի խնդիրն է՝ որպես բաժնային ընդհանուր սեփականություն:

«2023-ի համար արդեն իսկ հավաքվել և ամփոփվել են տվյալները, որպեսզի ևս 700 վերելակ փոխարինենք: Սա վերելակային տնտեսության մեծ թարմացման վկայությունն է»,- նշում է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Վերելակների փոխարինման ծրագիրը Երևանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում: