Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 95 «կողմ» և 2«դեմ»»,- ասաց Հովակիմյանը:

Գեղամ Հովեյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Գեղամ Հովեյանը ծնվել է 1975թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների: