«Ես ասում էի՝ ինչի՞ ինձ մենակ թողեցիր, երազիս եկավ, ասեց՝ ես քեզ մենակ չեմ թողել, միշտ քո հետ եմ». կինը չի մոռանում զոհված ամուսնու խոսքը՝ կգամ

28-ամյա Ջուլյա Մելիքյանը կարոտով ու երանությամբ է հիշում նախորդ տարիների ծննդյան օրերը, երբ ամուսինը գիշերը ժամը 12։00-ին մշտապես անակնկալներով ուրախացնում էր, անգամ եթե դիրքերում էր լինում, ծաղիկներ ու տորթ էր ուղարկում կնոջը։

«Հովոն յուրահատուկ ամուսին ու պապա էր, սիրում էր անակնկալներ անել, ամեն ինչ անում էր, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Հիշում եմ՝ մեծ տղաս մոտո էր ուզում, ամուսինս մոտո էր առել, գիշերը քնից արթնացրեց երեխուն, մոտոն փաթեթավորած նվիրեց»,- պատմում է ու հուզվում 28-ամյա կինը։

2020 թ․-ից Ջուլյայի համար տոներն ու առիթներն այլևս նույն ուրախությունն ու երջանկությունը չունեն, ինչ նախկինում։ Ջուլյան 44-օրյա պատերազմում կորցրել է սիրելի ամուսնուն։ 

Ջուլյան ու Հովհաննես Խաչատրյանը 6 տարի է՝ ընտանիք էին կազմել, երկու որդի ունեցել։ Հովհաննես Խաչատրյանը զինվորական էր, կոչումով սերժանտ, ջոկի հրամանատար։ Հովհաննեսը հաճախ է դիրքերում եղել, սկզբում ծառայել է Արարատի զորամասում, այնուհետև՝ Գյումրու։

Պատերազմն սկսվելուն պես տեղափոխվել է Ջրական, այնտեղ կռվել հակառակորդի դեմ։ Հոկտեմբերի 20-ին վերադարձել է տուն, երկու օրից նորից մեկնել առաջնագիծ։ 

Կինն ասում է՝ փորձում էր հետ պահել, խնդրել, որ չգնա․ «Ասեցի՝ ամեն ինչը տեսել ես, որ զենքով չեն կռվում, օդից ԱԹՍ-ով խփում են, ասում էր՝ դուք չեք հասկանա, 18 տարեկան տղեքը կռվում են, ես 29 տարեկան թողնեմ-գա՞մ»։

Ջուլյան պատմում է, որ հոկտեմբերի 23-ին ամուսինը առավոտյան շուտ զանգել է և ասել, որ հասել է Արցախ։ Այդ զանգը եղել է վերջինը։

«Ինքը Կուբաթլու էր գնացել, որ հասավ՝ զանգեց ու ասեց՝ հետո կզանգեմ, ու էլ չզանգեց»,- հուզմունքով հիշում է կինը ու նշում, որ այդ օրը ամուսինը զոհվել է «Բայրաքթարի» հարվածից։

«Հոկտեմբերի 24-ին իրա համարից ինձ զանգ եկավ. մի պապիկ էր, ասեց՝ դու ո՞վ ես, ասեցի՝ Հովհաննեսի կինն եմ, ասեց՝ Ջուլյա՛ ջան, մի՛ անհանգստացի, ինքը դիրքեր ա բարձրացել, ես զանգեցի, որ ասեմ՝ չանհանգստանաս, ես էլ չհավատացի։ 

Ախպերս վերցրեց հեռախոսը, ախպորս ասեց, որ գտել ա մարմինը, հեռախոսը ու զանգել ա վերջին զանգ արած համարին։ Մենք մտածեցինք՝ երևի թուրք ա, խաբում ա, մի ամիս ման ենք եկել, մի ամիս հետո գտել ենք»,- պատմում է Ջուլյան ու ասում, որ մինչև վերջին պահը հույս ուներ, որ ամուսնուն ողջ է գտնելու։

«Բոլորը ման էին գալիս, ես ասում էի՝ կտեսնեք, որ կգա։ Ես սպասում էի, որ կգար, միշտ ասում էր՝ Ջո՛ւլ, հանկարծ լաց չլինես, ես կգամ, խոսք էր տվել, որ կգա․․․»- ասում է ու հուզվում կինը։

Ամուսնուն կորցնելուց հետո Ջուլյայի կյանքը միանգամից փոխվել է, ասում է՝ սկզբում սենյակից դուրս չէր գալիս, չէր կարողանում հարմարվել:

«Անգամ էրեխեքս աչքիս չէին գալիս, ոնց որ ամեն ինչ կորցրած լինեի։ Հետո կամաց-կամաց որոշեցի, որ սենյակից դուրս գամ, էրեխեքով զբաղվեմ, իմ կարիքը ունեն»,- ասում է երիտասարդ կինը։

Ջուլյան ասում է՝ ամեն պահ ու վայրկյան զգում է ամուսնու ներկայությունը, դա է ուժ տալիս առաջ գնալու համար։

«Ես ասում էի՝ ինչի՞ ինձ մենակ թողեցիր, երազիս եկավ, ասեց՝ ես քեզ մենակ չեմ թողել, միշտ քո հետ եմ։ Հիմա երազիս տեսնում եմ, միշտ ինչ-որ բանի համար զգուշացնում է։ Մենք միշտ զգում ենք, որ ինքը մեր կողքին է»,- ասում է Ջուլյան։

Հովհաննես Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի պանթեոնում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am