Վարչապետի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

Իր խոսքում վարչապետը նշել է. «Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել և պատվիրել էինք սոցիոլոգիական հարցում՝ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում:

Եվ արդեն մոտավորապես 10-15 օր հարցման արդյունքները պատրաստ էին ու դեռևս նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ, այս օրը պլանավորում էինք լսել հարցումների արդյունքները, որոնք կներկայացնի հարցումներն իրականացրած ընկերությունը: Որոշեցինք չհետաձգել միջոցառումը, մանավանդ որ այն նախապես պլանավորված էր»:

Հաջորդիվ մանրամասն ներկայացվել են հարցման արդյունքները, վարժանքների կազմակերպման ու անցկացման գործընթացի վերաբերյալ և՛ դրական, և՛ բացասական դիտարկումներն ու կարծիքները, ինչպես նաև բարձրաձայնված խնդիրները:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ վարժանքների հետագա կազմակերպման գործընթացում այն հաշվի առնելու և ներկայացված խնդիրները լուծելու նպատակով: