Քրեակատարողական բոլոր հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղյակ եք, որ հայտարարել ենք քրեակատարողական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մեր հանձնառության մասին: Նպատակներից մի քանիսն արդեն իրագործել ենք. 30 տոկոսով բարձրացրել ենք քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը, 2020 թվականի ընթացքում փուլ առ փուլ բոլոր քրեակատարողական հիմնարկներն անցում կկատարեն սննդի մատակարարման նոր մեխանիզմին, և արդեն այս տարվա հունիսից ծրագիրը կիրականացվի բոլոր ՔԿՀ-ներում:

Բարեփոխումներին միտված մեր հաջորդ քայլը ևս կատարեցինք. քրեակատարողական բոլոր հիմնարկները վերազինել ենք անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով: Արդեն իսկ ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաև անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր), որոնց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի եղանակով։

Սա հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։

ՔԿՀ-ներում բարեփոխումները շարունակական են լինելու»: