40.000 տուգանք եւ երկու կարգապահական պատասխանատվություն. Վանաձորի դեպքերի առնչությամբ ոստիկանույթյունը տարածել է հայտարարություն

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը կանխելու համար անօրինական գործողություններով դիտավորությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը վնասելու եւ մանր չափերի վնաս հասցնելու համար՝ Վանաձորի քաղաքացի Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով:

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին մոտ 200 ցուցարարներ հավաքվել էին Վանաձոր քաղաքի ՀՔԱՎ գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար:

Ցուցարարները քարեր և ձվեր էին շպրտել գրասենյակի ուղղությամբ, ջարդել էին գրասենյակի պատուհանները և սպառնացել անձնակազմին, իսկ նետված քարերից մեկն էլ դիպել էր կազմակերպության աշխատակիցներից մեկին:

«Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ հավաքի խաղաղ բնույթն ապահովելու, հավաքին բռնի կերպով խանգարելու փորձերին պատշաճ կերպով արձագանքելու, ինչպես և հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան պաշտոնյաների կողմից չեն տրամադրվել բավարար ոստիկականական ուժեր»,- արձանագրում է ոստիկանությունը՝ դեպքից 14 օր հետո:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը:

© Medialab.am