Թանկանոց մեքենայի միջից մի մարդ, տեսնելով Արցախի դրոշը, մեզ ասաց՝ Արցախ եք ուզում, գնացեք Արցախ. Արթուր Խաչատրյանը՝ երթից

«Մեր երթը հանուն ազատ, հզոր, խաղաղ, արժանապատիվ Հայաստանի շարունակվում է: Բազմաթիվ մեր քաղաքացիներ իրենց ազդանշաններով խրախուսում են մեզ», -իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը, որի ղեկավարած խումբը երեկ շարժվել էր Ապարանից:

Նա ուղիղ եթերում պատմել է երթի ընթացքում մի դրվագի մասին. «Բավականին թանկանոց մի մեքենայի միջից մի միջին տարիքի մարդ, տեսնելով Արցախի դրոշը, մեզ ասաց՝ Արցախ եք ուզում, գնացեք Արցախ: Ուզում եմ այս եթերով պատասխանել թե նրան, թե նրա կարծիքն ունեցող այլ մարդկանց. մեր այս երթում կան երիտասարդներ, ովքեր մասնակցել են արցախյան պատերազմին, բայց կան նաև հին գվարդիայի ներկայացուցիչներ, ովքեր 90-ականներին մասնակցել են պատերազմին: Պետությունը ունի բանակ, պետական քաղաքականություն, և բանակը պետք է իրականացնի պետական քաղաքականությունը: Բոլոր նրանք, այն վայ հայրենասերները, ովքեր ասում են՝ գնացեք Արցախ, չեն հասկանում, որ պետությունը պետք է հզոր լինի, որ կարողանա պաշտպանել իր երկիրը: Վերջին հաշվով, Արցախը հրապարակային բուլվար չի, որ մարդիկ վեր կենան, ամեն մեկը պապուս թվից մնացած հրացանը վերցնի, հիմա գնա պայքարի ադրբեջանական տանկերի դեմ:

Բոլոր նրանք, ովքեր մտահոգված են Արցախի ճակատագրով, ՀՀ սահմանների անձեռնմխելիությամբ, չպետք է դմեագոգիկ հայտարարություններ անեն, պետք է պահանջեն այնպիսի ազգային իշխանություններ, որը կպաշտպանի Հայաստանի, Արցախի շահերը: Ուստի, զարթնի, Լաո, տեր կանգնիր ազգային իղձերին»: