Արցախահայությունը ողջունում է ու ընդունում խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա. Արցախի նախագահ. տեսանյութ

Այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Այդ մասին այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նաև ընդգծել է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը հիմնական ուղղությունն է, որից շեղում չպետք է լինի:

«Ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:

Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք և այդ առումով հասկանում ենք նաև, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու», -նշել է նա:

Արցախի նախագահը նաև կարևորել է անվտանգային բաղադրիչը և ընդգծել.

«Երկրորդը՝ անվտանգային բաղադրիչը, որն այսօր ամենակարևորն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը: Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, ակտուալ, և այն ծրագրերը, որոնց սկիզբ է դրվել պատերազմից հետո, շարունակվում են:

Եվ գտնում ենք, որ դրանք ոչ միայն պետք շարունակվեն, այլև այն հավակնոտ ծրագրերը, որ սկսել ենք, ավարտենք: Եվ մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել: Բայց նաև կան հարցեր, որոնց մասով ակնկալում ենք այսօրվա քննարկման ժամանակ ստանալ պատասխաններ, որով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու առումով»: