ԱՀ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի անդամները հուլիսի 7-ին չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր` դիտարկելու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։

Շրջայցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է հաստատությունում պահվող անձանց պահման պայմաններին, նրանց բուժման ու խնամքին, իրավունքների պաշտպանության հետ կապված այլ խնդիրներին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:

Պաշտպանն ընդգծել է պետության կողմից հատուկ ուշադրության և հոգածության անհրաժեշտությունը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպով ապահովելու համար:

Ծանոթանալով շենքային պայմաններին` Պաշտպանը մտահոգություն է հայտնել հաստատության անբարենպաստ վիճակի վերաբերյալ, որն էլ ավելի է վատթարացել 2020թ. աշնան պատերազմի հետևանքով շինության կրած վնասների պատճառով:

Պաշտպանն արձանագրել է, որ Կառավարության կողմից պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային պայմանների հիմնային բարելավում։Շրջայցի արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը խորը և համապարփակ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, մանավանդ, որ տվյալ խմբի անձինք ամենախոցելի անձանց շարքին են պատկանում:

Շրջայցի և տնօրինության հետ քննարկման արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով, իր լիազորությունների շրջանակներում Պաշտպանը համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին: