ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տարածել է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է ինքը CBS-ի The Late Show with Stephen Colbert հաղորդման ստուդիայում մոտենում հաղորդավար Սթիվեն Քոլբերին և նրան նետում աղբարկղը։ Տեսանյութում դրանից հետո Թրամփը պարում է իր նախընտրական ելույթներից հայտնի Y.M.C.A. երգի ներքո։ Հոլովակն այս պահին ունի ավելի քան 11 միլիոն դիտում:
Սթիվեն Քոլբերը ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավար, կատակերգու և քաղաքական սատիրիկ է, որը տարիներ շարունակ իր ուշ երեկոյան շոուում սուր հումորով քննադատել է Թրամփին։ Հենց այդ պատճառով էլ նրանց միջև վաղուց կա հրապարակային հակադրություն։
AI-ով ստեղծված տեսանյութը Թրամփը տարածել է Քոլբերի վերջին եթերից հետո։ CBS-ը փակել է The Late Show with Stephen Colbert հաղորդումը՝ որպես պատճառ նշելով ֆինանսական խնդիրները։ Թրամփը, սակայն, սոցցանցերում ուրախությամբ է արձագանքել հաղորդման ավարտին՝ Քոլբերին անվանելով «անտաղանդ» և հրապարակելով նրան ծաղրող տեսանյութ։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Քոլբերի շոուի փակումը քննարկումների առիթ է դարձել նաև քաղաքական համատեքստում․ հաղորդավարը նախկինում քննադատել էր CBS-ի մայր ընկերություն Paramount-ի գործարքներն ու Թրամփի հետ կապված իրավական պատմությունները։



















