«Մեր դիրքրոշումը միանաշանակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել». արցախցի պատգամավոր

Արցախից չեն շտապում արձագանքել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին Հայաստանի վարչապետի երեկ ու այսօր արված մի քանի հայտարարություններին: Արցախցի պատգամավորները պատրաստվում են այսօր երեկոյան ժամը 19:00-ին տեղի ունենալիք Արցախի ԱԺ արտահերթ նիստին, որի արդյունքներով կընդունվի հայտարարություն:

«Քանի որ միասնական հայտարարությամբ ենք հանդես գալու, որտեղ շատ հստակ նշված կլինի մեր դիրքորոշումներն ու անելիքները, ճիշտ չի լինի, որ հիմա ես առանձին խոսեմ այդ մասին»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Նկատենք՝ այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարելու մեկ օրակարագով՝ ընդունվելու է միասնական հայտարարություն:

Արցախի իշխանական պատգամավորն ընդգծում է, որ իրենց դիրքրոշումը միանաշանակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, որովհետև, ըստ նրա, եթե անգամ մտածենք որևէ կարգավիճակով Արցախն Ադրբեջանի կազմում, դա նշանակելու է Արցախի հայաթափում։

«Պարզ տրամաբանությամբ եկեք շարժվենք․ Արցախն հիմա Ադրբեջանի կազմում չէ, տեղում կան ռուս խաղաղապահներ, հայկական բանակ, որոնք մեր անվտանգության երաշխիքներն են, բայց այսօր Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սադրանքներ է կազմակերպում, զոհեր ու վիրավորներ ունենք։ Ի՞նչ անվտանգության երաշխիք կարող է լինել, որ արցախցին իրեն անվտանգ զգա Ադրբեջանի կազմում, մոռանո՞ւմ ենք այդ ազգային ատելությունը, որը տարիներով սերմանվում ու հիմա էլ ավելի է սաստկացել Ադրբեջանում»,- ասում է Արամ Հարությունյանն ու ընդգծում, որ որևէ անվտանգության երաշխիք չի կարող ապահովել մարդկանց ֆիզիկական անվտանգությունը մի պետության կազմի մեջ, որն ակնհայտ էթնիկ զտման քաղաքականություն է վարում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am