«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը
– Տիկի՛ն Յոլյան, Նիկոլ Փաշինյանն այսօր չբացառեց արտահերթ ընտրությունների գնալու սցենարը, եթե իրենց չհաջողվի խորհրդարանական ընդդիմությանը համոզել Սահմանադրությունը փոխելու հարցում: Ինչպե՞ս եք մեկնաբանում Փաշինյանի այս հայտարարությունը:

– Բազմիցս հայտարարել ենք, որ այս իշխանությունն առաջ է շարժվում բացառապես Ալիևի օրակարգով ու անընդհատ զիջումների ճանապարհով, Բաքվից շարունակաբար զիջումների առաջարկներ են լինում, իսկ այս իշխանությունը զիջումների հարցում որևէ կերպ չի նահանջում: Այս պահանջներից մեկն էլ Սահմանադրության փոփոխությունն է, ինչին մենք դեմ ենք ու ասել ենք, որ չենք կարող կողմ լինել Ալիևի առաջարկով փոփոխվող Սահմանադրությանը:
Այս համատեքստում, եթե հայտարարել է, որ անհրաժեշտ կլինեն արտահերթ ընտրություններ, ապա ասեմ, որ մենք ավելի վաղ ենք խոսել այդ մասին, երբ հունիսի 7-ին այդ աննախադեպ ընտրախախտումները, կեղծիքները, որ արձանագրվեցին, նաև ձայներ գողանալը, որի հետևանքով այս իշխանությանը հաջողվեց նաև մանդատներ գողանալ, այս համատեքստում մենք վաղուց ասում էինք՝ այո՛, Հայաստանին անհրաժեշտ են նոր ընտրություններ ու այնպիսի ընտրություններ, որի համատեքստը կլինի ժողովրդավարության ասպեկտի պահպանումը, ոչ թե այն բռնաճնշումների ընթացքը, որ այս իշխանությունը շարունակաբար տարավ իր աթոռը պահելու համար:
– Եթե այդ արտահերթ ընտրություններն անցկացվեն, ապա վստահություն ունե՞ք, որ ձեր ասած բռնաճնշումներն էլի չեն լինի, ու ընտրությունները ժողովրդավարության չափանիշներին համապատասխան կանցկացվեն:
– Միանշանակ է, որ ոչ, ու մենք բոլոր ճակատներով պետք է աշխատենք՝ և՛ ներքին ճակատում, և՛ արտաքին ճակատում, միջազգային կառույցների, տարբեր դեսպանությունների հետ, ինչպես հիմա արձանագրում ենք այս բոլոր խնդիրները: Միակ ճանապարհը պայքարը շարունակելն է ու ամեն ինչ անելը, որպեսզի այս իշխանությանը չհաջողվի կրկին բռնաճնշումների, զանգվածային ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը զավթել:
– Իսկ հնարավոր չէ՞, որ իշխանությանը հաջողվի ընդդիմությանը համոզել ու ձեր կամ մյուս ընդդիմադիր խմբակցությունից ստանալ այն պակասող ձայները, ու բանը չհասնի արտահերթ ընտրությունների:
– Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ այդ մասով իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտել են, որ կարող են գնալ ընտրության, դա նշանակում է, որ կա վստահություն պայքարի ճանապարհով գնալու: Այս մասով արդեն մեր դաշինքի կողմից հայտարարություն եղել է:
– Տիկի՛ն Յոլյան, կիսո՞ւմ եք այն մտահոգությունները, որ եթե այս վիճակով, երբ ընդդիմադիր առաջնորդները անազատության մեջ են, արտահերթ ընտրությունների գնաք, ապա իշխանությանն այս անգամ կհաջողվի ստանալ այդ սահմանադրական մեծամասնությունն ապահովող քվեն:
– Անկախ բռնաճնշումներից, մեր քաղաքական ուժի ղեկավարը մեկ վայրկյան իսկ չի նահանջել իր քաղաքական դիրքորոշումից, Սամվել Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ իրեն ոչինչ չի կարող վախեցնել կամ կանգնեցնել, երբ Հայաստանը կանգնած է լուրջ խնդիրների առաջ: Մեր թիմում կա քաղաքական կամքը, ինչը վաղուց ապացուցված իրողություն է, պայքարից նահանջի տեղ չկա:
– Ստացվում է՝ ողջունո՞ւմ եք Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակը:
– Այո՛, այդ մասին նաև այսօր «Ուժեղ Հայաստանն» է դիրքորոշում արտահայտել, որ, այո՛, եթե դա է ճանապարհը, ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կանխենք այն բոլոր ապօրինությունները, որ այս իշխանությունը թույլ է տվել հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















