«Պետք է վերականգնել տարկետման իրավունքը, վերանայել զորակոչի ժամկետներն ու 12ամյա կրթությանանհրաժեշտությունը». ԵՊՀ ներկայացուցիչ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը

Պարո՛ն Սարգսյան, երեկ ավարտվեց բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլը, կներկայացնեք, թե ընդհանուր առմամբ ի՞նչ պատկեր կա այս տարի: Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ի՞նչ միտում ունի:

– Առաջին փուլի արդյունքներով ունեցել ենք 2875 դիմորդ՝ նախորդ տարվա 2996-ի դիմաց, այսինքն՝ նվազման միտում կա: Եթե ընդհանուր տեղերը դիտարկենք՝ 2916 տեղ ենք հայտագրել՝ անվճար ու վճարովի տեղերը միասին, և ընդհանուր դիմորդների թվի հետ համեմատած 41-ով պակաս ենք ընդունել, բայց երկրորդ փուլով, որը կմեկնարկի հունիսի 26-ին ու կավարտվի հուլիսի 1-ին, այդ ընդհանուր թվերի մինուսը կփակվի, բայց եթե դիտարկենք առանձին մասնագիտական ոլորտները, կտեսնենք, որ իրավիճակն այլ է:

Ըստ մասնագիտությունների առկա թափուր տեղերը համալսարանում 560-ն են, որից 21-ը՝ անվճար: Ընդհանուրի ու առանձին ֆակուլտետների թափուր տեղերի թիվն այսքան տարբերվում է, որովհետև կան մասնագիտություններ, որտեղ բավականին շատ դիմորդներ կան, օրինակ՝ ինֆորմատիկան ու կիրառական մաթեմատիկան, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, հոգեբանությունը, որտեղ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը 32-ով աճել է, այսինքն՝ այս ֆակուլտետների շատ դիմորդների արդյունքում համալսարանի ընդհանուր թվի մինուսը քիչ է:

Բնագիտական ֆակուլտետների մասով ի՞նչ վիճակ է, որովհետև տարեցտարի այս ֆակուլտետների դիմորդների թիվը կարծես նվազում է:

– Մեզ մոտ միայն ֆիզմաթ թևում չէ այդ իրավիճակը, եթե դիտարկենք այն դեպքերը, որ տվյալ մասնագիտության 20 ու ավելի թափուր տեղ է մնացել, այդպիսի մասնագիտություններ և՛ հումանիտար հատվածում կան, և՛ բնագիտական: Օրինակ՝ քիմիան, ֆարմացիան, կենսաբանությունը, կենսաքիմիան, կենսատեխնոլոգիան, հայոց լեզու և գրականությունը, սոցիալական աշխատանքը, սոցիալական մանկավարժությունը, կրոնական զբոսաշրջությունը, աշխարհագրությունը, քարտեզագրությունը և կադաստրային գործ ֆակուլտետներում ևս ունենք այդ խնդիրը: Այնպես չէ, որ քարտեզագրությունն այսօր կիրառական մասնագիտություն չէ, կամ կրոնական զբոսաշրջությունը, բավականին կարևոր մասնագիտություններ են, բայց այսօր դիմորդի խնդիր ունենք:

Հայոց լեզու և գրականություն ֆակուլտետում ունենք 30-ից ավել թափուր տեղ, կամ մարզային բուհերում, որտող մաթեմատիկայի գծով զրո դիմում կար: Խնդիրն այն է, որ այս մասնագիտությունների բաժին դիմողներն ապագայում դառնալու են մանկավարժ, բայց այսօր կյանքը բավականին բարդացել է՝ ֆինանսական առումով, իսկ այսօրվա դիմորդը նախընտրում է ընդունվել այնպիսի բաժին, որն ավարտելուց հետո կկարողանա լավ վարձատրվող աշխատանք գտնել, ոչ թե ուղղակի աշխատանք, այլ լավ վարձատրվող գործ: Այս պատճառով է, որ այսօր մեծ մասը իրեն՝ որպես մանկավարժ չի դիտարկում, իհարկե մանկավարժի գործը շատ կարևոր ու արժեքավոր է, բայց ցածր է վարձատրվում, հետևաբար երիտասարդ կադրը երբեք չի գնա, ուսուցիչ դառնա:

Առավելևս՝ երբ բանակից զորացրվում ու հետ են գալիս, արդեն լրիվ այլ ձևով են կյանքին նայում: Մի խոսքով, այս խնդիրներն են պատճառը, որը համակարգային է, սա բուհական առանձնահատուկ խնդիր է, ու եթե գլոբալ առումով շատ կտրուկ լուծումներ չտրվեն, տարիներ հետո իրավիճակն ամբողջ հանրապետությունով մեկ շատ վատ կլինի, թեկուզև միայն մանկավարժների առումով:

Մանկավարժական համալսարանում այսօր ֆիզիկայի մասով 2-3 դիմորդ է: Կտրուկ լուծումներ չտալու դեպքում տարիներ հետո կունենանք մանկավարժների խնդիր, իսկ դա նշանակում է՝ ունենալու ենք անգրագետ սերունդ: Խնդիրն այսօր շատ ավելի լուրջ է. թափուր տեղեր կան, որովհետև աշխատաշուկան այսօր շատ նեղ է, իսկ երեխաները նախընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնց համար բարձր կվարձատրվեն:

Պարո՛ն Սարգսյան, բայց, օրինակ՝ հենց մանկավարժի, ֆիզիկայի, քիմիայի մասնագետի պահանջարկ կա՞:

– Այո՛, այնպես չէ, որ մենք այսօր քիմիկոսների կամ ֆիզիկոսների կարիք չունենք, շատ ունենք, բայց խնդիրն այն է, թե որքա՞ն է այդ կարիքը, ու քանի՞ հոգի կարող է մտնել այդ սպեկտրի մեջ: Եթե Այ Թի ոլորտով մարդը կարողանում է ցանկացած մասնավոր կամ պետական ընկերություններում աշխատել ու կարգին գումար վաստակել, արդյոք ինքը լինելով քիմիկոս, ֆիզիկոս՝ կկարողանա՞ այդ խնդիրը կարգավորել: Այսինքն՝ մասնագետների կարիք ունենք, բայց աշխատաշուկայի սպեկտրն այնքան նեղ է, որ տասնյակներով շրջանավարտները հնարավոր է, որ չգտնեն այդ աշխատանքը:

Իսկ այդ համակարգային խնդիրները վերացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, ի՞նչ պետք է անել, որ երկրում թափուր մասնագիտական հաստիքներ չլինեն:

– Արվող քայլերի մասին պատկան մարմինները պետք է ասեն, ես չգիտեմ՝ ինչ քայլեր են արվում: Բայց, իմ կարծիքով, հետևյալ քայլերի անհրաժեշտությունը կա: Եթե դիտարկենք մանկավարժության հատվածը, ապա որպեսզի սովետական տարիների նման ուսուցիչը պահանջված մասնագետ լինի, ու ցանկություն լինի այդ ուղղությամբ դիմել, ապա պետությունը պետք է ֆինանսական լուրջ ռեսուրսներ ներդնի: Իմ պատկերացմամբ՝ մանկավարժական ողջ կրթությունը պետք է անվճար լինի, մարզից եկող դիմորդները պետք է կեցության խնդիր չունենան, բարձր թոշակ ստանան:

Ենթադրենք՝ ֆիզիկայի գծով, որտեղ ավելի քիչ են դիմողները, պետք է կենտրոնանալ այդ մասնագիտության վիճակը բարելավելու վրա, ուսանողներին տրվող կրթաթոշակը՝ տվյալ առարկայի գծով սովորող ուսանողի 7-8 անգամ ավելի բարձր վճարել, բայց միևնույն ժամանակ պահանջ պետք է դնել, որ գերազանց սովորելու դեպքում էլ ավելի բարձր թոշակ կստանա, այսինքն՝ խրախուսական ինչ-որ քայլեր են պետք:

Ես կողմնակից եմ նաև նրան, որ վերականգնեն զինվորական ամբիոնները, վերականգնեն տարկետում հասկացությունը, թեկուզ որոշակի ուղղությամբ: Այսինքն՝ եթե շրջանավարտը մտնում է բուհ և ուզում է դառնալ ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի ուսուցիչ, ապա պետք է տարկետում ստանա:

90-ականներին տարկետում կար. ավարտելուց հետո, եթե սահմանամերձ գյուղերում գնում ուսուցիչ էին աշխատում, օրինակ՝ Արցախում, եթե 2 տարի աշխատեին, ստանում էին նաև զինգրքույկ, դա համարվում էր նաև ծառայություն: Ու այդ ժամանակ չեք պատկերացնում, թե ինչ բում էր, բոլորն ուզում էին այդ ուղղությամբ սովորել, բայց հնարավոր չէր, որովհետև ցանկացողները շատ-շատ էին: Հիմա էլ որոշ չափով նման գաղափար պետք է մտցնել, որպեսզի հեռավոր գյուղերում նաև մանկավարժի խնդիրը լուծվի: Այսինքն՝ ճանապարհները շատ են, լուծումները կան, պարզապես պետք է ֆինանսական ու մարդկային մեծ ռեսուրսներ ներդնել:

Դա պետք է շատ կտրուկ արվի, մենք ժամանակ չունենք, որ մի քանի տարի ծրագիր մշակենք, փորձարկենք, որպեսզի կարողանանք ստեղծված վիճակը հաղթահարել: Բնականաբար, պետք է նաև սահմանել շատ խիստ նշաձող, որ պետությունը կօգնի այն երեխային, որի միջին որակական գնահատականը կլինի, օրինակ՝ 75-80 տոկոս, որպեսզի կրթական մակարդակն էլ բարձր լինի:

Դիմորդների թվաքանակի նվազման վրա որքանո՞վ է ազդել ընդունելության քննությունների նոր համակարգի գործարկումը, ըստ որի այս տարվանից շրջանավարտները կարող են դիմել միայն մեկ մասնագիտություն սովորելու համար, այսինքն, ի տարբերություն նախորդ տարիների, առաջին հայտով չընդունվելու պարագայում երկրորդ կամ երրորդ հայտերից մեկով այլ ֆակուլտետ ընդունվելու հնարավորությունն այլևս չկա:

– Ես այդ փոփոխությունը դրական եմ համարում: Ես ևս կողմնակիցն եմ եղել այդ փոփոխությանը, որ պետք է լինի մասնագիտական կողմնորոշում: Որովհետև տարիներ շարունակ իրավագիտության բաժին դիմող երեխան, որ ստանում է բարձր միավորներ, բայց չէր ընդունվում այդ բաժին, հաջորդ քայլով գնում էր, միջազգային հարաբերությունների բաժնի դիմորդների հետ մրցույթի էր մասնակցում, ու այն երեխան, որը ցանկություն ուներ միջազգային ընդունվելու, ու նրա միավորները քիչ թե շատ բավարարում էին, իրավագիտության բարձր միավորով դիմորդը գալիս, իրեն «դուրս էր շպրտում» ու սովորում էր այդտեղ, որը բնավ իր ցանկությունը չէր:

Միջազգայինի այդ դիմորդն էլ նույն ձևաչափով արևելագիտության երեխային էր «դուրս շպրտում»: Հիմա գոնե այս ձևով մասնագիտական կողմնորոշման խնդիրը կկարգավորվի: Սա ճիշտ ձևաչափ է, ու որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև սա այնպես չէ, որ էական ազդեցություն է ունեցել դիմորդների թվի նվազման վրա:

Պարո՛ն Սարգսյան, իսկ տարկետման բացակայությունը որքանո՞վ է խանգարում գործընթացին, սա ինչպե՞ս եք գնահատում:

– Նախ ասեմ, որ ես դեմ եմ 12-ամյա կրթությանը, ու լավ կլինի, որ ծրագրեր մշակվեն, ու գոնե քայլառքայլ անցում կատարվի 11-ամյայի: Միևնույն է՝ մեր դպրոցները 12- ամյա չեն, 11,5 են, որովհետև 12-րդ դասարանում՝ դեկտեմբեր ամսին, արդեն բոլորը ավարտական քննությունները հանձնում են, այսինքն՝ փաստացի հունվարին երեխան կարող է ատեստատ ստանալ ու դպրոցն ավարտել: 11-ամյա գոնե լինի, որպեսզի շրջանավարտն ավարտելուց հետո, եթե այդ տարի բուհ չընդունվի, գոնե մեկ տարի ժամանակ ունենա ևս մեկ անգամ փորձելու:

Շատ կոպիտ սխալ է, երբ երեխան, դեռ իր արդյունքը չիմացած, զորակոչվում է բանակ: Եթե շատ չնչին միավորի տարբերությամբ դիմորդը դուրս մնաց, ապա երկու տարի անց՝ զորացրվելուց հետո, այդ գիտելիքները կմոռանա, նորից պետք է ֆինանսական ռեսուրս ծախսի, չնայած դա էլ պարզ չէ՝ կծախսի՞, թե՞ չէ, սովորելու ցանկությունը կլինի՞, թե՞ չէ, իսկ այդ ընթացքում մենք տասնյակ մասնագետներ կկորցնենք: Այսինքն՝ գոնե մեկ տարի, մինչև բանակ գնալը, երեխան պետք է ունենա իր առաջ:

Տարկետումը պետք է լինի, եթե ընդհանուր բուհական համակարգում տարկետումը բոլոր մասնագիտություններով նպատակահարմար չէ, ապա գոնե այն մասնագիտությունները, որտեղ խնդիր ունենք, այդ մասնագիտությունների մասով գործի տարկետումը, այսինքն՝ աստիճանաբար լուծումների գնալ:

Այսօր խնդիր ունենք նաև զորակոչի ժամկետների հետ կապված: Հիմա զորակոչն անցկացվում է ամռանն ու ձմռանը, իսկ ընդունելության քննությունների գործընթացը մեկնարկում է ամռանը, իսկ երեխան բանակում է, և այս խառնաշփոթը վերացնելու համար պետք է զորակոչի ժամկետներն էլ վերանայել ու հասկանալ՝ գուցե պետք է անցկացնել աշնանն ու ձմռանը, ինչպես առաջ էր:

Այսինքն՝ համակարգային փոփոխություն ասելով՝ ես սա նկատի ունեմ՝ ընդհանուր գործընթացում պետք է փոփոխություն մտցնել: Միայն կրթության գերատեսչության խնդիրը չէ, պետք է ընդհանուր նստել ու ռեալ լուծում տալ, որովհետև ռեալ անվտանգության խնդիր է սա:

Անվտանգությունը միայն զորքն ու զինամթերքը չէ, կրթությունն է: Պետությունը եթե կրթված հասարակություն չունեցավ, վերանում է երկրի երեսից առհասարակ: Մեզ միշտ փրկել է կրթված լինելը, հետևաբար մեզ համար սա անվտանգության խնդիր է արդեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am