Փաշինյանը չի կարող բաց տեքստով այս մասին ասել հանրությանը, դրա համար պետք է, որ ինչ-որ մի «հանուն» հորինի, հորինել է. Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ։ Այս մասին նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ակնարկելով Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման տեղեկությունները։ Պարո՛ն Ղուկասյան, ձեր կարծիքով՝ իսկապե՞ս Հայաստանի իշխանությունը տվել է իր համաձայնությունը, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Հայաստանից։ 

– Սա արձագանք է բրյուսելյան հանդիպմանը, ընդ որում՝ շարունակությունն է հենց ապրիլին արտգործնախարարության տարածած հայտարարության՝ ավելի բացված տեքստով։ Ռուսաստանը քննադատում է ԱՄՆ-ին ու Եվրամիությանը՝ Հայաստանին արած առաջարկության համար։ Այդ առաջարկների բովանդակությունը արդեն պարզ է բոլորին, խոսքը Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու ճանապարհային քարտեզի մասին է, որը ենթադրում է ռուսական զորքերի ու սահմանապահների դուրսբերում Հայաստանի տարածքից, ենթադրում է ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Զախարովայի այս մեկնաբանության մեջ քննադատվում են ոչ թե Հայաստանի իշխանությունները, այլ՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը՝ իրենց արած առաջարկների համար։

Իմ կարծիքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանն անհրաժեշտ վճռականությամբ չարտահայտեց իր պատրաստակամությունը՝ Եվրամիության հետ սկսել համատեղ աշխատանք, որի նպատակն է Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալը։ Առհասարակ, ես Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ու անձամբ նրանից նման քայլ չեմ սպասում, նրա քաղաքական հայացքները տեղավորվում են «3+3» կամ, ավելի ճիշտ՝ «2+2» բանաձևի մեջ, Ռուսաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան։ 

Նման կարծիք ունենալու համար հիմք է տալիս հենց Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին ժամանակահատվածում: 2022-ի մայիսից սկսած նա Հայաստանում Թուրքիայի ու Ադրբեջանի անթաքույց քարոզչություն է իրականացնում, քարոզչության գլխավոր դրույթներն էլ հետևյալներն են, որ Ցեղասպանություն չի եղել, որ Արցախի հայերը ինքնորոշման իրավունք չունեն։ Նման քարոզչությամբ զբաղվող վարչապետի պաշտոն զբաղեցնող լրագրողը Եվրամիության անդամության մասին չի խոսում։ 

– Այսինքն՝ գործող իշխանությունը համաձայնություն չի՞ տվել, որ ռուսական զորքը դուրս գա Հայաստանի տարածքից։

– Կարծում եմ՝ Փաշինյանը Բրյուսելում ասել է այն, ինչ հրապարակային ասաց Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն, առաջարկը լավն է, բայց ժամանակը հարմար չէ։ Հիմա Ռուսաստանը ճգնաժամի մեջ է, երկրում ծանր իրավիճակ է, Վարդան Ղուկասյանը քաղաքացիական անհնազանդություն է հրահրել, ԱՄՆ-ից քաղաքացիներն են բողոքում, Իլհամ Ալիևը սպառնում է հարձակումներով, մի խոսքով՝ հիմա հարմար չէ, բայց մենք կմտածենք առաջարկի մասին։

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պահ է գալիս, որ անգամ քո կյանքը պետք է զոհես հանուն․․․

– Հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի պետք է ինքն այդ բոլոր զոհաբերությունները, իհարկե, կատարի, ես նրա ասածն այդպես եմ հասկանում, որ հանուն այդ հուժկու պետությունների ինքը պատրաստ է զոհաբերել իր ընտանիքը, իրեն ու մեզ բոլորիս, միայն թե Թուրքիային ու Ադրբեջանին լավ լինի։

– Այդ զոհաբերության արդյունքում իր ասած Հայաստանի անկախությունը կպահպանվի՞, թե՞ չէ։ 

– Իր կարծիքով՝ այն, ինչ կմնա տակը, դա էլ կլինի անկախություն։ Երևի իրական Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի լծի տակ ապրող Հայաստանն է «2+2» բանաձևի ներքո։ Սա պարզապես սովորական խարդախություն է, որովհետև հասկանալի է, որ ինքը չի կարող բաց տեքստով այս մասին ասել հանրությանը, դրա համար պետք է, որ ինչ-որ մի «հանուն» հորինի, հորինել է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am