102-րդ ռազմաբազայի և ՀՀ զորքերի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի զինված ուժերի զինումը Հայաստանի ու ընդհանուր ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություններից է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, հունվարի 30-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչ անհրաժեշտ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել տարածաշրջանում, հաշվի առնելով ամերիկա-իրանական հարաբերությունների լարվածությունը:

«Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ամրապնդումը և  Հայաստանի զորքի զինումը պատահական չեն արվում»,- նկատեց Սիդորովը:

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի խոսքով` Կազմակերպության կառավարման կանոնադրություններում և պետությունների ղեկավարների կողմից ընդունված ռազմավարության մեջ նշված է, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի ներուժի բարձրացման հիմնական աղբյուրը ազգային զորախմբերի, ազգային կազմավորումների ուժեղացումն է:

«Ուժեղացման ևս մեկ գործոն է Կազմակերպության զորքերի պատրաստումը հենց կովկասյան տարածաշրջանում: Այդ տարի մենք նախատեսել ենք մի շարք գործառնական միջոցառումներ, որոնք տեղի են ունենալու տարածաշրջանում»,- եզրափակեց Սիդորովը: