Վրաստանում բարեփոխումները ամերիկյան փողերով չեն իրականացվել. Հայաստանում տարածված միֆը չի համապատասխանում իրականությանը

Վրաստանում բարեփոխումները ամերիկյան փողերով չեն իրականացվել. Հայաստանում տարածված միֆը չի համապատասխանում իրականությանը
Վրաստանում բարեփոխումները ամերիկյան փողերով չեն իրականացվել. Հայաստանում տարածված միֆը չի համապատասխանում իրականությանը

Վրաստանի տնտեսագետներն ու պաշտոնյաներն ամերիկյան փողերի դերը երկրում կոռուպցիան վերացնելու ու համակարգային բարեփոխումներ իրակակացնելու գործում աննշան են համարում:
Վրաստանի նոր տնտեսական դպրոցի նախագահ Պաատա Շեշելիձեի խոսքերով` շատ հաճախ բարեփոխումները Վրաստանում իրականացվել են ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների խորհուրդներին հակառակ.

«Ամերիկացիները երբեք փող չեն տվել այն բարեփոխումների համար, որոնք որ իրականացվեցին Վրաստանում։ Նրանք փող տվել են հենց այնպիսի ծրագրերի համար, որոնք որ, մեղմ ասած, այնքան էլ բարեփոխումային բնույթ չունեին։ Եվ նույնիսկ հիմա, երբ մենք փորձում ենք հասնել ԵՄ երկրների հետ ազատ առևտրային հարաբերությունների, նրանք ասում են, թե չեն կարող բացել սահմանը, քանի որ մենք չափից դուրս լիբերալ ենք»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը Վրաստանում տեղի ունեցած բարեփոխումները որպես համատարած լիբերալացում է բնութագրում, որի ընթացքում կտրուկ աճեց սեփականաշնորհվող օբյեկտների թիվը, փոխվեց հակամենաշնորհային քաղաքականության ուղղությունը:

Տնտեսագետն առանձնացնում է նաեւ հարկերի կրճատնման հանգամանքը, երբ նախկին 22 հարկատեսակներից թողնվեցին միայն 5-ը, որոնց դրույքաչափերն էլ փոքրացվեցին.

«Ընդ որում, եթե 2005 թվականի առաջին կեսին ԱԱՀ-ն 20 տոկոս էր, երկրորդ կեսին այն դարձվեց 18 տոկոս: Բայց առաջին կեսին ԱԱՀ-ից բյուջեի եկամուտները կազմեցին 560 մլն լարի, իսկ երկրորդ կեսին՝ մոտ 900 մլն լարի։ Այսինքն՝ հարկային դրույքաչափի 2 տոկոսային կետով իջեցումը հանգեցրեց բյուջեի այդ հարկատեսակից մուտքերի ավելի քան 60 տոկոս աճի»:

Վրաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Վատո Լեժավայի մեկնաբանությամբ` ամերիկյան փողերի վերաբերյալ պատմությունները միֆ են հիշեցնում.

«Հնարավո՞ր է իքս գումար գտնելու դեպքում ռեֆորմներ իրականացնել ցանկացած երկրում։ Ասենք՝ հաշվել ու ասել՝ Վրաստանում բարեփոխումների համար 100 մլրդ դոլար է պետք, Ղրղզստանում՝ 150 մլրդ, Տաջիկստանում՝ 200 մլրդ դոլար և այլն։ Իրականում սա բլեֆ է, բարեփոխումները գումարով չեն որոշվում»,- բացատրում է Լեժավան։

Նրա խոսքով՝ որոշ աջակցություն ԱՄՆ-ի կողմից սկզբնական շրջանում եղել է, բայց դա էական և որոշիչ գործոն չի կարելի համարել. «Օրինակ՝ սկզբում բարձրաստիճան պետական չինովնիկները ստանում էին լրավճարներ մի ֆոնդից, որը նախատեսված էր պահել 3 տարի։ Բայց մենք 1 տարի հետո այդ ֆոնդը վերացրեցինք, որովհետև ցանկանում էինք աշխատավարձեր վճարել միայն պետբյուջեից»։

2003-ի համեմատ 2010-ին Վրաստանում միջին աշխատավարձը աճել է ավելի քան 14 անգամ (դոլարային արտահայտությամբ) 50 լարիից (այն ժամանակվա կուրսով` 25 դոլար) դառնալով 572 լարի` մոտ 350 դոլար: Հայաստանում միջին աշխատավարձը անցյալ տարի գրեթե 110 000 դրամ էր` մոտ 300 դոլար, ինչը 2003-ի 35 000-ի (այն ժամանակվա կուրսով` մոտ 60 դոլար) համեմատ դոլարային արտահայտությամբ աճել է ընդամենը 5 անգամ:

2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանին տրված վարկերի օգտակարության աստիճանը ևս միանշանակ չի գնահատվում։ Վրաստանի Նոր տնտեսական դպրոցի փոխնախագահ Գիա Ջանդիերին համոզված է` այդ գումարները Վրաստանին ավելի շատ վնաս են տվել։

«Եթե մեզ չօգնեին մեր կառավարությունը ավելի շատ կմտածեր բիզնեսն է՛լ ավելի արագ զարգացնելու ուղղությամբ։ 2008-ի սկզբին ԱՄՀ գրասենյակը Վրաստանում փակվեց, քանի որ ոչ մի վարկային ծրագիր չկար այլևս։ Համաշխարհային բանկի ծրագրերն էլ արդեն վերջանում էին և այդ գրասենյակն էլ պետք է փակվեր։ USAID-ին էլ միայն մի գրանտային ծրագիր էր իրականացնում»,- «Մեդիալաբին» ասում է Ջանդիերին՝ հավելելով, որ մինչև պատերազմը ոչ ոք չէր մտածում լրացուցիչ վարկեր վերցնելու մասին։

«Հնգօրյա պատերազմից հետո հենց առաջին օրը ԱՄՀ-ն հայտարարեց, թե պատրաստ է մեզ տալ 750 մլն դոլար։ Մեր կառավարությունը սկզբում տարակուսանքի մեջ էր, որովհետև նրա եկամուտները բավարար էին։ Մինչև տարվա վերջ 500 մլն դոլարը վերցրեցին, բայց ԱՄՀ-ից նամակներ էին գրում, թե դուք դեռ 250 մլն դոլար պետք է վերցնեք, մենք ավելի շատ էլ կտանք, ինչու՞ չեք վերցնում։ Բայց այն 500 մլն-ի հիմնական մասը դեռ Կենտրոնական բանկում դրված էր, չգիտեին` ինչպես ծախսել»։

«Պարզապես քաղաքական գործոնը աշխատեց։ Վրաստանը պատերազմ էր տանուլ տվել, փախստականներ, ավերածություններ, ամբողջ աշխարհը ասում է՝ մենք պատրաստ ենք ձեզ օգնել, և հանկարծ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է օգնությունից, ասում՝ չէ, մեզ ձեր փողերը պետք չեն։ Բոլորը կմտածեին, թե Վրաստանի ղեկավարությունը խելագարվել է։ Իրականում այդ փողերը վերցվեցինք այն պատճառով, որ ցույց տայինք, թե մենք գոհ ենք, շնորհակալ ենք աշխարհից, որ նման օգնություն են մեզ տրամադրում»,- բացատրում է տնտեսագետը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է` Վրաստանի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակլցությունը այսօր 36 տոկոս է: Մինչդեռ 2003-ին Վրաստանի արտաքին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը անցել էր 45 տոկոսը:

Հրայր Մանուկյան

© Medialab.am