«Չորս կողմից կրակի մեջ տեսանք, թե ինչպես որոշ հրամանատարներ նստեցին իրենց մեքենաները ու, փորձեցին ճեղքել թշնամուն ու փրկել սեփական կաշին». ռազմական բժիշկ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը, որը պատերազմի առաջին օրերից մինչև հիմա բժշկական օգնություն է ցույց տալիս վիրավորներին։ Նոյեմբերի 8-ին Տիտան Ասատրյանն արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճան պարգեւին՝ ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար։ 

Այս բարձրագույն պարգևը կիսում եմ Արցախում կռվող բոլոր ՌԱԶՄԱԿԱՆ բժիշկների հետ…Պատերազմի առաջին իսկ օրվանից մինչ օրս,…

Posted by Titan Asatryan on Monday, November 9, 2020

– Պարո՛ն Ասատրյան, դուք պատերազմի առաջին օրից ուղիղ իրադարձությունների կիզակետում եք։ Այդ օրերի պայքարն ինչպե՞ս կբնորոշեք։ Արդյոք ներսում արձանագրե՞լ եք խժդժություններ։

Իհարկե բոլորիս մեջ եղել է մեկ համոզմունք, որ մենք ունենք միայն մեկ թշնամի, որ բոլորս մեկ բռունցք ենք։ Ու բոլորս դարձանք մեկ մարդ, մեկ համակարգ, որի մեջ որևէ տարաձայնություն, գժտություն կամ դավաճանություն ուղղակի չէին կարող լինել։ Ուստի՝ ոչ։ Մենք եղել ենք եղբայրական կապերով կապված։

– Շուշիում, որտեղ 100+ վիրավորների առաջին օգնություն եք ցույց տվել, ի՞նչ մանրամասներ կպատմեք։ Ի վերջո, սկզբում հայտարարվում էր, որ Շուշիի ինքնապաշտպանությունը ավարտվում է հաղթանակով։ Ի՞նչ տեղի ունեցավ։

– 100+, դա ինչպես ֆեյսբուքյան գրառմանս մեջ եմ նշել, վերաբերում է պատերազմի առաջին օրվանից մինչև Շուշի ընկած ժամանակահատվածը ցուցաբերած բուժօգնությանը։ 

Շուշիում, երբ շրջափակման մեջ ենք եղել, բազում վիրավորներից կարողացա միայն մոտ 15 հոգու տարհանել Ստեփանակերտի հոսպիտալ, որոնցից վերջին 9-ը՝ զրահատեխնիկայով` 2 տանկի ուղեկցությամբ։ 

Մնացածը, ցավոք սրտի, մնացին Շուշիում։ Մեր դուրս գալու նախորդ օրը ունեցա 4 լուրջ վիրավորներ, բայց քանի որ ճանապարհը փակ էր, ու զրահատեխնիկան չէր գալիս, ես 4 տղերքի կյանքը ատամներովս պահեցի մինչև հաջորդ օրը։ 

Առավոտյան, երբ սկսվեցին զանգվածային, անխնա հրետակոծություն ու թշնամու հետևակի հարձակում, վիրավորների թիվը կտրուկ աճում էր։ 

Վերջապես, երբ БМП-ն եկավ, սկսեցինք հիվանդներին տեղափոխել վերջինիս մեջ։ Այդ ժամանակ մինամյոտի արկը ընկավ БМП-ի վրա՝ ինձնից մոտ 5 մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար, БМП-ին քիչ վնաս էր տվել։ 

Այդպես կարողացա տղերքին հանել։ Ինձ ասեցին, որ էլի զրահատեխնիկա պետք է գա, բայց այդպես էլ չեկավ։ Ու վիրավորներս մնացին այնտեղ վերջին հույսով, որ կգան բոլորիս հանելու։ 

Ես այդ ժամանակ իհարկե տեղյակ չեմ եղել հայտարարություններին, բայց ամեն ինչ արել ենք Շուշին պաշտպանելու ու պահելու համար։ Ժամ առ ժամ համոզվում էի, որ վիճակը վատթարանում է։ 

Պետք է նահանջ տրվի, բայց դա չէր արվում։ Ի վերջո, թշնամին մեզ սեղմել էր պատին։ Խուճապ էր տիրում։ Այնտեղ գտնվող հրամանատարական անձնակազմը կորցրեց վերահսկողությունը, ամեն մեկը իր գլխի տերը դարձավ։ 

Զորքը ստիպված իջավ ճանապարհով ցած` դեպի թշնամի։ Երբ հասանք թշնամու դիրք, մեզ վրա սկսեցին կրակել նռնականետներով, դիպուկահարներով, ավտոմատներով, ԱԳՍ-ներով` վերևից ու ներքևից, աջից ու ձախից։ 

Մենք հայտնվել էինք նեղ ծուղակում, ամեն վայրկյան նեղացող չորս պատի մեջ։ Ստիպված ընտրեցինք կռիվը ու Վրեժի հետ հարձակվեցինք ներքևից հարձակվող թշնամու վրա։ Ճեղքեցինք… ու տվեցինք 2 զոհ, ովքեր ընկան թշնամու ձեռքը ու վզահատվեցին։ 

Իհարկե, իրենք վճարեցին դրա համար՝ տալով մոտ 20 զոհ։ Երբ փախան, մենք շարունակեցինք իջնել դեպի ձոր։ Բայց ամենաակնառուն այն էր, որ չորս կողմից կրակի մեջ գտնվելու ժամանակ տեսանք, թե ինչպես որոշ հրամանատարներ նստեցին իրենց մեքենաները ու, մեզ առաջ տալով, փորձեցին ճեղքել թշնամուն ու փրկել սեփական կաշին։ 

Հասկացանք, որ «նահանջ» հրամանը տրված է եղել։ Մեկը ուազով էր փախչում, մեկը՝ տանկով, մեկը՝ շտապօգնությունով։ Ես տեսա անգամ՝ ինչպես են «փախցնում» իմ շտապօգնությունը, որի մեջ 2 ծանր վիրավոր կար։ 

Ու Աստված գիտի՝ այդ փախչողները ինչ էին արել նրանց հետ։ Տղերքից մեկը ասեց. «Դոկ, մեր սկորին ա, սպեցնազն էլ՝ մեջը»։ Իհարկե, թշնամին որոշ մեքենաներ պայթեցրեց, այդ թվում նաև՝ իմ սկորին, մեկ-երկու մեքենա է կարողացել դուրս գալ։ 

Ու վիրավորական էր այն փաստը, որ այնտեղ մեր հրամանատարները մեզ մենակ թողեցին։ Խուճապի մեջ ու փախան մեքենաներով։ Այն զինվորները, որոնց բախտը բերել էր, որ իրենց դասակի հրամանատարները իրենց կողքին են եղել, կարողացել են ձորով դուրս գալ այնտեղից։

– Ըստ էության՝ հրամանատարները լքել են ամենակարևոր պահի՞ն։

– Ստացվում է այնպես, որ, այո՛, վաշտի հրամանատար օղակից բարձր հրամանատարները փախել են՝ մեզ հետևում թողնելով։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ դավաճաններ էլ շատ են եղել:

– Ես չեմ կարող արձանագրել դավաճանության փաստը, քանի որ աչքովս չեմ տեսել։ Բայց, կարծում եմ, ոչ մի կռվող զինծառայող նման քայլի չէր կարող գնալ։ Համոզված եմ դրանում։

– Ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Երբ զինվորները լսեցին որոշման մասին, ի՞նչ տեղի ունեցավ։

– Հասկացան, որ իրենց կառավարությունը իրենց կողքին է, ու որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է ինչքան դժվար, բայց այդքան էլ անհրաժեշտ ճիշտ որոշում։ 

Այստեղ բոլորն էլ հասկանում են դա, որ եթե չլիներ այդ որոշումը, մենք անիմաստ դառնալու էինք թշնամու ձեռքին խաղալիք։ Էլ չասեմ, որ թշնամին հասնելու էր մինչև Հայաստանի մատույցներ։ Մի խոսքով, բանակը լիովին աջակցում ու հավատում է Նիկոլին ու կառավարությանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am