«Հիմա էլ գազն են թանկացում. ջերմատների ոլորտը կաթվածահար կլինի, մթերքն ինչքա՞ն թանկացնենք, էս ժողովուրդը փող չունի». Պողոս Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը

Պարո՛ն Գևորգյան, Հայաստանում հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ ապրիլի 1-ից էլ՝ գազի սակագինը: Ջերմոցատերերն այս պայմաններում ինչպե՞ս են կազմակերպում իրենց աշխատանքը:

– Առանց այն էլ մի լավ վիճակում չենք. դրսից բերվող ոչ մի մթերքի համար մրցակից չենք, Թուրքիայից, միևնույն է՝ գալիս է ապրանքը՝ այլ երկրի անվան տակ: Թանկացումների պայմաններում, բնականաբար, շատ դժվար կլինի աշխատանքի կազմակերպումը:

Ասում են՝ գազի սակագինը բարձրացնում են, որովհետև լավանում է կալորիականությունը, առանց այդ էլ այսօր իրենք շատ գումար են տանում ֆերմերներից կալորիականության համար: Դա լինելու է աղետ ջերմոցների համար, վստահեցնում եմ՝ առանց այդ էլ այսօր ոչ ոք չի ձգտում ջերմատուն սարքել բանջարեղեն մշակելու համար:

Գազի սակագնի բարձրացման հետևանքները ոլորտի համար որո՞նք են լինելու, կխնդրեմ մանրամասնեք:

– Ջերմատների տարածքները չեն ավելանա, դրանց գործունեությունը՝ որպես արդյունաբերական ճյուղ, անպայման կկանգնի: Բացի գազի գնի բարձրացումից կա նաև մեկ այլ խնդիր՝ սահմանների բացումը, հենց Թուրքիայի հետ սահմանը բացեցին, ջերմատները կփակվեն, որովհետև եթե այսօր, իբրև թե սահմանները փակ, այնտեղից բերվող ապրանքին մենք մրցակից չենք, բա որ սահմանները բացվեցին ի՛նչ ենք անելու:

Թուրքայում 70 հազար հեկտար ջերմատուն կա, որոնք գտնվում են Միջերկրական ծովի ափերին, որտեղ ջերմատները ջեռուցման անհրաժեշտություն չունեն:

 – Պարո՛ն Գևորգյան, տեղեկություն ունե՞ք, թե այսօր Հայաստանում գործող քանի՞ ջերմատուն կա, ինչպե՞ս են կազմակերպվում դրանց աշխատանքները:

– Հստակ պատասխանել չեմ կարող, որովհետև շատ վաղուց մոնիթորինգ չենք արել, բայց պաշտոնական տվյալներով՝ 1180 հեկտար ջերմատուն կա Հայաստանում:

Մենք նպատակ ունեինք ջերմատներն այսօր հանել լեռնային գոտի, որտեղ հողը, օդն ու ջուրը մաքուր են, ցանկություն ունեինք այդկերպ հիմք դնել օրգանիկ գյուղմթերքի արտադրությանը, որովհետև ռուսական շուկա էլ չենք կարողանում մտնել, թուրքական լոլիկն այնքան էժան է, որ ոչ մեկը դա չի թողնի ու հայկականը գնի:

Մտադրությունը կյանքի կոչելու հնարավորություններ կա՞ն:

– Նպատակ ենք դրել, պետք է անպայման անենք, բայց շատ բան կախված է նաև պետության հետ համագործակցությունից: Մինչև պատերազմը սկսվելը ես բազմիցս առաջարկներ ուղարկեցի այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, դե, գյուղնախարարություն չկա, ինչներիս է պետք, գյուղատնտեսություն չունենք: Ոչ մի տեղից ոչ մի արձագանք չեղավ:

Ստացվում է, որ պետական աջակցություն՝ որպես այդպիսին, չունե՞ք:

– Չէ հա, անգամ չլսեցին էլ, խնդրում էի, որ գոնե տասը րոպեով ընդունեն, առաջարկներս քննարկենք, անգամ չընդունեցին էլ: Նույնն էլ Ազգային ժողովում, հայեցակարգը ուզեցին ու վերջ:

Պարո՛ն Գևորգյան, միայն գազի մասով կարո՞ղ եք հստակ ասել, թե ամսական որքա՞ն են ջերմատները վճարում գործող սակագնի պայմաններում:

– Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, որովհետև կախված է եղանակից, թե ինչ կարգի ցուրտ կլինի: Բայց որ վնասով ենք աշխատելու, միանշանակ է, առանց դրա էլ հիմա մեր ֆերմերները հենց ձմեռը գալիս է՝ վարկ են վերցնում, որ գազի գումարը փակեն, հետո էլ աշխատում են, որ բանկի գումարը տան:

Հոսանքը թանկացրել են, ջուրը թանկացնում են, իսկ մենք խմելու ջուր ենք օգտագործում ոռոգման համար, մի հատ էլ գազի թանկացում՝ էլ բան չմնաց: Ոլորտը կաթվածահար կլինի, մթերքն էլ ինչքան էլ թանկացնենք, միևնույն է՝ թանկ էլ չի վաճառվում, էս ժողովուրդը փող չունի:

Իսկ գազի գումարը փորձիր չտաս, այդպիսի դեպքեր ունեցել ենք, երբ մեկ շաբաթ չեն համբերել, որ բերքը հասունանա, գազն անջատել են, ու երկու խոշոր ջերմատուն, մեկը՝ Գյումրիի ջերմատունն էր, փակվեցին:

Իսկ այլընտրանքային տարբերակներ կա՞ն, որոնց կիրառման դեպքում մի փոքր կմեղմվի իրավիճակը:

– Երբ որ ասում էի՝ լեռնային գոտիներում հիմնենք, նպատակ ունենք ջերմատները արևի էներգիայով տաքացնել, բայց դա էլ է մեծ գումարների հետ կապված: Պետական աջակցություն է անհրաժեշտ, բայց այդ աջակցությունը չկա, իսկ մեր ասոցիացիան այդ հնարավորությունը չունի:

Գազի սակագնի բարձրացումից հետո ջերմոցատները կսկսեն մեծ թափով փակվել, չգիտես էլ, թե ֆերմերին ինչ առաջարկես: Մնում է մի պարան առնի, կախվի պրծնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am