«Մեր սրբավայրն էր, ախր». Արցախում բարբարոսություն են համարում Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու հետ կատարվածը եւ հիշում՝ ինչպես էին պահպանում մզկիթները

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերված լինելու մասին օրերս համացանցում տարածված լուսանկարները նորից վրդովել են Շուշիի քաղաքապետին:

«Դե, բարբարոս են, ի՞նչ ասեմ: Մաքուր վանդալիզմ է, ոչ մի հայկական հետք չեն ուզում թողնել»,- «Մեդիալաբին» ասում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Երեկ համացանցում արբանյակային լուսանկարներ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում Կանաչ ժամ եկեղեցին ավերակների է վերածվել։ 

Այն, որ Կանաչ ժամ եկեղեցին պատերազմի օրերին էր վնասներ կրել, փաստել էին ադրբեջանցի օգտատերերի տեսանյութերը, որոնցում երևում էին՝ ինչպես են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը ավերվել:

Շուշիի Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (եկեղեցու գմբեթները ժամանակին ներկված են եղել կանաչ, որի պատճառով էլ ստացել է Կանաչ անվանումը) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն, քաղաքի հյուսիսային հատվածում։ Վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ այն տեսանելի է եղել քաղաքի բոլոր հատվածներից։

«Ինչքան հուշարձան ունեինք Շուշիում, պայթեցրել են կամ կամաց-կամաց վերացնում են: Ես ի՞նչ անեմ, արդեն սիրտս չի դիմանում: Կանաչ ժամը մեզ համար պատմական նշանակություն ուներ՝ 11 եկեղեցուց 3-ն էին գործող եկեղեցի մնացել, մեկն էլ կիսավեր էր: Հիմա դա էլ են վերացրել: Ամեն ճիգ գործադրում են մեր արժեքները վերացնելու համար: Մեր սրբավայրն էր, ախր»,- նշում է Արծվիկ Սարգսյանը:

Միջազգային կազմակերպություններին դիմելուց Սարգսյանը օգուտ չի տեսնում: Անցյալի փորձից է եկել նման եզրահանգման. 

«Աշխարհը, ինչպես միշտ, լռել է, հիմա էլ է լռում, աշխարհն ի՞նչ անի, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի՞նչ անի: Նախիջևանի էնքան խաչքարերը վերացրին, աշխարհն ի՞նչ արեց, ո՞ւմ պատասխանատվության ենթարկեց: Էդ նույնն էլ հիմա է կատարվում: Ցավալի է, բայց փաստ է»:

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հոգևոր հովիվ հայր Գեղարդը նույնպես կատարվածը վանդալիզմ է որակում:

«Փաստը արձանագրել ենք՝ դա իրականում վանդալիզմ կարող եմ որակել: Նաև վանդալիզմ եմ համարում այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե հայկական եկեղեցիները աղվանական են: 

Նաև հանդիպեցի տեղեկություն, որ նույնիսկ հանձնարարել է, որ հայերեն բոլոր արձանագրությունները եկեղեցիների վրայից մաքրեն: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ հայկական հետքը ոչնչացնելու մտադրություն»,- «Մեդիալաբին» ասում է տեր Գեղարդը:

Արցախի թեմի հոգևոր հովիվը ադրբեջանական կողմի վարքագծին հակադրում է Շուշիում մզկիթների պահպանությունը.

«Շուշիում մզկիթները պահպանվում էին պետության կողմից, որպեսզի չավերվեն և մնան որպես մշակութային կոթող»:

Տեր Գեղարդի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են մշակութային, պատմական հուշարձանների նկատմամբ նման վարք ցուցաբերում ադրբեջանցիները: «Ինչո՞ւ են վերացնում հայկական հետքը: Անհասկանալի է:

Նայեք՝ Շուշիի Ղազանչեցոցի ռմբակոծությունը. պատահակա՞ն էր դա, իհարկե ոչ, որովհետև գերճշգրիտ զինատեսակը պատահական կարո՞ղ էր շեղվել մետրերով: Ոչ իհարկե: Այդ ամենը համարվում է վանդալիզմ, վանդալիզմ է նույնիսկ այն, որ ներկով ներկվի կառույցը»: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am