Ինչու է Ադրբեջանն անսպասելի արտահերթ նախագահական ընտրությունների գնում. Ստյոպա Սաֆարյան

Ինչու է Ադրբեջանն անսպասելի արտահերթ նախագահական ընտրությունների գնում. Ստյոպա Սաֆարյան
Ինչու է Ադրբեջանն անսպասելի արտահերթ նախագահական ընտրությունների գնում. Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, ինչո՞վ եք բացատրում Իլհամ Ալիևի անսպասելի որոշումը՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այս տարվա ապրիլի 11-ին, թեև նախապես հայտնի էր, որ այն պետք է տեղի ունենա հոկտեմբերին։ Որքանո՞վ կարելի է հայկական իրականության հետ զուգահեռներ տանել, հաշվի առնելով, որ Հայաստանում էլ ապրիլին երկրի թիվ մեկ պաշտոնյայի՝ վարչապետի ընտրություններ են լինելու։

– Կարծում եմ՝ այստեղ երկու նպատակ կարող է լինել. մեկն այն է, որ Ալիևը ապրիլյան պատերազմի ներքին քարոզչության որոշակի պրոպագանդիստական պատմություն է ստեղծել, թե իբր իրենք հաղթել են, և փաստացի ուզում է այդ ամիսն օգտագործել, այսպես կոչված, «ռազմական հաջողությունները» ընտրական կապիտալի վերածելու, ժողովրդի հիշողությունը թարմացնելու համար։ Երկրորդ նպատակը, որ տեսնում եմ, այն է, որ Ալիևը հասկանում և տեսնում է, նաև սրտնեղում է այն բանից, որ Հայաստանի ընտրություններն այդպիսի կոշտ գնահատականի չեն արժանանում, ինչպես Ադրբեջանինը։ Փաստորեն նույն շրջանում ընտրական գործընթաց սկսելով փորձում է ուղղակի, այսպես ասած, տեղավորվել մի կոնտեքստում, երբ Հայաստանի նկատմամբ որևէ քննադատություն չի հնչի, որովհետև Հայաստանի Ազգային ժողովում կեղծելու բան էլ չկա։ Ու հիմա Ալիևը փորձում է սուլթանական իրենց ընտրությունները նույնպես տեղավորել նույն կոնտեքստում և պահանջել նույնպիսի վերաբերմունք։

– Իսկ հնարավո՞ր է, հաշվի առնելով Ադրբեջանում ներքին անկայունությունը, այնտեղ հեղաշրջման փորձ կատարվի, թե՞ Ալիևն իր աթոռին ամուր է կառչած։

– Անկեղծ ասած, նման երկրները երբեք 100-տոկոսանոց կայունություն չեն ունենում, բայց Ալիևն այնպիսի լուրջ հաշվեհարդար է տեսել իր բոլոր մրցակիցների հետ, որոնք կամ բանտում են, կամ մարգինալացված։ Բոլորի խողովակները փակված են՝ և՛ ֆինանսական, և՛ քարոզչական, և՛ մնացած բոլոր առումներով, որ չեմ կարծում, թե Ալիևը նման մտավախություններ ունի ներքին ճակատում։

– Փաստորեն, Ալիևն այս քայլով հետաքրքիր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում՝ Հայաստանում վարչապետի ընտրություններ են, Ադրբեջանում՝ նախագահի։ Իսկ որքանո՞վ սա կարող է նպաստել սահմանին լարվածության աճին, թե՞ կունենանք հանգիստ իրավիճակ։

– Ճիշտն ասած, նկատի ունենալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվությունը, այդպես մեծ անախորժություններ չեմ սպասում։ Իրավիճակը, կարծում եմ՝ հանգիստ կլինի։

– Մինսկի խումբը պարբերաբար այցելում է տարածաշրջան, նաև տեսնում ենք որոշակի ակտիվություն հակամարտության կարգավորման գործընթացում։ Մակրոնը խոսեց համարձակ լուծումներից ու փոխզիջումներից։ Կա՞ շահագրգռություն, որ խնդիրն արագ կարգավորվի։

– Կարծում եմ՝ կա շահագրգռություն և կա իրատեսություն, այսինքն՝ մեծ սպասելիքներ չունենալ, բայց զբաղվել հակամարտության կառավարմամբ, ամրապնդել Մինսկի խմբի դիրքերը հակամարտության կարգավորման կառավարման գործում, որը թուլացել է Ադրբեջանի և Ռուսաստանի սինխրոն գործողությունների արդյունքում՝ իհարկե, տարբեր շահագրգռությունների հենքի վրա։ Եվ նաև երրորդ նպատակը, թերևս, այն է, որ քանի որ Ադրբեջանը հանուն իր ընտրությունների գնաց համաձայնության, թեկուզ խորհրդանշական, բայց համաձայնելով Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը։ Այս կտրվածքով, կարծում եմ՝ Ադրբեջանն իր ընտրությունները հիմա է անցկացնում, հաշվարկելով, որ Վիեննայի պայմանավորվածություններին համաձայնելու իր ջանքերը Արևմուտքը բարձր կգնահատի, առատաձեռն կլինի և կճանաչի, այսպես ասած, իշխանության փոխանցումն իր կնոջը։

– Ամեն դեպքում, կա կարծիք, որ Կասպշիկի թիմի ընդլայնումն էլ, մեծ հաշվով, մեզ բան չի տա՝ հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումը, որը նաև կարող է վերջին պահին հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից։

– Այո՛, հենց դրա համար էլ Մինսկի խումբն շտապում է, քանի դեռ Ադրբեջանը հետքայլ չի արել։ Դրա համար փորձում են կյանքի կոչել համաձայնությունները և անցնել հաջորդ քայլին։

Մանե Հարությունյան

MediaLab.am