Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ Factor.am

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Factor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետը կալանավորվել էր նոյեմբերի 1-ին. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: 

Ըստ քրեական գործով մեղադրանքի՝ Սարգիս Ղարաքեշիշյանը 2004-2012 թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: 

Այնուհետև, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից, ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին:

Հիշեցնենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանը Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնին է եղել 2005 թվականից: Նա համայնքը ղեկավարել է 13 տարի: