Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
Ապրիլի 22-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանները կրկին բռնություն են կիրառել ու խոչընդոտել ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը։ Այս անգամ թիրախ են դարձել «1in.am» լրատվական կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը, որոնք լուսաբանում էին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության երթը դեպի նախագահական նստավայր։
Հարձակման հետեւանքով վնասվել են «1in.am»-ի նկարահանող տեսախցիկը, ուղիղ եթեր ապահովող սարքը, ինչպես նաեւ խմբագրությանը պատկանող հեռախոսը: Իսկ օպերատորներին բիրտ ուժի գործադրմամբ նստեցրել են ոստիկանական մեքենա՝ սահմանափակելով տեղաշարժը եւ խոչընդոտելով նրանց գործունեությունը։ Այս ամենից «1in.am»-ի աշխատակիցներին չի պաշտպանել նույնիսկ ներկայանալն ու խմբագրության վկայական ցույց տալը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ պահանջեցին վերոհիշյալ դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ոստիկանությունն իր ձեռագիրը չի փոխում։ Ոստիկանապետը նախ հակադարձեց. «Դուք դեղնում եք, գունաթափվում եք…», ապա «1in.am»-ի թղթակից Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, արձագանքեց բարձրաստիճան պաշտոնյային անհարիր խոսքերով. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում…»:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր վրդովմունքը վերոհիշյալ դեպքերի առնչությամբ, պահանջում ենք.
-ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից՝ միջոցներ ձեռնարկել «1in.am»-ին պատճառված վնասը փոխհատուցելու համար, հրապարակային ներողություն խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից եւ այսուհետ թույլ չտալ վիրավորական արտահայտություններ լրագրողների հասցեին,
-ՀՀ դատախազությունից՝ ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատասխանատվության ենթարկել վերոհիշյալ իրադարձությունների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ