Արմեն Փամբուխչյան. սխրանքի «մեռածը»

Մհեր Արշակյան

Երեկ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով փրկարարական աշխատանքները գլխավորելիս ծխահարվել էր նաև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Ծխահարվելուց հետո Ֆեյսբուքի իր էջում մարդը գրել էր. «Ինքնազգացողությունս բավականին լավ է, ստացել եմ անհրաժեշտ բուժօգնություն, քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում»: Ծխահարվել էր, որովհետև «վառոդի տակառ» էր մտել առօրյա հագուկապով:

Եվ ընդհանրապես, չէի ասի, թե մենք պատրաստ էինք այս աղետին: ԱԻՆ աշխատողների մի մասն ընդհանրապես երեկ «վառոդի տակառ» էր մտել առանց համապատասխան հագուկապի, մի մասն էլ հագուկապով էր, բայց առանց դիմակի:

Երբ դիմակով չես, փրկարարությունն իրականացնում ես այնպես, որ հանկարծ չխեղդվես: Ու անպատրաստության ակունքները հանկարծակի պայթյունի մեջ չեն: 

Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արդեն «Սուրմալու» տոնավաճառում հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ էր հայտնաբերել ու տվել էր կարգադրագրեր՝ վերացնել:

Չեն վերացրել: Հսկող չի եղել: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն առողջ տղամարդ է, ու նրա մարմինը նախատեսված չէ, որ առանց տեխնիկական անվտանգության չափանիշների պահպանման գնա ու խցկվի հրդեհի մեջ: Բայց մարդը խցկվել է, ծխահարվել է ու հիմա,- թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ,- լավ է: 

No description available.
Լուսանկարը՝ Tert.am-ի

Ոմանք գնահատում են նախարարի անձնազոհությունը: Այսինքն՝ եթե անվտանգության համապատասխան հագուկապով ես գնում կրակի բերան, անձնազոհ չես, գործ ես անում: Իսկ եթե առանց հագուկապի ես՝ անձնազոհ ես:

ԱԻՆ աշխատակիցներից մեկն էլ շապիկն էր քթին կապել ու ջրաշիթով կրակ էր հանգցնում: Հարյուրավոր կամավորներ առանց հագուկապի են եղել, նրանք են անձնազոհ, որովհետև կրակի մեջ են մտել առաջին մղումով, անձնազոհ են բոլորը, որոնք այնտեղ են եղել:

Գուցե նախարարը որոշել է մոտ լինել աղետի սկզբնաղբյուրին՝ թերագնահատելով աղետի բնույթը: Բայց հետո ո՞նց կարող ես քո անձնական էջով պատմել այդ թերացման մասին: Սա քիչ չէ, քո կուսակցությունն է իր էջում կիսվում նույն գրառումով: Որովհետև ծխահարվելուն նայել եք որպես սխրանք: 

Իրականում սա գրելու բան չէ, բայց «Սուրմալուի» երեկվա աղետը ցույց տվեց, որ մեր դիմադրողականության հետ մի բան էն չի: ՔՊ-ն ասում է, թե վաղուց էինք ուզում արգելել հրավառությունները, ինչպես նաև ճայթուկների վաճառքը, քովիդը խանգարեց:

Բայց քովիդն ահագին բանի չի խանգարել, օրինակ՝ ընդունել «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, համայնքների միավորման նախագիծը, ընդունեց նաև տոտալիզատորների գովազդը սահմանափակելու նախագիծը, քովիդը չխանգարեց ՔՊ պատգամավորներին բազմաթիվ գործուղումների գնալ վերջին երկու տարում: 

Իրականում ժամանակն է Երևան քաղաքին նայել որպես կիսաանապատային գոտու, որտեղ ամռանն օդի ջերմաստիճանը կարող է հասնել 43-ի: Իսկ սա աղետի բուն է: Սա նշանակում է, որ նախ պետք է ուժեղացվեն առևտրի խոշոր կենտրոնների, հատկապես տոնավաճառների հակահրդեհային կանոնները:

Ով չգիտի, որ մեր տոնավաճառները սովորական արևելյան շուկա են, որտեղ անընդհատ մարդկանց խցանումներ են, ու ցանկացած խուճապ կարող է թանկ նստել այդ շուկաների այցելուների վրա:

Երեկ նախարարը հրդեհի վայր է գնացել այն հագուկապով, որով շուկա կգնար: Բայց ի տարբերություն շուկայի հաճախորդի, իր ծխահարվելը ներկայացրել էր որպես սխրանք: Իսկ զոհերն ավելանում են: 

Մհեր Արշակյան

MediaLab.am