«Իրան տարել էին Մատաղիսը հետ վերցնելու պայմանով…»․ Զեմֆիրան ասում է՝ որդու զոհվելուց հետո էլ անընդհատ սպասման մեջ է, «որ պիտի գա»

45-ամյա Զեմֆիրա Բարսեղյանը ամբողջ օրը որդու ներկայությունն է զգում, ասում է՝ որդին միշտ իր հետ է, թեպետ ֆիզիկապես բացակայում է։ «Ես անընդհատ ինչ անում եմ, գիտեմ՝ ինքն ինչ պիտի աներ, ինչ հայացք ընդուներ, ինչ ձև մեզ նայեր։ Մենք շատ կապված էինք, ինքն իմ ընկերն էր, իմ ախպերն էր»,- հուզմունքով պատմում է մայրը, որը պատերազմում կորցրել է 19-ամյա միակ որդուն։

Սենիկ Մովսիսյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մատաղիսում, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ 

Մայրը պատմում է, որ որդին մեկ անգամ փրկվել է Մատաղիսից հետնահանջի ժամանակ, սակայն երկրորդ անգամ Մատաղիս գնալիս ԱԹՍ-ն հարվածել է, և որդին զոհվել է։

«Հոկտեմբերի 6-ին ենք վերջին անգամ խոսել, բայց մեզ չէր ասել, որ տեղափոխում են։ Իրան տարել էին Մատաղիսը հետ վերցնելու պայմանով։ Դեպքը եղել ա հոկտեմբերի 8-ին»,- արցունքների միջից ասում է մայրը։

Նույն օրն էլ Մովսիսյանները տեղեկացել են ողբերգական դեպքի մասին։ Մայրն ասում է՝ այնպես ակնթարթորեն ամեն ինչ տեղի ունեցավ, որ չէր էլ կարողանում հավատալ, որ այդ ամենն իրենց հետ է կատարվում։ «Շոկի մեջ էինք»,- ասում է մայրն ու նշում, որ որդու մարմինն ինքը չի տեսել ու սրտի խորքում չի հավատում, որ որդին զոհվել է։

«Անընդհատ սպասման մեջ եմ, որ պիտի գա»,- ասում է մայրը։

Որդու մասին պատմելիս Զեմֆիրան ասում է, որ շատ բարի էր, ընկերասեր։ «Ինքը էնքան բարի էր, որ փոքր ժամանակ բռնցքամարտի էինք տվել, ինքը էնքան խղճով էր, որ չէր կարա ինչ-որ մեկին վնաս տար, խփեր, մրցումների մեջ էլ ինքը ոչ մեկին չէր խփի։ Մենք իրանից ոչ մի անգամ մի վատ բառ չենք լսել, հերը, օրինակ՝ կարար ջղայնանար, ինքը խելոք կլսեր, չէր պատասխանի»։

Զեմֆիրան ասում է՝ տան անդամների սիրելին էր Սենիկը։ Քրոջ հետ ևս շատ կապված էր։

«Երևանում ուսանող էր աղջիկս, ամեն շաբաթ-կիրակի գալիս էր իրա ախպոր համար, ասում էր՝ ես իրա համար եմ գալիս, չիմանաք՝ ձեր համար եմ գալիս։ Քույրը երեխա ունեցավ, քրոջ երեխուն տենց էլ չտեսավ»։

Մայրն ասում է՝ որդու բարությունն ու ընկերասիրությունն էլ պատճառ են դարձել, որ մարտի դաշտում առաջ գնա՝ չմտածելով իր կյանքի մասին։ «Իրանք որ պախկված են եղել, նորակոչիկներ են եղել մեր մոտից, ասել են՝ Սե՛ն, դու կարաս չգնաս, ասել ա՝ ոնց թե կարամ չգնամ, բա իմ ընկերնե՞րը»։

Մայրը պատմում է, որ դպրոցում Սենիկը լավ է սովորել, ուսուցիչները բոլորը սիրել են նրան։ Մինչև բանակ գնալը սովորել է Վարդենիսի մանկավարժական քոլեջում՝ բանկային գործ բաժնում։ Սակայն հետագայում որոշել է փոխել մասնագիտությունը և ատամնաբույժ դառնալ։

«Ինքը շատ լավ կենսաբանություն գիտեր, ուսուցիչը միշտ ասում էր՝ լավ բժիշկ կդառնա: Սկզբում Սենը չէր ուզում, հետո որ ընկերուհուն հանդիպեց, ընկերուհին բժշկական էր ուզում տար, էդպես ինքն էլ մտքափոխվեց։ Ընդունվեց Երևանի բժշկական համալսարան, սակայն իր ուզած բաժինը չէր, փոխեց գործերը «Հայբուսակ», որ հենց ատամնաբույժի մասնագիտություն ստանա,- ասում է մայրը ու հուզմունքով նշում,- ամեն ինչ կիսատ մնաց»։

Սենիկ Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am