Թոքային ժանտախտը հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը կարող է շատ արագ զարգանալ, ծանր ընթացք ունենալ և առանց ժամանակին բուժման՝ մահվան հանգեցնել։ Այն կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն, իսկ վարակիչ հիվանդությունների դեպքում ուշացած արձագանքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը։
Իրկուտսկում թոքային ժանտախտի հնարավոր դեպքի մասին տեղեկությունների ֆոնին մասնագետը հատկապես կարևորում է հնարավոր կոնտակտավորների արագ հայտնաբերումը, մեկուսացումն ու վերահսկողությունը։ Եթե կոնտակտավորները դուրս մնան հսկողությունից, կարող է առաջանալ վարակի հետագա տարածման վտանգ։
Վերջին օրերին Իրկուտսկում թոքային ժանտախտի հնարավոր դեպքի մասին տեղեկությունները միջազգային արձագանք են ստացել։ Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ հետևում է Իրկուտսկի մարզում կասկածելի դեպքի, մահվան և դրա հետ կապված կարանտինային միջոցառումների մասին հաղորդումներին։
Միաժամանակ Ռուսաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են, որ Իրկուտսկում ժանտախտի հաստատված դեպքեր չեն գրանցվել։
Հոկտեմբերի 7-ին իրավիճակին անդրադարձել է նաև Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման»,- հայտարարել է Ավանեսյանը։
Մերի Տեր-Ստեփանյանը բացատրում է, որ ժանտախտը զոոնոզ (կենդանիներից մարդուն փոխանցվող) հիվանդություն է և դասվում է հատուկ վտանգավոր վարակների շարքին։
«Ժանտախտը զոոնոզ հիվանդություն է՝ հատուկ վտանգավոր, այսինքն՝ մարդուն հիմնականում փոխանցվում է կրծողներից, դասական փոխանցման մեխանիզմը՝ լվի խայթոցի միջոցով։ Այս պարագայում զարգանում է ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևը՝ բուբոնային ժանտախտը։
Ավշահանգույցները մեծանում են, ցավոտ են լինում, արտահայտված կարմրություն ունենում, ու եթե այս տեսակը բարդանում է՝ կարող է զարգանալ սեպտիկ կամ թոքային ձևը։ Թոքային այս ձևը կա՛մ բուբոնային ժանտախտի բարդություն է, կա՛մ կարող է տեղի ունենալ հենց օդակաթիլային եղանակով, երբ անմիջապես ներշնչվում է հարուցիչը»,- ասում է համաճարակաբանը։
Ըստ նրա՝ թոքային ձևը կարող է շատ արագ բարդանալ։
«Հիվանդությունը ծայրահեղ ծանր կլինիկական ընթացք ունի ու բավականին բարձր մահացություն, եթե հենց անմիջապես հարուցիչի հետ շփումից հետո հակաբիոտիկների ընդունում չի արձանագրվում։ Այն շատ արագ զարգանում է, ու ժանտախտի մասին ասում են «սև մահ», որովհետև սկսվում են արյունահոսություններ, հյուսվածքների մեռուկացում, ընդհանուր ինտոքսիկացիա և, ի վերջո, կարող է բերել մահվան։ Բայց չպետք է որևէ մեկին վախեցնել, որովհետև, իմ կարծիքով, բանը չի հասնի նրան, որ մենք տագնապելու առիթ ունենանք»,- ասում է Տեր-Ստեփանյանը։
Մասնագետի խոսքով՝ կարևոր է ոչ միայն հիվանդությունն արագ ախտորոշելը, այլև ժամանակին պարզելը, որ մարդը շփում է ունեցել հարուցիչի հետ։
«Ժամանակին ախտորոշումն էլ, իհարկե, նշանակություն ունի, բայց այստեղ շատ կարևոր է հարուցիչի հետ կոնտակտի փաստի արձանագրումը մինչև կլինիկական դրսևորումը՝ քսանչորս ժամվա ընթացքում հակաբիոտիկների ընդունումը, որն էականորեն նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը ու, բնականաբար, ծանր ընթացքի հավանականությունը ևս»,- նշում է նա։
Ժանտախտի ախտորոշման «ոսկե ստանդարտը» լաբորատոր հետազոտություններն են։ Նմուշառումը կատարվում է՝ կախված հիվանդության ձևից՝ հետազոտվում է արյունը, մեծացած ավշահանգույցից վերցված նյութը, խորխը կամ ըմպանից վերցված քսուքը։
Թոքային ժանտախտի դեպքում հնարավոր է նաև մարդուց մարդ փոխանցում։
«Երբ զարգանում է որպես բարդություն, դա կոչվում է երկրորդային թոքային ժանտախտ, որից արդեն կարող է օդակաթիլային ճանապարհով փոխանցվել մարդուն ու առաջնային թոքային ժանտախտ զարգացնել, որը, այո՛, բավականին ծանր է, ու մահացությունը շատ բարձր է»,- ասում է Տեր-Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ մեկ դեպքն ինքնին դեռ չի նշանակում, որ հիվանդությունը հանրային առողջապահական լայնածավալ վտանգի է վերածվելու։
«Համաճարակաբանական վտանգ կարող է լինել, եթե կոնտակտավորը հսկողությունից դուրս մնա։ Եթե նրանք հսկողության տակ են, ու ճիշտ մեկուսացման աշխատանքներ են իրականացվել, ապա հանրության համար ռիսկը կարելի է պրակտիկորեն ցածր գնահատել։ Եթե բոլոր կոնտակտավորները վերահսկողության տակ են, ապա վարակի փոխանցման ռիսկը հանրության համար նվազագույնի է հասնում»,- ասում է նա։
Տեր-Ստեփանյանի խոսքով՝ հատուկ վտանգավոր վարակների նկատմամբ զգոնությունը միշտ պետք է բարձր պահել։
«Պետք է մշտական պատրաստվածություն ունենալ, որպեսզի կարողանալ արագ արձագանքել, որովհետև վարակիչ հիվանդությունների պարագայում հապաղելը կարող է արդեն բավական լուրջ հետևանքներ ունենալ։ Պատրաստվածությունն ու արագ արձագանքն առաջնային են ցանկացած պարագայում՝ լինի ժանտախտի դեպք, Էբոլայի դեպք կամ խոլերայի դեպք»,- ասում է նա։
Ժանտախտը վերացված հիվանդություն չէ․ հարուցիչը շարունակում է շրջանառվել կենդանիների շրջանում, իսկ աշխարհի տարբեր հատվածներում կան բնական օջախներ։
«Հենց Ռուսաստանի հարևան Մոնղոլիան համարվում է բավականին բնական օջախ արձանագրող երկիր։ Ռուսաստանում կան բնական օջախներ, Հյուսիսային Ամերիկայի տարբեր հատվածներում կան բնական օջախներ։ Այս վարակը չի համարվում վերացված, այն շրջանառվում է կենդանիների շրջանում, ուղղակի ակտիվ համաճարակաբանական վերահսկողության արդյունքում կենդանուց մարդ փոխանցումը բավականին հազվադեպ ու սպորադիկ դեպքեր է կրում»,- ասում է Տեր-Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ աշխարհն այսօր ժանտախտի դեմ պայքարի անհրաժեշտ գործիքակազմ ունի։
«Աշխարհը ժանտախտի դեմ պայքարում բավականին մեծ փորձ ունի։ Հարուցիչը հայտնի է, ու մենք այսօր ունենք հակաբիոտիկներ, որոնք ազդում են ժանտախտի հարուցիչի վրա՝ ի տարբերություն 13-14-րդ դարերի, երբ ժանտախտի այդ սպեցիֆիկ բուժումը չի եղել։ Այսօր այն մասնագետների տիրույթում է»,- ասում է Մերի Տեր-Ստեփանյանը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















