Սևանա լճի հետ կապված խնդիրները քննարկվել են Գեղարքունիքի մարզպետի հետ. որոշվել է ծառատունկ իրականացնել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ընդունել է «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդականին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետին։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Գեղարքունիքի մարզում առկա մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք հնարավոր է կարգավորել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով: 

Խոսվեց Գեղարքունիքի մարզի համայնքներով անցնող և Սևանա լիճ թափվող գետերի աղտոտվածության ներկայիս վիճակի մասին և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համատեղ ուժերով բնակչության շրջանում իրականացնել բացատրական աշխատանքներ՝ գետերը աղտոտվածությունից հնարավորինս զերծ պահելու համար: 

Քննարկման ընթացքում խոսք եղավ համայնքների վարչական տարածքներից հողի բերրի շերտի դուրսբերման և այլ օգտակար հանածոների անօրինական շահագործման մասին: Նպատակահարմար համարվեց համատեղ ուժերով վերահսկողություն իրականացնել հանքերի օրինական շահագործման և հողատարածքների բերրի շերտերի պահպանության և օգտագործման ուղղությամբ: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր աղբավայրերի շահագործմանը:

Այս թեմայի շրջանակներում առաջարկվեց առաջիկա ամիսների ընթացքում անցկացնել մազային շաբաթօրյակներ, հետևողական լինել, որպեսզի համայնքները պարբերաբար իրականացնեն աղբահանություն և աղբավայրերը շահագործեն օրենքով սահմանված կարգով: 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շաբաթօրյակների ընթացքում ծառատունկեր իրականացնելու մասին: Խոսվեց նաև Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը: